Կարծիք

28.10.2010 12:23


Հայաստանի ռեսուրսը

Հայաստանի ռեսուրսը

Ինչքա՞ն հայ ա ապրում էսօր աշխարհում: Էս հարցին հստակ պատասխան չկա: Շատ տարբեր թվեր են բերվում: Բայց համարյա բոլորը համաձայն են, որ դրսում ավելի շատ հայ ա ապրում, քան ներսում' Հայաստանում:

Ինչի՞դ ա պետք էդ թվաբանությունը, կհարցնեն շատերը, դրսում ապրող հայերը քեզ ինչո՞ւ են էդքան հետաքրքրում, Հայաստանի խնդիրները հայաստանցիներս ենք լուծելու: Էլի որ: Ես էլ գիտեմ, որ Հայաստանի խնդիրները հայաստանցիներս ենք լուծելու, բայց ես կուզենայի, որ հայաստանցիների թիվը աճեր: Խոսքը տվյալ դեպքում բնական աճի մասին չի, բնական աճի դեպքում էսօր ծնվածը չափահաս կդառնա երկու տասնամյակ հետո, ինչը շատ ուշ ա: Խոսքն էն մասին ա, որ հայաստանցիների թիվը աճի գիտակից որոշումով հայաստանցի դարձողների, ավելի պարզ ասած' ներգաղթողների հաշվին:

Թող դեռ արտագաղթը կանգնացնենք, հետո ներգաղթի մասին կմտածենք, կասեն ոմանք: Իսկ ես վստահ եմ, որ արտագաղթը կանգնացնելու ամենառեալ ճանապարհը էն տեսակ քաղաքականություն վարելն ա, որ կխրախուսեր ներգաղթը:

Էսօրվա շատ երկրներում զարգացման գործոններից մեկը մարդկային ներհոսքն ա:  Ոմանց կարող ա թվալ, թե դա ընդամենը չկարգավորվող սպոնտան գործընթաց ա. մարդիկ ձգտում են դեպի ավելի մեծ հնարավորություններ ու ապահովություն: Իսկ իրականում պետությունները հաճախ լավ էլ ուղղորդում են գործընթացը, ներհոսքը հրելով դեպի պետության համար նպաստավոր հուն: Եւ ներմուծում են էն, ինչն իրանց պետք ա' ամենաորակյալ կադրերից մինչեւ ամենացածր աշխատանքի պատրաստ աշխատուժ:

Ես գիտակցում եմ, որ էսօրվա իրավիճակում շատերը կդժվարանան պատկերացնել, թե Հայաստանի պետությունը կարող էր վարել նման քաղաքականություն: Բայց եթե ոչ թե ելնենք էսօրվա վիճակից, այլ այլընտրանքային տարբերակ փնտրենք, կտեսնենք, որ տարբերակի այլընտրանքայնությունը ամենից առաջ հենց էս հարցում կարող ա արտահայտվել: Ընդ որում, էս առումով, տարբերակը այլընտրանքային կլինի ոչ միայն ներկա իշխանությունների, այլ նաեւ մինչեւ հիմա եղած հայկական բոլոր իշխանությունների վարած քաղաքականության համեմատ:

Հայաստանում ինչ էլ անես, բախվում ես ռեսուրսի բացակայությանը: Էդ խնդիրը կա անխտիր բոլոր բնագավառներում: Մարդիկ քիչ են: Սա փաստ ա: Ու անկհայտ ա,  որ քաղաքականությունը պետք ա կառուցել' ելնելով էդ փաստից: Բայց էդ փաստից ելնելով' կարելի ա շարժվել երկու հակադիր ուղղությամբ: Ռեսուրսների քչությունը կամ դարձնում ես քո քաղաքականության հիմքը, կամ դարձնում ես քո քաղաքականության թիրախը: Առաջին դեպքում հարմարվում ես, երկրորդ դեպքում վարում ես ակտիվ քաղաքականություն: Էս երկրորդը երեւի թե ավելի դժվար ա: Բայց դժվար ճանապարհներն են հաճախ ավելի արդյունավետ լինում:

Ո՞նց կարելի ա դրսից ներմուծել մարդկային ռեսուրսներ: Եթե հարուստ երկիր ես, պարզ ա թե ոնց' հրապուրելով բարձր աշխատավարձով ու լավ պայմաններով: Իսկ եթե հարուստ երկիր չե՞ս: Իսկ եթե հարուստ երկիր չես, ուրեմն պետք ա ունենաս կամ ստեղծես ուրիշ տեսակի քաշողական ուժ: Մարդկային տեսակ կա, որ ձգտում ա դեպի ապահովություն ու հարստություն, մարդկային տեսակ էլ կա, որ ձգտում ա դեպի էն տեսակ վայրեր, որտեղ հաջողության շանսը կապված ա ռիսկի ու նորության հետ: Հենց մարդկային էս տեսակն ա էսօր պետք Հայաստանին: Պետք ա ու պակասում ա: Ու պակասում ա ամենից առաջ հենց էն պատճառով, որ Հայաստանում տարվող քաղաքականությունը չի ուղղված մարդկային էդ տեսակը խրախուսելուն, հակառակը' ուղղած ա փակ համակարգեր ստեղծելուն ու նորեկներին հալածելուն: Ներսում ա մարդկային էդ տեսակը հալածվում, ուր մնաց ներմուծեին դրսից:

90-ականների սկզբին, երբ որ Հայաստանը նոր էր անկախացել, նման մի գործընթաց բնական ճանապարհով, առանց հատուկ խրախուսման, տեղի էր ունենում: Ահագին թվով մասնագետներ, ու ոչ վատ մասնագետներ, զարգացած երկրներից եկան Հայաստան' ոգեւորված նոր երկիր կառուցելու հնարավորությամբ: Բայց եկածների շատ փոքր մասը կարողացավ սեփական հնարավորությունները իրագործել, մեծ մասը հիասթափված հետ դարձավ: Եղան նաեւ բարձր պաշտոնների տիրացած մի երկու արկածախնդիր, որոնք ոչ ինքնակամ հեռացան:   Հնարավո՞ր էր դեպքերի ուրիշ տեսակ զարգացում, հնարավո՞ր էր, որ սփյուռքից եկող ներհոսքը ինքնուրույն դրական գործոն դառնար նորանկախ Հայաստանում: Իմ հաստատ համոզմամբ' հնարավոր էր, բայց դրա համար պետք չէր ամեն ինչ թողնել ինքնահոսի, պետք էր վարել որոշակի պետական քաղաքականություն: Բայց էդ քաղաքականությունը չտարվեց, ու դա պատահականություն չէր, այլ իշխանության ղեկի մոտ հայտնված մարդկանց գաղափարական պատկերացումների արդյունքն էր:

Բայց անցյալը թողնենք անցյալում, հնարավո՞ր ա էսօր, ավելի ճիշտ' վաղը, մեր երկրում վարել էն տեսակ քաղաքականություն, որ դրսից ներհոսք սկսվի դեպի Հայաստան: Ես կարծում եմ, դա ոչ միայն հնարավոր ա, այլ նաեւ' դա հենց էն նշանը կլինի, որ ցույց կտա, թե Հայաստանում իսկապես քաղաքական փոփոխություն ա կատարվել:

Խոսքն էն մասին ա, որ Հայաստանը դրսից սկսի ներմուծել ոչ միայն լավ մասնագետների, այլ նաեւ պահանջկոտ քաղաքացիների: Ասածս առաջին հայացքից կարող ա ֆանտաստիկ թվալ, բայց ես վստահ եմ' դա հնարավոր ա: Մեր աչքի առաջ Հայաստանից հեռանում են հենց էդ մարդիկ' լավ մասնագետներն ու պահանջկոտները: Հեռանում են ու դառնում ուրիշ երկրների լավ քաղաքացիներ: Էդ մարդիկ Հայաստանի ռեսուրսն են, ու առանց իրանց' Հայաստանը չի կարող լինել լիարժեք պետություն: Ու խոսքն էն մասին չի, որ գնացածները վերադառնան հայրենասիրական հանկարծահաս մղումի արդյունքում: Խոսքն էն մասին ա, որ Հայաստանը վարի դրսում գտնվող հայերին դեպի իրան քաշելու հստակ ու հետևողական քաղաքականություն: Իսկ դրա համար նախ պետք ա, որ էդ տեսակ քաղաքականություն վարելու ընդունակ մարդիկ գան իշխանության: Իսկ դրա համար, իրա հերթին, նախ պետք ա ձեւավորվի նման քաղաքականությունը կարեւոր համարող քաղաքական ուժ: Հայաստանում էսօր չկա նման ուժ, իսկ դրա պահանջարկը կա: Էս տեքստը կարող եք համարել էդ պահանջարկին ձեւակերպված տեսք տալու առաջին փորձերից մեկը:

Մարինե Պետրոսյան

Այս խորագրի վերջին նյութերը