Քաղաքական

23.09.2016 13:25


Գեղամ Նազարյան. «Գյումրին չի հավատում ինքնասպանության վարկածին» (տեսանյութ)

Գեղամ Նազարյան. «Գյումրին չի հավատում ինքնասպանության վարկածին» (տեսանյութ)

Արդյոք ՏԻՄ ընտրությունները որոշակիորեն չե՞ն սրում մարդկանց միջեւ միջանձնային հարաբերությունները` պաշտոն ունենալու ակնկալիքով: Թեմայի վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է քաղաքագետ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյանի հետ:

-Առաջին հայացքից թվում է, թե նման ողբերգական դեպքերի պատճառը (նկատի ունի ԳՊՄԻ նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի որդու ինքնասպանությունը կամ սպանությունը.-հեղ.) ՏԻՄ ընտրություններն են: Իրականում պատճառը մեր երկրում հաստատված կեղտոտ մթնոլորտն է: Եթե մեր երկրում արդարադատությունը գործի, իրավապահ մարմինները լինեն իրենց տեղում եւ կատարեն օրենքով նախատեսված իրենց գործողությունները եւ ոչ թե սպասարկեն նեղ վարչախմբին, ապա ամեն ինչ նորմալ կլինի: ՏԻՄ ընտրությունների դեպքում մեր ժողովուրդը դեռ հասունացած չէ, որպեսզի ՏԻՄ-ն ընկալի որպես իր զարգացման համար հարթակ, այս դեպքում կարող են լինել սուր բանավեճեր, բայց գործը քրեական հանցագործություններին չի հասնի, եթե իրավապահ համակարգը նորմալ աշխատի: Ես վստահ եմ, որ եթե Վաղարշապատում տեղի ունեցածից հետո իրավապահ մարմինները գործեին արագ, ապա Գյումրիում այսօր նման ողբերգություն տեղի չէր ունենա: Այնպիսի տպավորություն է, որ Գյումրին չի հավատում ինքնասպանության վարկածին: Եթե դա հաստատվի էլ, քիչ հավանական է, որ առողջ, 26-ամյա երիտասարդը, ով ֆինանսական խնդիրներ չուներ, ոչ էլ պարտքերի մեջ էր, հանկարծ նման քայլի դիմեր: Դա տարօրինակ է,-ասաց Գ.Նազարյանը:

Գ.Նազարյանի խոսքով` մեր երկրում բազմաթիվ բացեր կան, այն ճահճի մեջ նեխում է: «Վաղարշապատում տեղի ունեցած խայտառակությունից հետո ընտրողների ընդհանուր թվի երեւի 10 տոկոսի ձայնով ինչ-որ մեկը քաղաքապետ է ընտրվում եւ մենք ձեւացնում ենք, թե ամեն ինչ նորմալ է: Մենք ամեն մի այդպիսի քայլով մեր երկրին ծանր հարված ենք հասնցում, որի հետեւանքներն արագ կերպով երեւում են: Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների կամ ավագանու ընտրություններին հետեւելիս ողբերգություն է, երբ քաղաքը բաժանվում է թաղերի` էս ինչի թաղ, էն ինչի թաղ: Հո էդ թաղերն իրենց պապերից ժառանգություն չե՞ն ստացել: Գյումրին բոլորի քաղաքն է, ոչ թե ինչ-որ մեկի թաղը: Այդ մտածողությունը պետք է վերացնել: Դիտավորյալ ինչ-որ ուժեր հրահրում են, որպեսզի թաղային, ներկուսակցական կամ միջկուսակցական հարաբերությունները սրվեն: Այստեղ գործում է` «Բաժանիր, որ տիրես» սկզբունքը, որն Հայաստանում հնուց գործում է: Այս ամենը մեր երկիրը շատ արագ կերպով տանում է վատ հեռանկարի»:

Քաղաքագետն այն համոզման է, որ տեղի ունեցածի համար գյումրեցիները պետք է բողոքի ցույցի դուրս գան, ոչ թե իրենց տներում նստեն, անկախ նրանից, թե որ թաղից են, ում բարեկամն են:

-Նրանք պետք է դուրս գան եւ ասեն` ոչ այս ցինիզմին եւ ամենաթողությանը, որպեսզի նորմալ մարդիկ գան եւ կառավարեն, մեր երկրում նորմալ մթնոլորտ ստեղծվի,-եզրափակեց քաղաքագետը:

Այս խորագրի վերջին նյութերը