Մեկնաբանություն

09.10.2016 00:15


Միայն «Տարոն-2798» մակագրությամբ ձևավորված տորթն է պակասում

Միայն «Տարոն-2798» մակագրությամբ ձևավորված տորթն է պակասում

Ամեն տարի, երբ Երևանը տոնում է իր հիմնադրման հերթական տարեդարձը, ինձ թվում է՝ Տարոն Մարգարյանի ծնունդն է: Միայն «Տարոն-2798» մակագրությամբ ձևավորված տորթն է պակասում և, իհարկե, մոմերը:

Պարզ է, որ ծրագրված տոնական միջոցառումների կիզակետում քաղաքապետը պետք է լինի, սակայն Տարոն Մարգարյանը այն վերածում է ինքնափառաբանման ակցիայի՝ կատարած աշխատանքների տարեկան «ստուգատեսի» մոտիվներով: Ջրցանների շքերթի, թմբուկների «տոնական» աղմուկի կամ ժողարվեստի ցուցադրության դարն ապրած հրապարակային «բեմականացումների» տակ հեշտությամբ «լղոզվում» է մայրաքաղաքի անարդյունավետ կառավարման պատկերը: Նույն կոնդեցիները մինչև երեկ պարբերաբար Սերժ Սարգսյանի ամառանոցի դռան մոտ էին հերթապահում, փորձելով նրանից պարզել, թե, ի վերջո, մինչև ե՞րբ են թափառական մնալու. 8 տարի «սրա-նրա քուչեքում վարձով են ապրում»՝ հույսով, որ մի օր իրենց բնահան արած ՀՀԿ ղեկավարն ու փոփոխվող կառավարությունները կլուծեն իրենց բնակարաններով ապահովելու խնդիրը: Չե՛ն լուծում:

Չեն լուծում նաեւ «Ֆիրդուսնոցի» հատվածում ապրող երևանցիներին տնավորելու խնդիրները: Ո՞նց լուծեն, երբ բոլոր ներդրողները փախել են երկրից: Երևանի սոցիալ-տնտեսական խնդիրները տարիներով մնում են և միայն «բուտաֆորային» տեսարաններով են խաբում բոլորիս:

Հիմա էլ ահա Փարիզի քաղաքապետին են բերել Երեւան ու, բարձրաստիճանավորներից ով տեսնում է այդ տիկնոջը, մի մեդալ է շնորհում նրան: Տիկինը շշկռվել է՝ ինչի՞ համար: Ինքն իր քաղաքում 2, 3 միլիոն (արվարձաններով՝ 12 միլիոն) բնակչության է սպասարկում, բայց ոչ ոքի մտքով չի անցնում ճակատը պաչել: Իսկ Երևանում չի հասցնում մի մեդալը գրպանում տեղավորել, հաջորդն են տալիս: Ի՞նչ իմանա Փարիզի քաղաքապետը, որ Հայաստանում միայն իրար մեդալ են բաժանում, իսկ գործ անող չկա: Մեկը չկար այդ տիկնոջը Երեւանից մի 60 կմ հեռու տաներ ու ցույց տար, թե ինչ վիճակում են հանրապետության երկրորդ, երրորդ, չորրորդ և մնացյալ քաղաքներն ու գյուղերը, որոնց մեծ մասում վերջերս «հաղթեցին» ՀՀԿ-ականները:

Էլի «հաղթեցին»՝ չլուծելով կուտակված խնդիրները, անգամ սահմանագոտում ապրողների համար ամենաանհրաժեշտ կենսապահովման խնդիրները չեն լուծում տարիներ շարունակ: Իսկ մայրաքաղաքում հավաքվել, «տոն» են անում: Ապրիլյան պատերազմում զոհված ավելի քան 100 երիտասարդների ընտանիքներն էլ «չանչ» են անում, անեծք են թափում իշխող ուժի վրա, թե ի՞նչ սրտով եք «պարադ ու փահլևան» սարքել, ո՞նց եք քեֆ ուրախություն անում: Խեղճերը ի՞նչ իմանան կամ ինչպե՞ս պատրեկացնեն, թե սահմանադրական բարեփոխումները ի՜նչ մասշտաբներով են փոխելու մեր իրականությունը: Դա միայն Սերժ Սարգսյանը կարող է պատկերացնել (ֆանտազիան ուժեղ է):

Կամ՝ մարդիկ որտեղի՞ց իմանան, թե ԱՄՆ մեկնող ՀՀԿ ղեկավարը որքա՜ն ներդրումներ է բերելու: Հերթական բլեֆին ոչ ոք ոչ հավատում է և, ոչ էլ ուզում է տեղյակ լինել: Մանավանդ, որ 8 տարի նման խոստումների մասին լսել են ձանձրանալու աստիճան և մեր կյանքում ոչինչ չի փոխվել: Համատարած «տոն» է մեր կյանքը: Դրանից էլ լավ բա՞ն:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը