Քաղաքական

22.09.2016 14:34


Գեղամ Նազարյան. «Եթե Սերժ Սարգսյանն ինքը չի փոխվել, Կարեն Կարապետյանը ոչինչ չի կարող փոխել»

Գեղամ Նազարյան. «Եթե Սերժ Սարգսյանն ինքը չի փոխվել, Կարեն Կարապետյանը ոչինչ չի կարող փոխել»

Վարչապետի կամ Կառավարության անդամների փոփոխությունը չի կարող երկրում արմատական փոփոխությունների հանգեցնել մի պարզ պատճառով՝ երկրի ղեկավարը գործող նախագահն է, և նրա հանձնարարականներով և նախանշած ուղիներով է շարժվում երկիրը,–այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22–ին հրավիրված ասուլիսում նշել է քաղաքագետ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյանը։

Նրա խոսքով՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության համոզմունքն է, որ երկրում թիվ մեկ խնդիրը քաղաքական մենաշնորհի վերացումն է, որը պետք է կատարվի բացառապես ազատ և արդար ընտրությունների միջոցով։

–Կառավարության փոփոխությունն ինքնին չի կարող բերել փոփոխությունների, եթե փոխված չէ խնդիրը, և նոր խնդիրներ առաջ քաշված չեն։ Այսօր Հայաստանի երկու խնդիրներն են քաղաքական և տնտեսական մենաշնորհները։ Եթե սրանք չեն վերացվում, ապա երկրում որևէ դրական փոփոխության մասին խոսք լինել չի կարող։

Գեղամ Նազարյանը նշել է, որ այսօրվա իշխանությունները փորձում են ժողովրդին ոչ հայտնի դեմքերի բերել Կառավարություն, որպեսզի ինչ–որ կերպ մեղմեն ատելությունը Կառավարության և իշխանությունների հանդեպ, սակայն, ցավոք, դրանից կյանքը Հայաստանում չի փոխվում։

Հարցին՝ «Փոփոխությունների բացակայության խնդիրը միայն Սերժ Սարգսյանի մե՞ջ եք տեսնում, և վարչապետը չի՞ կարող շատ բան փոխել երկրում», Գեղամ Նազարյանը պատասխանել է՝ իհարկե, չի կարող։

–Եթե Սերժ Սարգսյանն ինքը չի փոխվել, իր պատկերացումները երկրի զարգացման վերաբերյալ չեն փոխվել, եթե նա Հայաստանի զարգացումը տեսնում է այնպես, ինչպես տեսնում էր 2008թ. ապրիլի 8–ից սկսած, ապա Կարեն Կարապետյանը, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, ոչինչ չի կարող փոխել,–եզրափակել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը