Քաղաքական

25.09.2016 16:15


ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հանրահավաքը Վանաձորում (տեսանյութ, լրացված)

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հանրահավաքը Վանաձորում (տեսանյութ, լրացված)

Վանաձորի «Հայք» հրապարակում մեկնարկել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հրավիրած համապետական հանրահավաքը:
Ելույթ են ունենալու ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, Վանաձորի ավագանու ցուցակի 1-ին համար Վահան Ղույումչյանը, կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը, կուսակցության վարչության անդամներ, լեգենդար «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը և Մարդու իրավունքների 3–րդ պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Հանրահավաքը կուղեկցվի համերգով: Հանդես կգա սիրված երգիչ և երգահան Ռուբեն Հախվերդյանը:

Հանրահավաքն ընթանում է «Ո՛չ դրածոներին», «Ո՛չ ընտրակեղծիքներին», «Այո՛ համախմբմանը» կարգախոսների ներքո։

***

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանի խոսքով՝ Վանաձորի բոլոր խնդիրները բավականին նման են երկրում գոյություն ունեցող հիմնախնդիրներին։

–Ավագ սերունդը հիշում է, որ Վանաձորը ժամանակին հզոր արդյունաբերական քաղաք էր, և որևէ մեկն աշխատանք ունենալու, իր ապագան տեսնելու խնդիր չուներ։ Ամեն մեկը կարողանում էր արժանապատվությամբ հոգալ իր ընտանիքի հոգսը։ Այսօր վիճակը գլխիվայր փոխվել է. անորոշությունը պատել է ամեն մի ընտանիքի դուռը։

21–րդ դարում ստեղծվել է մի վիճակ, երբ ամեն մի քաղաքացու համար իր և իր ընտանիքի ապագան դարձել է անորոշ. մարդը չգիտի՝ ինչ է սպասում իրեն մեկ օր հետո, մեկ ամիս հետո։ Ոչ ոք չգիտի՝ ուր է գնում մեր երկիրը. մեր երկիրը խնդիր ունի համակարգային լուրջ փոփոխության և արմատական իշխանափոխության։... Այս ընտրությունները վանաձորյան չեն. համապետական բնույթի ընտրություններ են։

Համախմբվենք՝ փոխելու գործող համակարգը, հաղթանակի պարագայում ապրիլյան ընտրություններում մենք փոխում ենք Հայաստանի իշխանությունը... Մենք փոխելու ենք ձե՛ր օգնությամբ։ Ո՛չ ենք ասելու այն համակարգին, որը երկիրը հասցրել է թշվառության եզրին։ «Համախմբումը» ստեղծվել է հենց ա՛յդ խնդիրները լուծելու համար... Օգնեք մեզ՝ միասին փոխելու իշխանությունը։ Համախմբվե՛նք այս գաղափարի շուրջ,–ընդգծել է Ստ. Մարգարյանը։

***

ՀՀ 3–րդ ՄԻՊ Կարեն Անդրեասյանն իր ելույթում անդրադարձել է Վանաձորում իշխանության առաջադրած շինծու, կեղծ ընդդիմադիրներին։

–Անկումը՝ թվերի լեզվով, չի կարողանում թաքցնել անգամ այսօրվա հանրապետական վարչապետը։ Տնտեսության վիճակն իսկապես շատ վատ է, և այս ամենի համար պատասխանատու ուժն իրեն դրել է ընդդիմության տեղ ու փորձում է մարդկանց մոլորեցնել ու խաբել։ Մի՛ թողեք խաբեն ձեզ ո՛չ պախկված իշխանավորները՝ հանրապետականները, ո՛չ, իբր, նոր էջից սկսող տեղական իշխանավորները, ոչ էլ նրանց դրած շինծու ընդդիմադիրները։ Ձայնը տանք այն ուժին, որն անկեղծ փորձում է փոխել իշխանությունը՝ սկսած Վանաձորից՝ վերջացրած Հայաստանի մյուս քաղաքներով– ասել է Կ. Անդրեասյանը։

***

–Ինչքան մեղավոր ենք մենք, որ չկարողացանք հաղթանակը պահել, և մի ամբողջ ոհմակ հոշոտեց ձեր ճակատագիրը... Մարդիկ կամաց–կամաց սկսում են չսիրել մեր հայրենիքը, գաղթել հայրենիքից, չպայքարել հայրենիքի համար։ Եթե ձեր մայրը ծանր հիվանդ է, դուք թողնում գնում եք արտասահմա՞ն, ձեր հայրը հաշմանդամ է, ինչքա՞ն ճիշտ է թողնել ու ուրիշ տեղ ճակատագիր ման գալ։ Մենք պարտավո՛ր ենք հավաքվել ու կենաց ու մահու կռիվ տալ, ինչպես հավաքվել ենք Արցախյան պատերազմի ժամանակ։ Մի քանի բորենիներ ուտում են ձեզ, իսկ դուք լուռումունջ նայում եք՝ ինչպես է դա կատարվում... Մենք դիակ չենք. մենք դեռ պայքարելու ենք ավելի ուժեղ ու պարտադիր հաղթելու ենք, – իր ելույթում ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։

***

–Վանաձորում, Գյումրիում ոչ թե տեղական, քաղաքային, այլ քաղաքակա՛ն և համապետական նշանակության ընտրություններ են սպասվում։ Մենք կարող ենք Վանաձորից ու Գյումրիից փոխել իշխանությունը հանրապետության մակարդակով։ Եթե դուք ոչ եք ասում իշխանությանը, խայտառակ արդյունքներ ապահոված Հանրապետական կուսակցությանը, ապա դրա այլընտրանքը ՀԱՄԱԽՄԲՈՒՄՆ է։

Մեզ խոստացել էին ապահով Հայաստան, բայց ապահովում են կրիմինալ Հայաստան։ Տեղական ընտրությունների մակարդակով այս գործընթացը վերածվել է մարդասպանության ու ծեծկռտուքի. մենք պետք է ո՛չ ասենք այս ամենին, ո՛չ ասենք դրածոներին, ընտրակեծիքներին և այո՛ ասենք համախմբմանը... ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ պատրաստվում է իշխանափոխությունը սկսել Գյումրիից ու Վանաձորից,– ընդգծել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը։

***

–Սոցիալապես անապահով խավ և մի փոքր հատված, որը վայելում է կյանքը, մարդիկ չեն հասկանում՝ ով ինչ Հայաստանում է ապրում... Այսպես ապրել չի կարելի. մարդիկ ողբերգական վիճակում են գտնվում, չի կարելի այսքան անմարդկային ձևով վերաբերվել մարդուն. մարդը պետք է լինի արժեք... Մարդիկ ճնշված են, ընկճված, հասել են անտարբերության վիճակի, մեր թուլությունը հենց այդ անտարբերության մեջ է։ Մենք պիտի համախմբվենք, պիտի փոխենք մեր կյանքը, մենք կարող ենք դա անել։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ միայն կուսակցություն չէ. այն նպատակ ունի իր շուրջը համախմբել սովորական քաղաքացիների, անհատների, այլ կուսակցությունների պատկանող մարդկանց, որոնք ունեն կարող ուժեր, մեր բոլոր քաղաքացիները պետք է մասնակցություն ունենան քաղաքի կառավարմանը,– ասել է Վանաձորի ավագանու ցուցակի 1-ին համար Վահան Ղույումչյանը՝ ընդգծելով, որ իշխող Հանրապետական կուսակցությունը պետք է հեռանա։

***

Ելույթով է հանդես եկել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը.

–ՀՀ երրորդ նախագահի օրոք մենք ոչ միայն չկարողացանք զարգացում ապահովել, այլ հետքայլ արեցինք. տնտեսությունն այսօր լճացման մեջ է, հետընթացի, աղքատությունն աճել է, մեծացել է արտաքին պարտքը, արտաքին ներդրումները տարեցտարի 60–70 տոկոսով նվազում են, Սփյուռքը, մեր ժողովուրդը իրենց երկրի նկատմամբ ավելի անտարբեր են դարձել։ Այսօր փոփոխության հրամայականն ակնհայտ է, բոլորի շուրթերից է հնչում, ակնհայտ է, որ երկիրն այլևս այսպես չի կարող շարունակել. «Սասնա ծռերի» տղաների գործողությանը մեր ժողովրդի արձագանքը դրա լավագույն վկայությունն էր, այն, ինչ արվեց, արտահայտությունն էր ժողովրդի հիասթափության, հուսալքության...

Այս ընտրություններն ավելին են, քան քաղաքային ընտրությունները։ Անհրաժեշտ է, որ մենք կարողանանք Վանաձորի, Գյումրիի հաղթանակները շարունակել և ապրիլին հասնել երկրում արմատական փոփոխությունների, իշխանափոխության։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունն այդ հնարավորությունը ձեզ ընձեռել է. ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ դիտարկեք որպես երկրում իշխանությանը հավակնող ուժ...

Մենք ազնիվ ենք մեր մղումներոմ, անկեղծ ենք մեր ցանկություններում, մենք նվիրված ենք մեր աշխատանքում. մենք պետք է այնպես անենք, որ հանդիսանանք այդ այընտրանքը ժողովրդի համար... Մենք համախմբվել ենք նախ հանուն Վանաձորի և Գյումրիի, դրանից հետո շարունակելու ենք համախմբված առաջ գնալ հանուն Հայաստանի։

***

Վանաձորում մեկնարկեց ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երթը։

***

Երգում է սիրված երգիչ և երգահան Ռուբեն Հախվերդյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը