Քաղաքական

23.09.2016 16:20


Արծվիկ Մինասյանը՝ բնապահպանության նախարար․ Դաշնակցությունը կպահպանի պորտֆելները

Արծվիկ Մինասյանը՝ բնապահպանության նախարար․ Դաշնակցությունը կպահպանի պորտֆելները

«Ազատությունը» զրուցել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

«Ազատություն»․ - Ինչո՞ւ նորանշանակ վարչապետը որոշեց նաև ազատվել Արծվիկ Մինասյանից:

Գալուստ Սահակյան․ - Չեմ կարող պատասխանել, որովհետև Կառավարությունն իր խնդիրներն ունի, և յուրաքանչյուր խնդրի լուծման համար, բնականաբար, նախարարությունները ամենակարևորագույն գործոններ են: Ըստ երևույթին, այդ պատճառով էլ ինչ-որ տեղափոխություն կա:

«Ազատություն»․ - Իսկ Հանրապետականի և Դաշնակցության միջև կոալիցիոն հուշագիրը պահպանվելո՞ւ է, այսինքն՝ Դաշնակցությունը կպահպանի՞ իր պորտֆելները Կառավարության կազմում:

Գալուստ Սահակյան․ - Ես կարծում եմ՝ այո, կպահպանի: Հիմնականում փոփոխությունները կատարվում էին մեր նախարարների շրջանակներում, և գնում ենք այդ ճանապարհով՝ փորձելով տնտեսական նոր համակարգեր ստեղծելու միջոցով որոշակիորեն տնտեսության աճը ավելի կայուն դարձնել:

«Ազատություն»․ - Արծվիկ Մինասյանը չէ՞ր կարողանում դա ապահովել:

Գալուստ Սահակյան․ - Ճիշտն ասած, ես չգիտեմ՝ Արծվիկ Մինասյանը կկարողանար, թե չէր կարողանա: Խնդիրը դա չէ: Մեր պետության մեջ շատ մարդիկ կան, որոնք կկարողանան նման գործողություններին տիրապետել: Խնդիրը հետևյալն է՝ փաստորեն, նոր Կառավարություն է ձևավորվում, և, բնականաբար, վարչապետի խոսքը այստեղ ամենակարևորներից մեկն է:

«Ազատություն»․ - Այսինքն, նա լիակատար ազատությո՞ւն ունի՝ անկախ նաև կուսակցական կոալիցիոն հուշագրերի առկայությունից:

Գալուստ Սահակյան․ - Ըստ էության՝ չասենք լիակատար ազատություն ունի, բայց ազատություն ունի: Այնպես պիտի լինի, որպեսզի քաղաքական թիմը կարողանա նաև իր հիմնական գործառույթները անընդհատաբար առաջ տանել: Բնականաբար, նաև ազատություններ ունի:

«Ազատություն»․ - Ասում են, որ Արծվիկ Մինասյանին գուցե նոր պաշտոն առաջարկվի, սպասում են նոր հրամանագրի: Ի՞նչ եք կարծում, նա կշարունակի՞ մնալ Կառավարության կազմում:

Գալուստ Սահակյան․ - Ես կարծում եմ, որ ըստ էության՝ բնապահպանության նախարար կգնա:

«Ազատություն»․ - Այդ ուղղությամբ քննարկումներ գնո՞ւմ են:

Գալուստ Սահակյան․ - Բնականաբար, ամեն օր քննարկումներ լինում են, և դա է պատճառը, որ միանգամից Կառավարությունը չի գալիս:

«Ազատություն»․ - Դաշնակցությունն իր երեք պորտֆելները կպահպանի՞:

Գալուստ Սահակյան․ - Ես կարծում եմ՝ այո, երեք պորտֆելները կպահպանվեն:

«Ազատություն»․ - Իսկ Ձեզ չզարմացրե՞ց Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, որ նա, ըստ էության, Կառավարության անդամներին կոչ արեց վերջ տալ պրիմիտիվ գողությանը, այսինքն՝ մի բան, որ եղել է մինչև իր նշանակումը: Դա հայտարարություն էր հանցագործության մասին:

Գալուստ Սահակյան․ - Սովորաբար, թերթերը մի քիչ շատ ճոխացնում են: Դա վերաբերում էր հետևյալին, որ այն հիմնական սկզբունքները, որ կառավարությունը աշխատում է, այդտեղ չի կարելի գողություն անել: Ոչ թե պիտի մտածել գողական աշխարհի մասին, այլ՝ ինչպես որոշում կա, այդ որոշումը պիտի առաջ տանել:

«Ազատություն»․ - Բայց դա հայտարարություն չէ՞ր հանցագործության մասին, որ վերջ տվեք տարբեր բարդ մեխանիզմներով գողություն կատարել պետական բյուջեից:

Գալուստ Սահակյան․ - Ես չեմ կարծում, որ դա որևէ մեկին վերաբերող հայտարարություն էր կամ այն տիպի հայտարարություն էր, որ դուք ներկայացնում եք այս պահին ինձ:

«Ազատություն»․ - Եվ վերջին ճշտումը՝ Հովիկ Աբրահամյանը ինչո՞վ է զբաղվելու:

Գալուստ Սահակյան․ - Հովիկ Աբրահամյանն առայժմ, իհարկե, կուսակցական խնդիրներով կզբաղվի, մենք մշտապես այդ գործունեությունը ունենք:

«Ազատություն»․ - Շտաբի պետի պաշտոնում կտեսնե՞նք:

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը