Կարծիք

05.10.2016 14:35


Շատ թանկ բաների մասին շատ դժվար է գրել

Շատ թանկ բաների մասին շատ դժվար է գրել

Շատ թանկ բաների մասին շատ դժվար է գրել. ես մեծացել եմ (մեծացե՞լ եմ) տանը, որտեղ երկու ուսուցիչ կար, որոնք նաև իմ ծնողներն էին, բայց առաջին հերթին՝ իմ մտերիմ ընկերները, գնացել եմ դպրոց, որտեղ ձեռք եմ բերել նոր ուսուցիչ-ընկերներ՝ ամենատարբեր տարիքի, որոնց ջերմությունը, լայնախոհությունը, վստահությունն իմ ուժերի հանդեպ, ներողամտությունն ու աշխարհին տարբեր կողմերից նայելու կարողությունն ինձ միշտ օգնելու էին (այն ժամանակ դա ես, իհարկե, դեռ լավ չէի հասկանում)։

Համալսարանում նույնպես գտա հատուկենտ ուսուցիչ-ընկերներ, որոնք այսօր նույնիսկ «Ֆեյսբուքում» են ինձ ընկեր, ու շատերի հանդեպ շնորհակալության զգացումն ինձ հանգիստ չի տալիս։

Հետո արդեն սկսեցի ամեն տեղ գտնել ուսուցիչների՝ անկախ նրանց՝ այդ պահի կարգավիճակից, որոնցից կաթիլ-կաթիլ, թել-թել, ավելի հաճախ՝ նրանց համար էլ աննկատ, քամում եմ կարևոր հմտություններ, մանրուքներ այս զարմանալի կյանքի մասին, որոնց միշտ այդ բոլոր թել-կաթիլների համար շնորհակալ եմ, ու գուցե ստացվում է երբևէ փոխհատուցել. դա ես արդեն չեմ իմանա։

Հիմա աղջիկներս են ուսուցիչ-ընկերներ գտնելու ճանապարհն անցնում, ու ինչքա՛ն սիրուն է էդ ճանապարհը. առաջին անգամ եմ կողքից նայում։ Երբ Սոնայի աչքերն իր ընկեր Աշխենի մասին խոսելիս սկսում են պսպղալ, դա, ախր, կեղծել անհնար է. ինչ ուրախություն է տեսնել, որ այդ ճանապարհն ինքն այդպես պայծառ է անցնում։

Երջանիկ մարդիկ եք, մեծ հաշվով։

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը