Կարծիք

04.10.2016 10:50


Ընդդիմությունը պետք է միավորվի ու թույլ չտա ՀՀԿ-ին իշխանություն ձևավորել

Ընդդիմությունը պետք է միավորվի ու թույլ չտա ՀՀԿ-ին իշխանություն ձևավորել

Ընտրությունները վերջացան, սակայն ընդդիմությունը Գյումրիում ու Վանաձորում դեռ հնարավորություն ունի իշխանություն փոխելու: Այս երկու քաղաքներում իշխանության ներկայացուցիչները շատ երերուն հաղթանակ են տարել, և նրանց հաջողությունը կախված է ընդդիմության ներսում եղած հակասություններից: Մեկ բան պարզ է՝ և՛ գյումրեցիները, և՛ վանաձորցիները չեն ուզում քաղաքի ղեկավարի պաշտոնում տեսնել իշխանության ներկայացուցչին: Նույնիսկ պաշտոնական տվյալներով, որոնք խիստ կասկածելի են, ՀՀԿ-ականները հավաքել են ընդամենը ձայների մեկ երրորդը: Ընտրողների 60 տոկոսից ավելին չի ցանկանում ՀՀԿ-ական քաղաքապետ ունենալ:

Ընդդիմադիր ուժերը պետք է գիտակցեն մեկ բան՝ այս իրավիճակում նրանց ձայներ են տալիս՝ ընդդեմ Հանրապետականի: Մեծ հաշվով, իրական ընդդիմության հռետորաբանությունը նույնն է, և հասարակությունը նրանց միջև տարբերություն չի դնում: Դրանից էլ օգտվում են իշխանությունները: Այս պահին ընդդիմադիր ուժերը պետք է մի կողմ դնեն անձնական ամբիցիաներն ու հակասությունները և միավորվեն՝ իրականացնելու հասարակության պահանջը՝ թույլ չտալ ՀՀԿ-ին իշխանություն ձևավորել. այսօր՝ Գյումրիում ու Վանաձորում, իսկ վաղը՝ ողջ հանրապետությունում:

Սրանով է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է ցույց տան, որ իսկապես կանգնած են հասարակության կողքին և ինչ-որ բան են ուզում փոխել երկրում, այլ ոչ թե պարզապես զբաղեցնել ՀՀԿ-ի տեղը և մի նոր պատուհաս դառնալ ժողովրդի գլխին:

Մեծ հաշվով, էական չէ՝ ով կլինի քաղաքապետ Գյումրիում: Կարևորը, որ նա իշխանության ներկայացուցիչ չլինի: Դա էլ ոչ թե նրա համար, որ ՀՀԿ-ականները բոլորը վատն են, այլ այն պատճառով, որ ժողովուրդն այլևս նրանց տեսնել չի ուզում: Հասարակությունը փոփոխություն է ակնկալում, ժողովրդին պետք է ցույց տալ, որ իրենք կարող են ինչ-որ բան փոխել երկրում: Սրանով է, որ ընդդիմությունը պետք է շահի հասարակության վստահությունը: Հետո արդեն՝ հաջորդ ընտրությունների ժամանակ, հնարավոր կլինի այդ՝ այս պահին ընդդիմադիր ուժերի մրցակցությունը: Բայց այս պահին ընդդիմությունն ու հասարակությունն ունեն մեկ հակառակորդ՝ ի դեմս ՀՀԿ-ի:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը