Մեկնաբանություն

21.09.2016 00:10


Սա ցինիզմ է

Սա ցինիզմ է

Անկախության նախօրեին մարդասպանությունը վկայում է այն մասին, որ մենք լավ օրերի չպետք է սպասենք: Մանավանդ երբ մարդասպանությունից ժամեր անց նախագահականում տոնական պարգևներ հանձնելու արարողություն է իրականացվում: Սա ցինիզմ է: Պարզ ապացույց, որ հանձնողը թքած ունի մարդու իրավունքների և ընդհանրապես մարդու կյանքի վրա: Տարրական բարոյականությունը պահանջում էր հետաձգել Բաղրամյան 26-ի տոնական միջոցառումը: Սակայն ումից ինչ ենք ակնկալում (չմոռանանք՝ տասը զոհի գնով է զավթել իշխանությունը):

Ողբերգական դեպքի մասին տեղեկատվություն տարածելուց կես ժամ առաջ Աշոտյանը լպիրշաբար հայտարարում էր, թե «Ազգաբնակչությունը սատարում է մեզ»: Իսկ նրա առաջնորդն արդեն ութ տարի բոլոր ամբիոններից խոսում է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության մասին, որոնք զարգացնելու և արմատավորելու ուղղությամբ ինքն, իբր, աշխատում է: Իրականում ոչինչ էլ չի անում, բացի ընտրություններում տոկոս խփելու ուղղությամբ ջանքեր գործադրելուց:

ՀՀ ոստիկանության կողմից օպերատիվորեն տարածած հաղորդագրությունն էլ ցինիզմի և լպիրշության դրսևորում է: 2013-ի ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետարանի դիմաց սպանեցին ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանին: Սակայն մինչ օրս այդ հանցագործությունը բացահայտված չէ (չենք խոսում արդեն Վահե Ավետյանի, Լիսկայի տան բակում սպանված հայոց բանակի սպայի և այլ հանցագործությունների մասին, որոնք այդպես էլ լիարժեքորեն չեն բացահայտվել. բազում հարցականները մնում են):

Իսկ ահա ՏԻՄ ընտրություններում Գյումրու ավագանու ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնող ԲՀԿ-ական թեկնածուի որդու սպանության առիթով ոստիկանությունն անմիջապես հաղորդագրություն է տարածում՝ նշելով, թե Վարդևան Գրիգորյանի որդու դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում՝ ատրճանակն էլ կողքին: Այս օպերատիվությունն ապշեցնում է: Իսկ ՀՀ երկրորդ քաղաքում ՏԻՄ ընտրությունների համատեքստում տեղի ունեցած մարդասպանությունը ապշեցնելուց զատ՝ վերստին ապացուցում է, թե ինչ որակի իշխանության հետ գործ ունենք:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը