Կարծիք

28.09.2016 13:01


Վարդան Օսկանյան. «Պերեսն իսրայելական քաղաքականության մեջ չափավոր և կառուցողական հազվագյուտ ձայներից էր»

Վարդան Օսկանյան. «Պերեսն իսրայելական քաղաքականության մեջ չափավոր և կառուցողական հազվագյուտ ձայներից էր»

93 տարեկան հասակում վախճանվել է Իսրայելի նախկին վարչապետ, նախկին նախագահ Շիմոն Պերեսը։ Անկախ նրա դիրքորոշումներից և վերաբերմունքից Հայոց ցեղասպանության հարցում՝ ես կարծում եմ, որ Պերեսն արժանի է հարգանքի ու դրվատանքի՝ հաշվի առնելով նրա անհերքելի ներդրումը Իսրայել պետության ստեղծման և կայացման գործում։ Ես կարծում եմ՝ Պերեսը իսրայելական քաղաքականության մեջ չափավոր և կառուցողական հազվագյուտ ձայներից էր։

Իմ պաշտոնավարման ընթացքում առիթ եմ ունեցել հանդիպելու նրա հետ։ Ստորև ներկայացնում եմ իմ հուշերի գրքից Շիմոն Պերեսի հետ հանդիպման մասին հատվածը։

Հայաստանի և Իսրայելի միջև ամենամեծ կնճիռը եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Իսրայել պետությունը միշտ դեմ է եղել ճանաչմանը։ Չնայած Իսրայելի խորհրդարանում՝ Կնեսետում, փորձեր եղել են Ցեղասպանության հարցը օրակարգում ընդգրկելու ուղղությամբ, սակայն գործադիր իշխանությունները միշտ խոչընդոտել են։ Հրեական լոբբին Վաշինգտոնում նույնպես այս հարցում մշտապես հակադրվել է հայկական լոբբիին։ Նրանք միանշանակ և անթաքույց աջակցել են թուրքերին և օգտագործելով իրենց ազդեցությունը Վաշինգտոնում՝ միշտ խոչընդոտել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայ լոբբիստական կազմակերպությունների ջանքերը։

2002-ի սեպտեմբերի 15-ին ես Նյու Յորքում էի՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստին մասնակցելու համար։ Այնտեղ էր նաև Իսրայելի արտաքին գործերի նախարար Շիմոն Պերեսը։ Ամիսներ առաջ՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ, Պերեսը հայտնել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը՝ գրեթե երկրորդելով թուրքական ժխտողական դիրքորոշումը։ Նա ասել էր, թե այն, ինչ տեղի է ունեցել 1915-ին, ցեղասպանություն չէ։

Նյու Յորքում ես հանդիպում խնդրեցի Պերեսի հետ։ Սեպտեմբերի 15-ի առավոտյան նա ինձ հյուրընկալեց իր հյուրանոցային համարում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ գտնվող շքեղ հյուրանոցներից մեկում։

Փոխադարձ ողջույններից հետո նա առաջարկեց, որ հանդիպումը սկսենք մի բաժակ օղիով, թեև առավոտյան ժամը 10-ն էր։ Նա թերևս հաշվի էր առել հարցի ծանրությունը և գիտեր, որ բարձրացնելու եմ Ցեղասպանության հարցը։ Պերեսը, հավանաբար, ցանկացավ սառույցը կոտրել օղու միջոցով։ Ելնելով նույն նկատառումներից՝ ես անմիջապես համաձայնեցի։ Մի բաժակ խմելուց հետո խոսեցինք ընդհանուր թեմաներից, անցանք երկրորդ բաժակին։ Մթնոլորտը բավական ջերմացավ, և մենք անցանք բուն հարցերի քննարկմանը։

Խոսեցինք, բնականաբար, հայ-իսրայելական հարբերությունների, պաղեստինյան հակամարտության, Մերձավոր Արևելքի, Լեռնային Ղարաբաղի և Կովկասի խնդիրների մասին։ Այդ ընթացքում երկուսիս մտքում էլ առկախված էր մնում Հայոց ցեղասպանության հարցը, որը կարծես ստվեր էր գցում մեր կողմից քննարկվող մյուս բոլոր հարցերի վրա։ Պերեսը նույնիսկ թույլ չտվեց, որ ես բարձրացնեմ այդ թեման․ նա ինքը խոսեց Ցեղասպանության մասին և ասաց, որ հրեա ժողովրդի մոտեցումներն այդ հարցում լավագույնս արտահայտել են հրեա գիտնականները և ցեղասպանագետները՝ հայտնելով իրենց հստակ և միանշանակ կարծիքը, իսկ այն, ինչ անում է Իսրայել պետությունը, առավելապես պայմանավորված է քաղաքական նկատառումներով։

Նա հույս հայտնեց, որ Հայաստանը և հայ ժողովուրդը կհասկանան այդ տարբերությունը։ Ես, բնականաբար, հակադրվեցի։ Ընդունելով, որ թեև հրեա մտավորականները մեծ ներդրում են ունեցել Ցեղասպանության փաստի հաստատման ու դրա միջազգայնացման գործում՝ ես, միևնույն ժամանակ, բացատրեցի, որ Հայաստանի և Թուրքիայի միջև այս հարցում ամենամեծ հակասությունը ժխտողականության խնդիրն է։ Ես նշեցի, որ Պերեսի հայտարարությունը հենց ժխտողականության մաս է, և դրա համար էլ առաջացրել է հայ ժողովրդի վրդովմունքն ու նախատինքը։ Այդուհանդերձ, հանդիպումից հետո մենք բաժանվեցինք բարեկամաբար՝ հույս հայտնելով, որ հետագայում կշարունակենք մեր քննարկումները, և ակնկալելով, որ հայ-իսրայելական հարաբերությունները կխորանան։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի

ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը