Մեկնաբանություն

30.09.2016 16:49


Մեր օրերի «Օրբելի եղբայրները»

Մեր օրերի «Օրբելի եղբայրները»

Օ՜, Մատենադարանի շենքի մուտքն ու ճակատը զարդարող Մեսրոպ Մաշտոցի, Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Ֆրիկի արձանները խոնարհվել են և սրտատրոփ սպասում են Ձեռագրատան նոր տնօրենի «հաղթական» մուտքին դեպի իր կաբինետ: Սարգսյան եղբայրները սպառնում են դառնալ «Օրբելի եղբայրներ»: Խոսակցությունները, թե Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանն է դառնալու Մատենադարանի տնօրեն, թեև զարմացրել է շատերին, սակայն կարելի է չկասկածել, որ եթե կրտսեր Սարգսյանն առաջադրի իր թեկնածությունը տնօրենի ընտրություններում, ապա կառավարման խորհուրդը ձայների մեծամասնությամբ «կողմ» կքվեարկի՝ «հաղթեցնելով» վերջինիս և նստեցնելով տնօրենի աթոռին:

Մեր գիտական մտավորականության ընդհանրական կերպարը ՀՀԿ-ական Արամ Սիմոնյանն է, որն էլ մայր բուհն է տնօրինում՝ շրջապատված ուսխորհրդի ՀՀԿ-ական բազեներով: Դե, սաքուլիկներն էլ պրոռեկտոր են: Այնպես որ, գիտական-ակադեմիական շրջանակներում Լևոն Սարգսյանի ընտրության դեմ հազիվ թե ծպտուն հանող լինի: Կրթության և գիտության նախարարության մասին չարժե խոսել, քանզի հնարավոր է՝ հե՛նց այս գերատեսչությունը առաջադրի ու պաշտպանի Սերժ Սարգսյանի եղբոր թեկնածությունը Մատենադարանի տնօրենի ընտրություններում: Եվ չի բացառվում, որ նա միակ թեկնածուն լինի:

Իսկ 2007-ին ինչպիսի՜ կրքեր էին եռում այս ընտրությունների ժամանակ: Մրցակիցներն ամիսներով մամուլում բանավիճում էին և իրենց ծրագրերն էին ներկայացնում: Քանզի այն ժամանակ քույր-եղբայր-խնամի-բարեկամ չկար, և զուտ գիտական վաստակով, անցած փորձով ու մասնագիտական և մարդկային արժանիքներով էին դատում: Այն է՝ ձգտում էին պահպանել այդ կարևորագույն կառույցը տնօրինելու համար սահմանված չափանիշները: Իսկ հիմա ժամանակներն այլ են. կարելի է աշխատանքային կարիերան սկսել արաբերենի զինվորական թարգմանչի հաստիքից (Ալժիրում և այլուր), անցնել դիվանագիտական կորպուսով (Մերձավոր Արևելքի երկրներում հյուպատոս, դեսպան) և գալ ու բազմել Մատենադարանի տնօրենի բազկաթոռին: Մանավանդ երբ եղբոր նախագահության շրջանում կարողացել է դառնալ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, նրա սիրելի վարչապետի՝ Տիգրան Սարգսյանի կողմից պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, իսկ եղբոր կողմից՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումն էլ՝ վրադիր): Այս ամենը բավարար է, որպեսզի Լևոն Սարգսյանին վստահվի 5-րդ դարից մինչև մեր օրերը Մատենադարարում ամբարված 18 հազար ձեռագրերն ու 300 հազար փաստաթղթերը տնօրինելու գործը: Պարզ է, որ տնօրենի աթոռին նստելուց մեկ տարի անց էլ ակադեմիկոս կդառնա:

Հետաքրքիր է՝ հայաշատ գաղթօջախներ ունեցող երկրներում հյուպատոս ու դեսպան աշխատելու երկար տարիների ընթացքում Լևոն Սարգսյանը գոնե մի ձեռագիր այդ կողմերում ձեռք բերել ու նվիրե՞լ է Մատենադարանին: Իհարկե, ոչ: Իսկ հետաքրքիր է «գիրս մնա հիշատակող» քանի՞ գիտական ուսումնասիրության հեղինակ է: Անհայտ է: Հիանալի է: Ուրեմն, կարող է նստել Մատենադարանի բարձունքում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը