Մեկնաբանություն

22.09.2016 00:05


Ինչո՞ւ է զարմանում Սերժ Սարգսյանը

Ինչո՞ւ է զարմանում Սերժ Սարգսյանը

Պաշտոնավարման ողջ շրջանում ժողովրդից ու լրատվամիջոցներից մեկուսացած, իր խեցու մեջ պարփակված Սերժ Սարգսյանը Եռաբլուրում, դիմելով իր ուղղությամբ «գրոհող» լրագրողներին, վերջիններիս շնորհավորեց Անկախության տոնի կապակցությամբ: Փոխադարձ շնորհավորանք չլսելով՝ զայրույթը մի կերպ զսպեց ու լրագրողներին հարցրեց. «Բայց կարող էիք, չէ՞, դուք էլ շնորհավորել»:

Այն, որ լրագրողները «չֆայմեցին» շնորհավորել Սերժ Սարգսյանին, դրանում ոչ ոք մեղավոր չէ, բացի իրենից՝ Սերժ Սարգսյանից: Եվ պարզապես անհասկանալի է, թե ինչու է ՀՀԿ ղեկավարը զարմանում կամ զայրանում իր նկատմամբ դրսեւորած նման վերաբերմունքից:

Անցած ութ տարիներին նա այնպիսի մթնոլորտ է ստեղծել երկրում, այնպիսի վարքագիծ ու գործելաոճ է ընտրել՝ հաստ պատնեշ կառուցելով իր ու ժողովրդի, իր ու ԶԼՄ-ի միջեւ, որ բացառել է սոսկ մարդկային շփումն իր հետ:

Մեկ-երկու անգամ ընտրված լրատվամիջոցների հետ ասուլիսները չհաշված՝ ժողովուրդն ու լրատվամիջոցները նրա հետ «շփվել» են բացառապես ուղերձների ու զանազան տեքստերի միջոցով: Եվ այս համատեքստում ուղղակի քմծիծաղ են առաջացնում նրա ելույթներում հաճախ օգտագործվող «քույրեր եւ եղբայրներ» դիմելաձեւը:

Այնուամենայնիվ, Եռաբլուրում շնորհավորհանք չլսելն ամոթալի բան է: Եվ դա, կրկնում ենք, հենց իր՝ Սերժ Սարգսյանի կեցվածքով է պայմանավորված, որն, ըստ էության, բացակա է ժողովրդի կյանքից: Բացի այդ՝ անցած տարիներին ՀՀԿ ղեկավարը երբե՛ք չի գործել այնպես, որ ժողովուրդը գոնե փոքր-ինչ գոհ լիներ իրենից: Չի արել քայլեր, որոնք ուղղված են եղել մարդկանց կյանքը փոքր-ինչ բարելավելուն: Թեկուզ դանդաղ քայլերով չի փորձել թեթեւացնել մարդկանց հոգսերը: Պարզապես չի ցանկացել: Իսկ քաղաքացիների համար փոքրիկ «տոներ» կարող էին համարվել այն քայլերը, որոնք ուղղված կլինեին իրենց սոցիալական այս կամ այն խնդրի լուծմանը: Ուրեմն, ի՞նչ շնորհավորհանք: Դա լսելու համար պետք էր նախապես ջանքեր գործադրել, ինչը Սարգսյանը չի արել:

Միայն դատարկ ճառերով ժողովրդին գոհացնել կամ նրան «պարուրել» տոնական տրամադրությամբ դարձյալ անհնար է: Մանավանդ այսպիսի հայտարարությամբ, որը Սերժ Սարգսյանը հնչեցրեց զորահանդեսային իր ելույթում. «Ազատությունն ու անկախությունը պաշտպանության կարիք ունեն ոչ միայն արտաքին սպառնալիքներից: Մեր քաղաքացիները ևս պետք է ազատ լինեն, որովհետև ազատ մարդն ու ազատ հասարակությունն անհամեմատ ավելի արդյունավետ են գործում: Մենք կարող ենք և պետք է շարունակենք կառուցել արդյունավետ երկիր, որը կպաշտպանի ազատ քաղաքացուն և ազատ հասարակությանը: Անազատ մարդիկ տեսականորեն կարող են ստեղծել շատ բան, բայց ոչ երջանկություն»:

Իբր, մինչեւ հիմա «արդյունավետ երկիր» էր կառուցում, հիմա էլ խոստանում է շարունակել: Ազատ մարդու եւ ազատ հասարակության մասին խոսում է մի մարդ, որն ընտրություններում «տոկոս է խփում»: Նման բան տեղի է ունենում միայն անազատ հասարակության գոյության պայմաններում, ինչին էլ հաջողությամբ հասել է Սերժ Սարգսյանը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը