Մեկնաբանություն

09.10.2016 14:35


33 > 67, կամ մանդատագողություն Գյումրիում (տեսանյութ)

33 > 67, կամ մանդատագողություն Գյումրիում (տեսանյութ)

Գյումրեցիները հոկտեմբերի 2-ին, մեծ հաշվով, դեմ քվեարկեցին Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ին:

Որքան էլ, որ իշխող ուժը փորձել էր թաքնվել դաշինքի հետևում, միևնույն է ականջները թաքցնել չհաջողվեց, և Գյումրին կրկին «ոչ» ասաց այս իշխանությանը:

Գյումրին «ոչ» ասաց, բայց ընտրական օրենսգրքի խուճուճ ձևակերպումները, ԿԸՀ-ն ու Գյումրիում գործող թիվ 34 ԸԸՀ-ն «այո» ասացին ՀՀԿ-ն ներկայացնող «Բալասանյան» դաշինքին՝ վերջինիս 17 մանդատ շնորհելով: Մինչև այդ՝ ԲՀԿ-ն ստացել էր ավագանու 9 մանդատ, «Հայկական վերածնունդը»՝ 5, ԳԱԼԱ-ն՝ 4:

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, ԿԸՀ-ի ու Բ26-ի ուղղակի և քողարկված թելադրանքով, որոշեց մեկական մանդատ վերցնել ԲՀԿ-ից ու «Հայկական վերածնունդ» կուսակցությունից և տվեց «Բալասանյան» դաշինքին՝ այդպիսով վերասրբագրելով ու վերախմբագրելով հոկտեմբերի 2-ի՝ առանց այդ էլ կեղծիքներով տեղի ունեցած ընտրության վերջնական արդյունքները: Թիվ 34-ի հանձնաժողովի յոթ անդամից վեցը (ներառյալ հանձնաժողովի նախագահ Բաղրամյանը) «կողմ» քվեարկեց «Բալասանյան» դաշինքին 17 ավագանու մանդատ տալուն, իսկ մեկը՝ «ձեռնպահ»:

Թե ինչքան հավելյալ գումար «կնստի» այդ երկու մանդատը Ս. Բալասանյանի վրա՝ արդեն էական չէ: Էականն այն է, որ ընտրության արդյունքները կաբինետային որոշմամբ «կարվեցին» մեկ ուժի վրայով, որպեսզի քաղաքային իշխանության փոփոխություն տեղի չունենա:

Հիմա ստացվում է, որ «կարուսելի» ու այլ տեխնոլոգիաների օգնությամբ շուրջ 33 տոկոս (պաշտոնական տվյալներով) հավաքած ուժը ստանում է ավելի շատ մանդատ և տնօրինում քաղաքապետարանը: Այսինքն ըստ ԿԸՀ-ի՝ 33-ը ավելի մեծ տոկոս է, քան 67-ը և 33 տոկոս ստացած ուժը պետք է ունենա ավելի շատ մանդատ, քան մյուսները: Ահա այսպիսի բաներ:

Ահա այսպիսի «բարդակ» օրենսգրքի են կողմ քվեարկել խորհրդարանում, ահա այսպիսի ԿԸՀ վերընտրվեց նույն խորհրդարանի կողմից և ահա այսպես է Սերժ Սարգսյանը քաոսի վերածել երկիրը՝ իշխանագողությանը տալով «օրինական» տեսք:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը