Կարծիք

10.10.2016 11:36


Իշխանափոխության մեխանիկան

Իշխանափոխության մեխանիկան

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում ու Վանաձորում տեղի ունեցած ընտրությունները թույլ են տալիս մեզ պատկերացում կազմել, թե ինչպես են ընթանալու գալիք խորհրդարանական ընտրությունները: Սա Հայաստանի ազգային շահերով մտահոգված մարդկանց, կազմակերպութունների համար հնարավորություն է՝ ճանապարհային քարտեզ մշակելու և երկրում իրավիճակ փոխելու համար:

Իսկ ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակության ճնշող մեծամասնությունը՝ 60 տոկոսից ավելին, դեմ է իշխող ուժին՝ Հանրապետական կուսակցությանը: Սա այն ռեսուրսն է, որից ընդդիմությունը պետք է կարողանա օգտվել: Իշխանությունը՝ իր վարչական լծակներով, ունի բավականին կայուն, հաստատուն, բայց, միևնույն ժամանակ, սահմանափակ «ընտրազանգված»: Դա այն մարդիկ են, որոնք նույնիսկ դեմ լինելով իշխանություններին՝ քվեարկում են ՀՀԿ-ի օգտին՝ պարտադրանքով կամ գումարով:

Ընտրությունները տեղի ունեցան համեմատաբար ցածր մասնակցության պայմաններում: Սա նշանակում է, որ ընդդիմությունը պետք է կարողանա մեծացնել հասարակության վստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ: «Անտարբերները», այն մարդիկ, ովքեր այսօր մտածում են, որ ընտրությունների միջոցով ոչինչ չի փոխվի, այն պոտենցիալ ռեսուրսն են, որի ճիշտ օգտագործումը թույլ կտա հասնել փոփոխությունների: Իշխանությունները չեն կարող ահաբեկել այդ մարդկանց կամ գնել նրանց ձայները, թե չէ ընտրությունների արդյունքը բոլորովին այլ կլիներ: Սա նշանակում է, որ ընտրություններին ընտրողների մասնակցության աճը կբերի իշխանության ձայների տոկոսային նվազման:

Սա իրականացնելու համար ընդդիմությունը պետք է միավորվի: Այլ ճանապարհ չկա: Ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ միայնակ չի կարող հաջողության հասնել ընտրություններում, քանզի մարդիկ քվեարկում են ոչ թե որևէ կոնկրետ քաղաքական ուժի օգտին, այլ ընդդեմ ՀՀԿ-ի: Սա այն իրողությունն է, որի հետ պետք է հաշվի նստել: Այդ բողոքավոր զանգվածի ձայները փոշիանում են: Ընդդիմադիր միասնական ճակատը կարող է լուծել այդ խնդիրը:

Մյուս խնդիրը վերահսկողությունն է բուն ընտրական գործընթացի նկատմամբ: Ընտրություններից առաջ պետք է նախապատրաստել բավականաչափ դիտորդներ, որոնք ի վիճակի կլինեն թույլ չտալ կրկնաքվեարկությունը, «կարուսելները» և ընտրական հանձնաժողովների կողմից արձանագրությունների կեղծումը: Բայց դա էլ բավական չէ:

Ընտրական օրենսգրքով օրինականացված խարդախությունը՝ բոնուսային համակարգը, այն ռեզերվն է, որը ՀՀԿ-ն կիրառելու է իշխանությունը պահելու համար: Սերժ Սարգսյանն ինչքան ուզի՝ Տիգրան Մուկուչյանն այդքան էլ կնկարի: Սրա դեմն առնելու համար ընդդիմությունը հասարակության հետ պետք է պատրաստ լինի պահելու իր ձայները՝ փողոցում պաշտպանելու ընտրությունների իրական արդյունքը:

Մեր երկիրը հասել է օրհասական այն վիճակին, երբ կա՛մ մենք, կա՛մ ՀՀԿ-ն: Ցանկացած ճանապարհով մենք պետք է պատրաստ լինենք թույլ չտալ ՀՀԿ-ի վերարտադրությունը: Հանրապետականների հաջողության գրավականներից մեկն էլ այն է, որ իրենք պատրաստ են գնալ արյունահեղության՝ իշխանությունը պահելու համար, և թող ոչ ոք չկասկածի, որ նրանք ոչնչի առաջ կանգ չեն առնի: Արյունահեղությունը կանխելու միակ միջոցը ցանկացած ճանապարհով իշխանություններին դիմադրելու պատրաստ հասարակությունն է: Նրանք կանգ կառնեն միայն, երբ փողոցում տեսնեն իրական ուժ, որն իրական սպառնալիք կներկայացնի իրենց ֆիզիկական գոյությանը: Ընդդիմության գործն էլ պետք է լինի այդ զանգվածին վերահսկելը, իշխանություններին անվտանգության երաշխիք ապահովելը, նրանց համար անվտանգության միջանցք ստեղծելը, որով նրանք կհեռանան:

Սա բարդ է իրականացնել. դրա համար շատ մեծ ռեսուրսներ ու քաղաքական կամք է անհրաժեշտ, բայց այլ ճանապարհ չկա:

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը