Քաղաքական

29.09.2016 18:16


Ոստիկանության 46 աշխատակիցներին քարով հարվածելու գործն ուղարկվեց Կենտրոնի դատարան

Ոստիկանության 46 աշխատակիցներին քարով հարվածելու գործն ուղարկվեց Կենտրոնի  դատարան

Հուլիսի 20-ին ոստիկանության 46 աշխատակիցների տարբեր մարմնական վնասվածքներ պատճառած Սոսո Մարգարյանի, ինչպես նաեւ Արսեն Մկրտումյանի եւ Գագիկ Միքայելյանի գործն այսօր Էրեբունու դատարանից ընդհատության կարգով ուղարկվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը պատճառաբանեց, որ դեպքը տեղի է ունեցել Քրիստափորի եւ Խորենացի փողոցների խաչմերուկում, իսկ այդ տարածքը գտնվում է Կենտրոնում: Այս մասին գրում է «Ա1+»–ը։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը գործը վարույթ ընդունելը պարզաբանեց նրանով, որ լրանում էր ամբաստանյալների կալանքի տակ պահելու ժամկետը, եւ ստիպված է եղել դատաքննության նշանակել եւ հետո նոր միայն ուղարկել այլ դատարան:

«Դատավորի երկու որոշումներից մեկն ակնհայտ անօրինական է: Եթե նա իրավասու չէր գործը վարույթ ընդունել, նա իրավասու չէր նաեւ դատաքննություն նշանակել: Եթե դատաքննության է նշանակել, ուրեմն պետք է շարունակեր լսել»,- ասաց պաշտպան Արա Զաքարյանը:

Պաշտպանի խոսքերով՝ բազմաթիվ տուժողներ կան վկայակոչված դատակոչի ցուցակում, սակայն տուժող է համարվում այն անձը, ում պատճառվել է ֆիզիկական կամ բարոյական վնաս. «Երեք մեղադրյալներից եւ ոչ մեկին վերագրված չէ ոստիկանին վնասվածք պատճառելու հանգամանքը, հետեւաբար այն բոլոր ոստիկանները եւ այն անձինք, որոնց գույքին է վնաս պատճառված, տվյալ գործով չեն կարող տուժողի կարգավիճակ ունենալ»:

Սոսո Մարգարյանի հայրն էլ ավելացնում է՝ իրականում որդին է տուժել ոստիկանների գործողություններից, սակայն այսօր հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Որովհետեւ Հայաստանում արդարադատություն չկա, սպասում են վերեւից հրահանգի, տուժողներ են ման գալիս, դուք ինքներդ նայեցիք, որ չկան, տուժողը մենք ենք, մեր ընտանիքներն են»,- նշում է Իշխան Մարգարյանը:

Պատմության ուսուցիչ Գագիկ Միքայելյանի մայրն էլ ավելացնում է՝ որդին անազատության մեջ է միայն քար նետելու համար:

«Իսկ իրենց ինչպիսի քաղաքացիներ են պետք, երբ որ ծեծեն, գլուխները հանգիստ կախեն: Ինքը երեւի շատ ուժեղ է, որ մի քարով 46 ոստիկանի հարվածել է, այդքան նյութական վնաս է հասցրել մեր պետությանը»:

Մանրամասն՝ «Ա1+»–ում

Այս խորագրի վերջին նյութերը