Կարծիք

16.09.2016 14:06


Ասա՝ համակիրներդ ովքեր են, ասեմ՝ ով ես դու

Ասա՝ համակիրներդ ովքեր են, ասեմ՝ ով ես դու

Ասա՝ համակիրներդ ովքեր են, ասեմ՝ ով ես դու։ Հիմա էլ Սամվել Բալասանյանն է, ում կողմնակիցները սպառնացել են ծխախոտ հանգցնել մի ԿՆՈՋ վրա, ով ընդամենը կոնստրուկտիվ քննադատության է ենթարկել նրա գործունեությունը։ Բայց արի ու տես, որ մեր երկրում էսպիսի բարքեր ու խաղի կանոններ են հաստատվել, որ բողոքի ցանկացած ձայն փորձում են բռնի ուժով լռցնել։

Դե, բա էլ ինչի՞ էիք սպասում, երբ երկրի նախագահի աթոռը զավթած անձն իր տեղում է հայտնվել մարտի 1-ի 10 զոհի գնով, և ոստիկանական մի էնպիսի համակարգ է կառուցել, որի աշխատողները, առանց երկար-բարակ մտածելու, մտնում են մարդկանց տներ ու երեխաների աչքի առաջ սպառնում բռնի ուժ կիրառել, վառում երեխաներով լի տներ, դաժան ծեծի ենթարկում մի մարդու, ով վրդովվում է, որ նրա տան բակը պայթուցիկ սարք են նետում այն ժամանակ, երբ նրա բալիկը քնած է լինում։ Ի՞նչ էիք սպասում մի երկրում, որտեղ երկրի նախագահը հենվում է մարդկանց ծեծող և սպանող մարզպետների վրա, որտեղ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի եղբայրը փայ է պահանջում ցանկացած՝ քիչ թե շատ աշխատող բիզնեսից, որտեղ տարատեսակ աղմկահարույց սկանդալների խառնված մարդիկ նշանակվում են դեսպաններ, որտեղ նախագահը չի ամաչում հայտարարել, որ ընտրությունների ժամանակ «ինչքան ուզում է, էնքան էլ խփում է», որտեղ լրագրողների նկատմամբ բռնի ուժի կիրառումը սովորական բան է։ Ու այսպես անվերջ։

Բա էլ ի՞նչ էիք ուզում։ Որ ձեզ հարգանքո՞վ վերաբերվեն։ Չկա՛ նման բան, ՉԿԱ՛։ Էսօր սպառնում են Կիմա Եղիազարյանին, ժամեր անց կսպառնան ձեզ, իսկ օրեր անց արդեն կմտնեն ձեր տներ ու սպառնալիքներն ի կատար կածեն։ Ոստիկանությունն էլ կողքից կօգնի։ Ահա էսպիսի՛ երկիր է կառուցել Սերժ Սարգսյանը։

Հ․Գ․։ Գործիս բերումով շաբաթը գոնե մեկ անգամ լինում եմ Գյումրիում ու շատ լավ տեղյակ եմ քաղաքի խնդիրներից։ Եվ, ի աջակցություն տիկին Կիմային, պետք է փաստեմ, որ քաղաքը գնալով ամայանում է, մարդիկ լքում են իրենց տները՝ ավելի լավ կյանք փնտրելով քաղաքից կամ երկրից դուրս, ճանապարհները ոնց եղել են քարուքանդ, այդպես էլ մնացել են, շենքերը կիսափլված վիճակում են։ Բա ի՞նչն է լավացել։ Թե՞ որ քաղաքի կենտրոնը մի փոքր բարելավվել է, ձեզ թվում է, որ ամեն ինչ լավ է։ Քաղաքը մենակ կենտրոն չի՛, հասկացե՛ք։ Ու ինչի՞ համար եք պաշտպանում Բալասանյանին։ Որ խոստանում է ձեր արյան և քրտինքով վաստակած փողը ժամանակին վճարե՞լ։ Ձեռ եք առնո՞ւմ։

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը