Մեկնաբանություն

29.09.2016 11:45


Սփյուռքահայ հանրահայտ դեմքերը խաթարել են Բաղրամյան 26-ի անդորրը

Սփյուռքահայ հանրահայտ դեմքերը խաթարել են Բաղրամյան 26-ի անդորրը

Սփյուռքահայ հանրահայտ դեմքերի նախաձեռնությունն ակնհայտորեն գործող իշխանության սրտով չէ: Ավելին՝ Բաղրամյան 26-ի անդորրը խաթարող անսպասելի ձեռնարկ է:

Դե, «նախաձեռնողական» Սերժ Սարգսյանին տհաճություն են պատճառում բոլոր տեսակի նախաձեռնությունները, որոնք իր գլխում չեն ծագել: Իսկ Սփյուռքում ապրող հռչակավոր մեր հայրենակիցները միանգամայն անկախ են և կարող են դիմել «ինքնագլուխ» քայլերի՝ բնավ չհարցնելով ՀՀԿ ղեկավարի կարծիքը: Վերջինիս համար «արդարություն», «ժողովրդավարություն» հասկացություններն անմարսելի բաներ են, իսկ Սփյուռքի գործիչների համար՝ կարևորագույն արժեքներ, որոնք հայրենիքում արմատավորելու համար էլ «Արդարություն Հայաստանում» անունով արշավ են նախաձեռնել՝ ասելու ո՛չ համակարգված կոռուպցիային, քաղաքական կողմնակալությանը, արտագաղթին, ընտրակեղծիքներին և առկա արատավոր երևույթներին, որոնք բուռն ծաղկում են ապրում Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Բայց հանկարծ Սփյուռքից «ձեռնոց են նետում» գործող իշխանությանը և նրա ղեկավարին՝ ասելով, որ այսպես ապրել այլևս չի կարելի, և որպես դիտորդ՝ մեր հայտնի հայրենակիցները պատրաստվում են 2017-ի ընտրությունների ժամանակ ներկա լինել և հետևել ընտրական գործընթացին:

Ի տարբերություն Հայաստանում ապրող հայտնի ու նշանավոր արվեստագետների՝ սփյուռքահայ աշխարհահռչակ արվեստագետները Սերժ Սարգսյանի շնորհած մեդալներով ու շքանշաններով գայթակղվողը չեն: Այն է՝ լռելու ցանկություն չունեն, քանի որ իսկապես նրանց մտահոգում է Հայաստանի ապագան: Ոչ թե Սարգսյանի գլխին ամպհովանի պահելն ու ձևացնելը, թե հայրենիքում ամեն բան նորմալ է: Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի և այլ հայտնիների նախաձեռնած արշավն, իրոք, աննախադեպ է (որին արդեն միացել են Հայաստանում ապրող հայտնի քաղաքական և մշակութային գործիչներ):

Այն իր հերթին կարող է նպաստել 2017-ի ընտրություններում բեկում մտցնելու գործին՝ ցրիվ տալով «կայուն մեծամասնություն» ձևավորելու (տոկոս խփելու) մտայնությամբ քնող ու արթնացող իշխող ուժի և նրա առաջնորդի ծրագրերը: Այդ է պատճառը, որ իշխանական ճամբարից արդեն սկսել են արշավը նսեմացնելու փորձեր իրականացնել:

Նախընտրական փուլերում մշտապես ՀՀԿ ղեկավարի թիկունքում կանգնած Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը հայտարարում է, թե Թանկյանը, Էգոյանը, Խանջյանը հեղինակություններ չեն: Եվ ընդհանրապես, նրանք ո՞վ են, որ նման բան են նախաձեռնում, թող գան հայրենիքում ապրեն և նման բաներ: Իգիթյանի համար իսկական հեղինակությունները վաղուց հողի տակ պառկած Սարոյանը կամ Արշիլ Գորկին են: Ա՛յ, եթե նրանք հարություն առնեին և նման արշավ սկսեին, ուրիշ բան: Թե չէ, ինչ-որ Թանկյան, Էգոյան, Խանջյան...

Ոչի՞նչ, որ Սերժ Սարգսյանը մի քանի տարի առաջ իր «բարձունքից» պատասխանում էր Թանկյանի նամակներին, կամ, երևի, այս հայտնի դեմքերը չեն, որ իրենց արվեստով աշխարհին ճանաչելի են դարձրել ու դարձնում Հայաստանը: Այս ամենն Իգիթյանը չի հիշում կամ ավելի ճիշտ՝ չի ուզում հիշել: Իգիթյանի զայրացկոտ տոնայնությամբ հարցազրույցից պարզ է դառնում, թե Սփյուռքի հայտնի գործիչների նախաձեռնությունը որքան է «խառնել ալիքները»: Ախր, Բաղրամյան 26-ը նման բան չէր կանխատեսել: Ո՞նց կարելի է անհանգստություն պատճառել ՀՀԿ ղեկավարին: Բաղրամյան 26-ը սովոր է մարդկանց «դեմ տալ» սեփական սցենարները, բայց հանկարծ դրսից են իրեն նման անախորժ սցենար «դեմ տալիս»:

Ինչևէ, շատ կարևոր է, որ բոլորս միանանք այս արշավին՝ խափանելով Սերժ Սարգսյանի և նրա «ինտելեկտուալ» թիմի վերարտադրության ծրագիրը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը