Քաղաքական

22.09.2016 15:14


Կալանավորվել է Էջմիածնի ավագանու թեկնածուի նկատմամբ ոտնձգություններ կատարած անձը

Կալանավորվել է Էջմիածնի ավագանու թեկնածուի նկատմամբ ոտնձգություններ կատարած անձը

Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ զուգորդված Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով մեղադրյալ, Էջմիածին քաղաքի բնակիչ Ա. Ա.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննության ընթացքում իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հիշյալ հանցագործությունները կատարած նաև մյուս անձանց շրջանակը պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուն հաղորդում էր տվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, մի խումբ անձինք Էջմիածին քաղաքում բռնություն են գործադրել իր նկատմամբ և, իր կամքին հակառակ, նստեցրել են ավտոմեքենան ու տեղափոխել ամայի տարածք: Այնտեղ ևս հիշյալ անձինք շարունակել են բռնություն կիրառել իր նկատմամբ՝ պահանջելով հրաժարվել որպես ավագանու թեկնածու ընտրություններին մասնակցելուց:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն


Այս խորագրի վերջին նյութերը