Կարծիք

30.09.2016 13:56


Հայաստանյան բուհերը տարբեր ոլորտներից թեստերի պատասխան իմացող են բաց թողնում

Հայաստանյան բուհերը տարբեր ոլորտներից թեստերի պատասխան իմացող են բաց թողնում

Որ ասում եմ՝ Աշոտյանը մի ամբողջ սերունդ փչացրեց, ընկերներս խնդում են, թե բա՝ «պունկտիկ» ունեմ Աշոտյանի վրա: Բայց դա ասում եմ ամենայն լրջությամբ:

Ուրեմն, այսօր ծանոթներիցս մեկի հետ եմ խոսում, չորրորդ կուրսի ուսանող է, այսօր քննություն ունի: Վախեցած հայտնում է ինձ դրա մասին ու ասում, որ այսօր առաջին անգամ (ևս մեկ անգամ եմ ասում՝ չորրորդ կուրսի ուսանող) բանավոր քննություն է հանձնելու: Փորձելով թաքցնել զարմանքս՝ հարցնում եմ, թե ինչ է՝ երբեք բանավոր դաս չի՞ պատասխանել (իմ արևին փորձում եմ հանգստացնել, էլի, թե բա՝ նույն բանն է): Եվ այդ չորրորդ կուրսի ուսանողն ինձ ասում է, որ ոչ, ինքը դպրոցից հետո բանավոր դաս չի պատասխանել:

Դուք պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ է նշանակում: Աշոտյանի թեթև ձեռքով մենք այսօր ունենք դիպլոմավոր թեստեր լրացնող երիտասարդների մի ամբողջ բանակ: Հայաստանյան բուհերը տարբեր ոլորտներից թեստերի պատասխան իմացող են բաց թողնում, ոչ ավելին: Այ սրա համար էի այդքան վատ վերաբերվում Աշոտյանին...մնացածով ինքը կլասիկ հանրապետական է: Բայց կրթական ոլորտին իր հասցրած վնասը վերականգնելու համար երկար տարիներ ու քրտնաջան աշխատանք է հարկավոր:

Բուհն ուսանողին պետք է մտածել սովորեցնի, մտածելու գործիքակազմ տրամադրի, մտքերը պարզ ու հասկանալի ձևակերպելու, շարադրելու և արտահայտելու ձևերին ծանոթացնի: Ուսանողը, ապագա մասնագետը պետք է կարողանա ընկալել ու հասկանալ իր ոլորտի, գիտության օրինաչափությունները: Նայում ես այսօրվա ուսանողներին, առանց չափազանցնելու, լացդ գալիս է:

Թող ինձ ներեն այսօրվա ուսանողները, բայց այն, ինչ նրանք ստանում են համալսարաններում, կարելի է տարբեր կերպ անվանել, բայց դա կրթություն չի:

Հ.Գ. Ինքս դասախոս ընկերներ ունեմ, որոնք իսկապես սրտացավ են իրենց ուսանողների համար և ամեն ինչ անում են, որ գոնե իրենց առարկաների սահմաններում ուսանողները կրթվեն: Համոզված եմ, այդպիսի նվիրյալներ էլի կան մեր համալսարաններում, բայց ինքը համակարգն արատավոր է, և նորանշանակ նախարարն այստեղ մեծ անելիք ունի:

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը