Լրահոս

21.09.2016 14:20


1991թ. սեպտեմբերի 21-ը և 2016-ի սեպտեմբերի 21-ը

1991թ. սեպտեմբերի 21-ը և 2016-ի սեպտեմբերի 21-ը

Վաղուց, շատ վաղուց Հայաստանը 25 տարի անընդմեջ անկախ չէր եղել: Հիմա հպարտորեն կարող ենք ասել, որ մենք քառորդ դար անկախ ենք եւ վստահաբար ասում ենք, որ անելու ենք ամեն ինչ, որ այն հարատեւ լինի:

Ինչպիսին էր Հայաստանը 1991թ. սեպտեմբերի 21-ին: Այսօր շատերը մոռացել են այդ Հայաստանը, շատերը չեն տեսել այդ Հայաստանը, քանի որ անկախության սերնդից են, ոմանք էլ ներգաղթել են անկախությունից հետո: Շատերն էլ ուզում են խեղաթյուրել պատմությունը:

Հպարտ եմ, որ Անկախության հանրաքվեի հանձնաժողովում էի ընտրատեղամասերից մեկում: Մի ամբողջ օր հետեւել եմ, թե ինչպես էին մարդիկ մտնում ընտրատեղամաս, ինչ հայացքով, ինչ աչքերով: Շատերը եկել էին իրենց երեխաների, թոռների հետ եւ անպայման ուզում էին, որ քվեաթերթիկը հենց երեխաներն իրենց ձեռքերով գցեն քվեատուփի մեջ:

Տեղամասը պետք է բացվեր առավոտյան ութին: Բնականաբար, պետք է տեղամասում լինեինք ութից շատ ավելի շուտ: Որքան մեծ էր զարմանքս, երբ առավոտյան յոթին տեղամասի մոտ հավաքված էին տասնյակ մարդիկ, հիմնականում մեծահասակներ, որոնք շտապում էին առաջինն իրենք «Այո» ասեն Հայաստանի անկախությանը: Նրանցից մեկն անգամ պահանջեց տեղամասը բացել նախատեսվածից շուտ:


Հիմա ոմանք կմտածեն, թե չափազանցնում եմ կամ հորինում: Այո, եղել է հենց այսպես: Եւ հակառակ ոմանց պնդումներին, թե ժողովուրդը ափսոսում էր ԽՍՀՄ փլուզման համար, նույն այդ ժողովուրդը շտապում էր վայրկյան առաջ կողմ քվեարկել Հայաստանի անկախությանը: Եւ այն ժամանակ որեւէ մեկի մտքով չէր անցնում սպասել ընտրակաշառքին, որեւէ մեկի մտքով չէր անցնում «ժողովրդին» միկրոավտոբուսներով բերել քվեարկության, եւ որեւէ մեկի մտքով չէր անցնում ընտրակաշառք բաժանել կամ կեղծել արդյունքները: Երբ հանձնաժողովի անդամներից մեկը՝ Մամիկոնը ոգեւորված հայտարարեց, որ եթե տեսնի, որ անկախության հակառակորդների քվեները շատ են՝ կվառի այդ քվեաթերթիկները, այնպես նայեցինք նրան, որ անմիջապես ասաց, թե կատակ է անում: Եղել են այսպիսի ժամանակներ, եղել են այսպիսի մարդիկ:

Մեզ հետ միասին նույն ընտրատեղամասում մի ամբողջ օր անցկացրեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը: Հիմա նա տաքսի է քշում: Չեմ պնդում, թե դա վատ է կամ լավ, պարզապես արձանագրում եմ: Իսկ Անկախության հանրաքվեի օրը նրա հետ խոսում էինք, թե ինչպիսին պետք է լինի անկախ Հայաստանը: 1991թ. սեպտեմբերի 21-ին մենք շատ միամիտ էինք եւ լավատես: Մենք վստահ էինք, որ Իսրայելի նման ուժեղ երկիր ենք ունենալու, մենք վստահ էինք, որ «Ջերմուկի» համար այլ երկրներն իրար ծեծելու են, մեր մտքով չէր անցնում, որ Հայաստանում ընտրությունները կեղծվելու են, իշխանությունը բռնազավթելու են, արտագաղթ է լինելու, մարդիկ աղքատ են ապրելու: Մենք անգամ չէինք պատկերացնում, որ Արցախի ազատագրման համար մեծ պատերազմ է լինելու, թեեւ արդեն առաջին կրակոցները եղել էին, եւ արդեն նահատակվել էր Մովսես Գյորգիսյանը: Այն Գյորգիսյանը, որը դեռ սեպտեմբերի 21-ից առաջ՝ 1989թ. մայիսի 28-ին առաջինը մեզանում Ազատության հրապարակում ծածանեց մեր եռագույն դրոշը:

Մենք մտածում էինք եւ վստահ էինք, որ աշխարհի տարբեր երկրներից հայերը կշտապեն վերադառնալ անկախ Հայաստան: Աննկատ եկավ ձայները հաշվելու ժամանակը: Մենք երջանիկ էինք: Գրեթե բոլորն «Այո» էին ասել: Ոտքի վրա նշեցինք Հայաստանի ծնունդը: Անկախ կուսակցական պատկանելիությունից ուրախ էինք: Ուրախ էր անգամ այն դպրոցի կոմունիստ տնօրենը, որտեղ գտնվում էր մեր ընտրատեղամասը: Ուրախ էին ՀՀՇ-ականները, ԱԻՄ-ականները՝ բոլորը: Դաշնակցականները չկային: Նրանք հարկ չէին համարել ներկայացուցիչ ուղարկել: Սա էլ արձանագրենք պատմության համար: Նրանք դեմ էին անկախությանը՝ ճիշտ այնպես, ինչպես 1918թ. մայիսի 28-ին, երբ վախեցան հռչակել Հայաստանի անկախությունը, մտածելով, որ կնեղացնեն ռուսներին:

Այդ օրը լրագրողները Վանո Սիրադեղյանին հարցրին, թե ինչպիսին է լինելու սեպտեմբերի 22-ը, իսկ նա ասաց, թե սովորական մի օր, բայց նա սխալվում էր: Իհարկե, արտաքուստ ոչինչ չփոխվեց: Նույն մարդիկ էին, նույն շենքերը, խանութում վաճառվող նույն ապրանքը, բայց արդեն մենք գոյություն ունեինք: Մինչ սեպտեմբերի 21-ը աշխարհի քարտեզի վրա մենք չկայինք, եւ չէր կարող սեպտեմբերի 22-ը նման լինել սեպտեմբերի 20-ին:


1991թ. սեպտեմբերի 21-ին մենք լավատես էինք եւ միամիտ: Ճիշտ է, արդեն շատերը հասկացան, որ հակառակ կոմունիստական պրոպագանդայի, Թուրքիան անկախության հռչակումից հետո չի հարձակվելու Հայաստանի վրա, բայց դեռ շատերը կարծում էին, թե Մոսկվա կամ Թբիլիսի գնալը բարդ գործ է լինելու, ճիշտ այնպես, ինչպես ԽՍՀՄ տարիներին բարդ էր անգամ Վարշավա կամ Թեհրան գնալը:

Մենք միամիտ էինք, քանի որ մտքներովս անգամ չէր անցնում, որ մեր կողքին կգտնվեն մարդիկ, որոնք կցանկանան ամեն գնով կառչած մնալ իշխանությունից, որ կգտնվեն մարդիկ, որոնք կհարստահարեն ժողովրդին, իսկ ժողովուրդն էլ կաղքատանա եւ կհեռանա հայրենիքից եւ անգամ փողով կծախի իր ձայնը՝ նույնն է, թե հոգին:

1991թ. մինչ այսօր մենք նաեւ մեծ նվաճումներ ունենք: Մենք ճանաչված ենք աշխարհի կողմից, մենք ունենք ազատագրված Արցախ, եւ որ ամենակարեւորն է՝ ունենք մի սերունդ, մի հրաշալի սերունդ, որի մտքով անգամ չի անցնում, որ Հայաստանը կարող է անկախ չլինել, կամ Արցախը կարող է Հայաստանի կազմում չլինել: Ես եւ իմ սերնդակիցները, ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները, երբ տեսնում ենք Ադրբեջանում կամ այլ երկրներում տպագրված քարտեզներ, որտեղ Արցախը դեռ պատկերված է Ադրբեջանի կազմում, չենք նյարդայնանում եւ չենք հուզվում, իսկ անկախության սերնդի ներկայացուցիչները բարկանում են, ասելով՝ թե սրանց տեսեք, սրանց ախորժակին նայեք: Սա է մեր ամենակարեւոր եւ մեծ նվաճումը: Ի վերջո հենց այս սերունդն է ամրացնելու անկախությունը եւ զարգացնելու մեր երկիրը, քանի որ նրանք, ովքեր կոմերիտական ակտիվիստներ են եղել եւ երազել են կոմունիստ դառնալու մասին, հազիվ թե, կարողանան լրջորեն նպաստել մեր երկրի կայացմանը եւ զարգացմանը:

Այսօր ցավով ասում ենք նաեւ, որ անցած տարիներին ունեցել ենք լուրջ կորուստներ, ձախողումներ, որոնցից ամենաէականը ժողովրդավարության ճանապարհից շեղվելն է: Մենք այսօր տառապում ենք քաղաքական եւ տնտեսական մենաշնորհներից: Այդ մենաշնորհները քայքայում են մեր երիտասարդ երկիրը: Մենք թուլանում ենք ընտրակեղծիքներից եւ աղաղակող անարդարություններից:

Այսպիսին ենք մենք 2016թ. սեպտեմբերի 21-ին: Եւ հիմա մենք հասել ենք մի կարեւոր ջրբաժանի, եւ ազգովի պետք է որոշենք, թե ինչ ճանապարհով պետք է ընթանա մեր երկիրը: Կարծում եմ, որ գերակշռող մեծամասնությունը դեմ է, որ մենք վերածվենք Ուզբեկստանի կամ Թուրքմենստանի: Վերջին հաշվով Ուզբեկստանի կամ Թուրքմենստանի վերածվելու համար նախ եւ առաջ պետք է, որ հայերի փոխարեն այստեղ ուզբեկներ կամ թուրքմեններ բնակվեն: Վստահաբար կարող եմ ասել, որ մեր ժողովուրդը ցանկանում է, որ Հայաստանը լինի ժողովրդավարական պետություն, որտեղ չխախտվեն մարդու իրավունքները, չկեղծվեն ընտրությունները եւ չլինեն մենաշնորհներ:

Անկախության նվաճումից 25 տարի անց մենք ստեղծեցինք «Համախմբում» կուսակցությունը միայն ու միայն մեկ նպատակով՝ օգնել, որ Հայաստանը վերածվի ժամանակակից եւ զարգացող պետության:

Եւ թեեւ այսօր մենք բախվում ենք բազմաթիվ մարտահրավերների, եւ բախվելու ենք նաեւ վաղը, այսուհանդերձ, մենք հավատում ենք, որ համախմբվելով մի օր եւ շատ շուտով կհասնենք նրան, որ.

Հայաստանում ընտրություններն այլեւս չեն կեղծվի, եւ ընտրակաշառքի խայտառակ մեխանիզմն արմատախիլ կլինի:

Հայաստանում կվերանան տնտեսական խայտառակ մենաշնորհները:

Հայաստանում կվերականգնվի արդարադատությունը եւ ժողովուրդը կվստահեն դատաիրավական համակարգի ներկայացուցիչներին, որոնք կդառնան ոչ թե վարչախմբի, այլ ժողովրդի պաշտպանները:

Հայաստանում ներգաղթի ալիքը կհասնի անգամ Մեղրի եւ Ամասիա:

Հայաստանում այլեւս որեւէ մեկի շուրթերից չենք լսի, թե այս երկիրն ապագա չունի:


Մենք վստահ ենք եւ հավատում ենք, որ շատ շուտով էջմիածնեցին եւ գյումրեցին, գորիսեցին եւ վանաձորցին, մեր երկրի մյուս քաղաքների եւ գյուղերի բնակիչներն առանց որեւէ մեկից սարսափելու կգնան ընտրատեղամաս եւ կքվեարկեն իրենց նախընտրած կուսակցության կամ թեկնածուի օգտին, եւ առանց որեւէ թաղային հեղինակության հետ համաձայնեցնելու կզբաղվեն իրենց նախընտրած գործով, իսկ մարդկանց աչք հանողները, թեկնածուներ առեւանգողներն ու ծեծողները, ընտրակեղծարարները եւ մեր պետության մյուս հակառակորդները կհայտնվեն համապատասխան տեղում, իսկ ժողովուրդը արժանապատիվ աշխատանքով կկերտի ժամանակակիւց եւ զարգացող մի երկիր:

Գեղամ Նազարյան
«Համախմբում» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը