Քաղաքական

21.09.2016 15:43


Ռ․Կարապետյան․ «Զիջեցինք ինքիշխանությունը, թուլացրեցինք պետականությունը»

Ռ․Կարապետյան․ «Զիջեցինք ինքիշխանությունը, թուլացրեցինք պետականությունը»

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Կարապետյանի համար անկախացած Հայաստանի պատմության մեջ ամենակարևոր ձեռքբերումներն են անկախության երկարատևությունը և նոր անկախ սերունդը:

«Սա վերջին 7 դարերի ընթացքում Հայոց պետականության գոյության ամենաերկար ժամանակշրջանն է: Այս 25 տարիների ընթացքում ծնվեց և մեծացավ հայ երիտասարդների նոր անկախ սերունդը, որն ամենամեծ արժեքն է ինձ համար: Այդ սերնդի պայծառ ներկայացուցիչներն էին, որ ապրիլյան պատերազմում աներևակայելի սխրանքներ գործեցին, որի արդյունքում կասեցվեց թշնամու հեռահար ծրագիրը»,- «Zham.am»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Կարապետյանը:

Կարևոր ձեռքբերումներից նա համարում է նաև արցախյան հաղթանակը, որը նույնպես դարերի ընթացքում առաջին արձանագրված հայ զենքի հաջողությունն էր՝ հայ զինվորի հաղթանակը:

Ինչ վերաբերում է բացթողումներին, ապա Կարապետյանն առանձնացրեց ամենաառաջնայինները: Դրանցից մեկն այն է, որ 25 տարվա ընթացքում մենք չկարողացանք կառուցել այնպիսի կառավարման համակարգ, որն արդար, հավասար պայմաններ կարող էր ստեղծել բոլոր քաղաքացիների համար:

Մյուսը պետական շահն այլ շահերին ստորադասել չկարողանալն էր:

«Մենք, ցավոք, չկարողացանք նաև այս տարիների ընթացքում պետական շահին ստորադասել կլանային, կուսակցական, ընտանեկան և այլ տեսակի մանր շահերը: Սրա արդյունքում մենք զիջեցինք մեր ինքիշխանությունը և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը, թուլացրեցինք մեր պետականությունը: Այսօր Հայոց պետականությունը կանգնած է լրջագույն սպառնալիքների առջև, բայց դրանցից ամենակարևորը ներքին պառակտվածությունն է, համատարած և համընդգրկուն անվստահությունը մեր հասարակության մեջ: Երբ ներսում թույլ ես՝ ուժերդ ջլատված են, անհնար է դիմակայել լուրջ արտաքին մարտահրավերներին»,-եզրափակեց Կարապետյանը:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը