Մեկնաբանություն

07.10.2016 00:05


Սերժ Սարգսյանի «սատարիչ» պահվածքը

Սերժ Սարգսյանի «սատարիչ» պահվածքը

«Մենք սահմանված ժամկետներում ավարտեցինք Հայաստանի Հանրապետության նոր կառավարության ձևավորման գործընթացը»: Կառավարության նիստում այսպես է սկսում իր ելույթը Սերժ Սարգսյանը, որի խոսքը, մեղմ ասած, տարակուսանք է հարուցում (նաև՝ քմծիծաղ): Զարմանալի է, որ լսողներն անտարբերության մատնեցին նրա ելույթի նախաբանը:

Մարդուն վերջապես հաջողվել է մի գործ ավարտին հասցնել սահմանված ժամկետներում: Գնահատե՛լ է պետք: Բրավո՛, Բի՛ս: Չէ՞ որ երկրում կուտակված բազում հիմնախնդիրների լուծման ուղղությամբ նա ոչինչ չի ձեռնարկել, հետևաբար, սահմանված ժամկետներում էլ չէր կարող ավարտել: Եվ ահա՛ վերջապես մի գործ սկսեց ու ճիշտ ժամանակին ավարտեց: Իսկապես, ծիծաղելի է:

Իսկ ընդհանրապես, ինչի՞ մասին էր խոսում ՀՀԿ ղեկավարը Կառավարության նիստի ժամանակ: Եվ որ ամենակարևորն է՝ ինչո՞ւ նախորդ կառավարությունների ձևավորման ավարտին նման ելույթներ չէր ունենում: Ես չեմ հիշում, որ, օրինակ, Հովիկ Աբրահամյանի գլխավորած Կառավարության նիստում Սերժ Սարգսյանը նման՝ «սատարիչ-քաջալերիչ» բովանդակությամբ ելույթ ունեցած լինի: Այն ժամանակ նա վարչապետ Աբրահամյանին միայն ասաց՝ հանկարծ նախորդին չքննադատես և վերջ: Այլ բան չի ասել: Իսկ հիմա «հայրաբար» շոյում է նոր Կառավարության ղեկավարի և անդամների գլուխները՝ վերջիններիս խոստանալով ամեն կերպ աջակցել: Միաժամանակ, խրատական ճառ է ասում նոր նախարարներին, թե՝ նեղանալ-բան չլինի: Պետք է ըմբռնումով մոտենալ այդ ամենին հանուն ...(այդ մասին շատ մշուշոտ արտահայտվեց): Հա՛, ոնց որ ասաց՝ հանուն արդյունավետ կառավարման:

Նոր նախարարներին մի երկու խրատ էլ տվեց, թե՝ տուն-տեղ մոռացեք, տնեցիներին էլ ասեք, որ ձեզ ըմբռնումով մոտենան: Սա էլ, երևի, մշակույթի նորանշանակ նախարար Ամիրյանի՝ կնոջն ուղղված խոսքի ազդեցության տակ ասաց: Կնոջն ու ընտանիքին կիսով չափ նվիրվելու Ամիրյանի որոշումը դուր է եկել Սերժ Սարգսյանին, որն էլ «պատգամեց» Կառավարության մնացյալ անդամներին:

Նոր Կառավարությանը ծրագրային որևէ հենք չառաջարկելով և, ընդհանրապես, թեկուզ աղոտ կերպով չմատնանշելով գործունեության առաջնահերթությունները՝ Սերժ Սարգսյանը վերջինիս անմիջապես «մեսիայի» դերակատարում վերապահեց՝ առաջնորդության կարգավիճակ շնորհելով: Հարց է առաջանում՝ եթե անցած տարիներին հատկապես նորանշանակները որևէ գործում նշանակալի քայլեր չեն արել, ապա նրանց ինչպե՞ս է հնարավոր դիտարկել որպես նոր Սահմանադրությունը կյանքի կոչող «բարեփոխիչներ» կամ համակարգային փոփոխությունների լոկոմոտիվ ու շարժիչ ուժ:

Ի դեպ, վերջին օրերին «շոգեքարշ» «լոկոմոտիվ» «շարժիչ ուժ» բառերն ու բառակապակցությունները իշխանության բառապաշարում ամենահաճախ օգտագործվողներն են: Վերջին անգամ 40-50 տարի առաջ էին լսել այս բառերը (համա, թե դեմոկրատ-բարեփոխիչներ են):

Ինչևէ, Սերժ Սարգսյանը ահագին «դուխ» տվեց նոր Կառավարությանը: Մնում է վերջինս «դուխաթափ» չլինի: Չասենք, էլի, ում պատճառով:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը