Մեկնաբանություն

27.09.2016 09:35


Հայրենադարձվեն, որ ի՞նչ անեն

Հայրենադարձվեն, որ ի՞նչ անեն

Երկիրը թափով առաջ է գնում: Ակտիվորեն շարունակվում են նախարարությունների անվանումներից բառեր հանելու կամ ավելացնելու հայրենանվեր աշխատանքները, որոնց իրենց ազգանպաստ առաջարկություններով մասնակից են դառնում գործող իշխանության ներկայացուցիչները: Երկրում ինչ չկա՝ հանում են նախարարությունների անվանումներից, իսկ ինչը չի լինելու՝ ավելացնում են: Օրինակ՝ տնտեսություն չկա, «էկոնոմիկա» բառը հանում են, իսկ այն, ինչ չի լինելու՝ «ներդրում», այդ բառն ավելացնում են:

Իսկապես, տքնաջան, բեղուն գործունեություն են ծավալել, ինչից հաստատապես շահելու են...առայժմ հայտնի չէ՝ ով կամ ովքեր: Բայց գործընթացն այլևս անկասելի է, քանզի, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում, դեպի պայծառ ապագա սլանալու հարցում «այլևս դանդաղելու իրավունք չունենք»:

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն առաջարկել է ավելի ճոխացնել Սփյուռքի նախարարության անվանումը:

«Անվանումը, իմ կարծիքով, ամբողջական չէ: Առաջարկում եմ, որ Սփյուռքի նախարարությունը վերանվանվի Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն. դա շատ կարևոր է: Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի, որ բոլոր հայերի հայացքները ուղղված լինեն մայր Հայաստանին: Հայրենադարձությունը շատ կարևոր է»,- հայտարարել է Շարմազանովը, որը նաև առաջարկել է օգտվել մեծ սփյուռք ունեցող Իսրայելի հարուստ փորձից:

Սոցիալական ցանցերում այս առաջարկության արձագանքը փռթկոցն ու քրքիջն է, որը չի դադարում: 8 տարի առաջ Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված այս նախարարությունը մշտապես ընկալվել է որպես բալաստ, որը ոչ ոքի պետք չէ: Սփյուռքի գաղթօջախներում և հայրենիքում «Հայհամերգի» գործառույթ իրականացնող (անկապ, անիմաստ փառատոններ, համերգներ) Հրանուշ Հակոբյանը տարիներ շարունակ իր գլխավորած նախարարության գործառույթները որոնելու դեգերումների մեջ է և տարին տարվա վրա զավեշտալի ծրագրեր է հռչակում ու փորձում իրագործել: Ավաղ, արդյունքը զրոյական է: «Արի տուն»-ը տապալվել է, ինչի փոխարեն Սփյուռքում ապրող երեխաներին է ամռան ամիսներին բերում հայրենիք՝ «պիոներական ճամբար», և հետ ճամփում:

Նալբանդյանն էլ վերջին օրերին ՄԱԿ-ում ունեցած ելույթում ինչ-որ թիվ «կրակեց»՝ հայտարարելով, թե ՀՀ-ն 20 հազար սիրիահայերի է ընդունել և տեղավորել: Բլեֆ: Սիրիահայությունն էլ փախավ հայրենիքից՝ գերադասելով ապրել պատերազմական իրավիճակում կամ այլ երկրներում:

Հայտնի է Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում երկրից արտագաղթած քաղաքացիների թիվը՝ շուրջ 300 հազար: Այս համապատկերին խոսել հայրենադարձության մասին պարզապես զավեշտ է:

«Բոլոր հայերի հայացքներն ուղղված լինեն մայր Հայաստանին» բանաստեղծական զեղումները հիմք չեն նախարարության անվանման մեջ «հայրենադարձություն» բառն ավելացնելու համար: Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին քաջ հայտնի է հայրենիքում տիրող իրավիճակը, և նրանց այդ մի բառով չես կարող գայթակղել: Հայրենադարձվեն, որ ի՞նչ անեն: Հայտնվեն հազարավոր գործազուրկների կողքի՞ն, թե՞ բիզնես դնեն ու տապալվեն: Այնպես որ, միայն տիեզերագնաց Արթուրի համար չարժե առանց այն էլ իմաստազուրկ և անբովանդակ այդ նախարարության անվանը երկար «պոչ» ավելացնել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը