Կարծիք

20.09.2016 13:40


Սերժ Սարգսյանն այն աստիճան չի վստահում իր «թիմին», որ անձամբ է ղեկավարելու ՀՀԿ-ի նախընտրական շտաբը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանն այն աստիճան չի վստահում իր «թիմին», որ  անձամբ է ղեկավարելու ՀՀԿ-ի նախընտրական շտաբը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանն անձամբ է ղեկավարելու ՀՀԿ-ի նախընտրական շտաբը. իյա՜, իրո՞ք: Բա «նախագահություն» ո՞վ է անելու: Փաստորեն, Սերժ Սարգսյանն այս աստիճան չի վստահում իր «թիմին»: Կամ էլ չկա այնպիսի մարդ, որին անվերապահորեն կենթարկվեն ՀՀԿ-ի տարբեր խմբերը: Դե, բնական է, սա իր վարած «մենեջմենթի» արդյունքն է: Ինչպես երկիրն է ղեկավարում՝ պառակտելով հասարակությանն ու մեկին մյուսի դեմ հանելով, այնպես էլ իր կուսակցությունն է «միկրոկուսակցությունների» բաժանել:

Հիմա էլ հայտնվել է այնպիսի վիճակում, որ հույսը ոչ մեկի վրա չի կարող դնել. ՀՀԿ-ի կլաններն այնքան պառակտված են, որ նա այդտեղից էլ է վտանգ տեսնում: Դե, համ էլ հավերժ իշխանությունը խաղ ու պար չի. այսպիսի գործը նույնիսկ հարազատ եղբորը չես կարող վստահել, ուր մնաց՝ «կուսակիցներին», որոնք, մեծ հաշվով, թքած ունեն՝ կլինի՞ ինքը իշխանության ղեկին, թե ոչ: Իրենք, մեկ է, մի գիշերվա ընթացքում կուսակցական տոմսերը կփոխեն, շատերն էլ մեկ այլ կուսակցության լոգոյով դաջվածքներ կանեն, ու կպարզվի, որ վաղուց արդեն հանրապետական չէին:

Բայց հասկանո՞ւմ եք՝ ինչ խայտառակ, ամոթալի վիճակ է: Երկրի փաստացի ղեկավարը, իշխող կուսակցության ոչ բարով «առաջնորդն» իր կուսակցության շարքից մարդ չի կարողանում գտնի նախընտրական արշավը կազմակերպելու համար: Չնայած, ի՞նչ ենք զարմանում. վարչապետ էլ չկարողացավ գտներ, դրսից մասնագետ կանչեց: Ձեռքը ճար լիներ, երևի հենց ինքն իրեն վարչապետ էլ կնշանակեր, ԱԺ նախագահ էլ, գլխավոր դատախազ էլ ու էլի ինչքան բարձր պաշտոն կա՝ ինքն իրեն կտար: Թե չէ ինչ մի ձևականությունների հետևից ընկնել, մեկ է՝ բոլորին էլ պարզ է, որ առանց իր «դաբրոյի»՝ ոչ ոք որևէ որոշում չի կայացնում այս երկրում:

ՀՀԿ-ին մոտ կանգնած հավաստի աղբյուրների տեղեկություններով՝ այսուհետ Սերժ Սարգսյանը նաև իշխանական քեֆերի թամադան է լինելու. անձամբ է գլխավորելու ու ղեկավարելու քեֆերը, թե չէ անհարմար բան է ստացվում: Ի՞նչ կա, որ. ղեկավարելու բան լինի՝ Սերժ Սարգսյանը միշտ պատրաստ է:

Հ.Գ. Բայց, իրոք, չեմ հասկանում՝ դա ընդհանրապես օրինակա՞ն է: Չնայած, ես Սերժ Սարգսյանին նախագահ երբեք չեմ ընտրել, բայց ինչ-ինչ հանգամանքների բերումով նա այդ պաշտոնն է զբաղեցնում, ու հետաքրքիր է, թե ինչպես է համատեղելու: Չնայած, երկիր է, էլի, մի կերպ առանց նախագահ էլ յոլա կգնա. ի վերջո, ոչ առաջին անգամն է, ոչ էլ վերջին, երբ նա թքում է իր պաշտոնեական պարտականությունների վրա ու անձնական խնդիրներ լուծում:

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը