Մեկնաբանություն

18.09.2016 17:25


Սերժ Սարգսյանի փորձարկումը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի փորձարկումը (տեսանյութ)

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները յուրօրինակ փորձարկում են Սերժ Սարգսյանի համար։ 2017–ից առաջ նա փորձարկում է իր թիմի մարտունակությունը։

Էջմիածնում, օրինակ, ՀՀԿ–ի գաղափարական թևի ներկայացուցիչ Մանվել Գրիգորյանի թիմակիցները ծեծել են քաղաքապետի թեկնածուի։ Հնչել են կրակոցներ։ Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի զարգացումներ կունենանք այս տխուր ու վտանգավոր պատմությունից հետո՝ պարզ է, որ Սարգսյանը և տեղական նշանակության սարգսյանները պատրաստ են ֆիզիկական ուժի դիմել վերարտադրվելու համար։

Սա նշանակում է, որ հանրությունը պետք է հետևություններ անի։ Բռնությանը դիմադրելու իրավունքը դեռ որևէ մեկը չի չեղարկել։ Եվ ուրեմն, ամեն ինչ հնարավոր է դառնում։

Իշխող թիմը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ու թողտվությամբ, փաստորեն, դառնում է ցնցումների պատվիրատու։ «Սասնա ծռեր» խմբի ծնունդը հենց այդ պատվերի ապահովումն էր։ Սարգսյանն, իհարկե, նման բան չէր պլանավորել, բայց այդպես ստացվում է։ Բ26–ն ինքն է ցնցումային տարբերակ ընտրում։ Թե ում է դա ձեռնտու, դժվար չէ կռահել։ Համենայնդեպս, ոչ Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն։

Ինչ մնում է իրական փոփոխությունների ձգտող քաղաքական ուժերին, ապա այս հատվածում էլ հետևություններ անելու անհրաժեշտություն կա։ Սարգսյանը մահապարտի կարգավիճակով է գործում։ Հանրության ու քաղաքական մարդկանց խնդիրը պետք է լինի փոփոխություններին առանց ցնցումների հասնելը կամ փոփոխությունների ճանապարհին ցնցումները նվազեցնելը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը