Կարծիք

19.09.2016 11:55


Սերժ Սարգսյանը, Հայաստանը մաս-մաս անելով, բաժանել է այն իր վասալների միջև

Սերժ Սարգսյանը, Հայաստանը մաս-մաս անելով, բաժանել է այն իր վասալների միջև

Էջմիածնում օրերս տեղի ունեցած դեպքերը թեև վայրագ և ամոթալի են, սակայն միանգամայն տրամաբանական: Չգիտեմ՝ կայի՞ն իրոք այնպիսի մարդիկ, որոնք հավատացել էին Սերժ Սարգսյանի կողմից հայտարարված «բարեփոխումներին» և «ազգային համաձայնության» կառավարություն ձևավորելու խոստումներին: Սա է Սերժ Սարգսյանի պատրկերացրած «ազգային համաձայնությունը», իսկ ով համաձայն չէ՝ «հանրապետականի ազգից» չի:

Ինչո՞ւ տրամաբանական: Որովհետև եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք. Հայաստանը ֆեոդալական բռնապետություն է, և Սերժ Սարգսյանը, Հայաստանը մաս-մաս անելով, բաժանել է այն իր վասալների միջև: Էջմիածինը՝ Մանվել Գրիգորյանին, Սյունիքը՝ Լիսկային, և այսպես շարունակ: Բաժանելով երկիրը՝ նա այլևս չի խառնվում այդ ֆեոդալների ներքին գործերին, և այնտեղ չեն գործում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները: Այդ մարդիկ Սերժ Սարգսյանից հող և իշխանություն են ստացել և կառավարում են իրենց հատուկ ձևերով:

Հաճախ ասում ենք, թե Սերժ Սարգսյանը կործանման է տանում Հայաստանի պետականությունը: Ճշմարտությունն այն է, որ պետականությունն արդեն կործանված է. Սահմանադրությունը և օրենքները չեն գործում, իսկ պետական կառավարման կառույցներին փոխարինել են ցեղախմբային իշխանական ինստիտուտները: Ու զարմանալին այն է, որ մենք, կարծես, համակերպվել ենք այս իրականության հետ: Սա է ամենացավալին:

Եվ այստեղ արդեն անձերը կապ չունեն: Մամուլը հեղեղված է Էջմիածնի դեպքերի մասնակիցների փոխադարձ մեղադրանքներով, իսկ միակ մեղավորը Բաղրամյան 26-ում է: Ու թող ոչ ոք չասի, թե այս վասալական հարաբերությունները Սերժ Սարգսյանից առաջ են եղել: Բա մեծ-մեծ խոսում էր, բավականին ժամանակ ուներ՝ իրավիճակը փոխելու համար: Բայց չէ, նրան ձեռք է տալիս այս իրավիճակը, Մանվել Գրիգորյանն էլ ձայներ է բերում ընտրությունների ժամանակ, պետք եղած ժամանակ էլ՝ զենքով ու բռունցնքերով «ազգային համաձայնություն» քարոզում:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը