Կարծիք

28.09.2016 08:44


Մոտակա տարում Ազգի քանակը 10 000-ից հասցնենք 100 000-ի

Մոտակա տարում Ազգի քանակը 10 000-ից հասցնենք 100 000-ի

Ինչու այս Կառավարությունն իրոք կարելի է համարել Ազգային Համաձայնության կառավարություն։

Շատերը համոզված են, որ դա այդպես չէ, որովհետև իրենք նույնպես Ազգի անդամ են, և քանի որ իրենցից կարծիք չեն հարցրել, ուրեմն այս Կառավարությունն ազգային համաձայնության արդյունք չէ: Սխալը հենց այդ համոզմունքի մեջ է:
Հայերեն լեզվում կա շփոթ Ազգ և Էթնոս բառերի միջև, որովհետև Էթնոսից դեպի Ազգի անցման պատմական փուլը բաց ենք թողել: Լենին պապիկը կասեր, որ դեռևս բուրժուական ազգ չդարձած՝ միանգամից սոցիալիզմ ենք մտել: Իսկ կոմունիզմի պարտությունից հետո մնացել ենք անհասկանալի կարգավիճակում:
Ազգը քաղաքական կատեգորիա է, այլ ոչ թե ծագումնաբանական և այսօրվա իրավական իմաստով առաջացել է ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Իմաստը հետևյալն է` մարդիկ թագավորի հպատակից վերածվել են քաղաքացու և ընտրությունների միջոցով ձևավորում են իշխանություն, և ձայնի իրավունք ունեցողները, անկախ իրենց էթնիկական ծագումից, ազգի անդամ են:
Օրինակ` Ամերիկայում սևամորթները, կարմրամորթները, կանայք և աղքատները երկար ժամանակ ընտրելու իրավունք չունեին, այսինքն՝ ազգի անդամներ չէին: Հետո նորանոր շերտեր ընդգրկվեցին, մինչև որ մնաց միայն տարիքային ցենզը:
Հիմա վերադառնանք մեր ոչխարներին:
Ֆորմալ իմաստով մենք բոլորս ունենք ձայնի իրավունք, սակայն իրական կյանքում իշխանությունը ձևավորում է մոտ 10 000 մարդ, որոնք գնում (առնում) կամ կեղծում են ընտրությունները, այդ թվում՝ դատավորներ, դատախազներ, Ոստիկանության և Զինված ուժերի բարձր հրամանատարական կազմ, որոնք նույնպես ներգրավված են այդ գործընթացին: Կեղծել նշանակում է մասնակցել իշխանության ձևավորման գործընթացին:
Եվ քանի որ իրենք են ձևավորում իշխանությունը, ապա այդ 10000 մարդն էլ հանդիսանում է Ազգը:
Այ հենց դա նկատի ուներ, ի տարբերություն մեզ, իրական, այլ ոչ թե ֆորմալ կատեգորիաներով դատող Սերժ Սարգսյանը, երբ խոսում էր Ազգային համաձանության կառավարության մասին: Հենց այդ Ազգը, այսպես թե այնպես, լուռ թե բարձրաձայն, համաձայնվել է նոր Կառավարության կազմին:
Իսկ մնացածների կարծիքը ոչ ոքի չի հետաքրքրում:
Եթե մենք մոտակա տարում Ազգի քանակը 10 000-ից կարողանանք հասցնել 100 000-ի, դա արդեն իսկ մեծ առաջընթաց կլինի: Իսկ մնացածը կմնա որպես էթնոսի վերարտադրման կենսաբանական հումք:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը