Լրահոս

16.09.2016 13:55


Շավարշ Կարապետյանի անձնազոհ քայլից հետո 40 տարի է անցել (լուսանկար, տեսանյութ)

Շավարշ Կարապետյանի անձնազոհ քայլից հետո 40 տարի է անցել (լուսանկար, տեսանյութ)

40 տարի առաջ այս օրը՝ 1976թ. սեպտեմբերի 16–ին, լողորդ Շավարշ Կարապետյանն անձնազոհաբար փրկեց Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի 20 ուղևորի կյանքը։

Դեպքի պահին լողորդն ավարտում էր իր ամենօրյա 20 կմ–ոց վազքը։ Տեսնելով կատարվածը՝ Շավարշն անմիջապես նետվում է ջուրը։ Նրան օգնում էր եղբայրը՝ Կամո Կարապետյանը։

10 մետր խորության վրա, պղտոր ջրում, որտեղ ոչինչ չէր երևում, Շավարշը ոտքերով կոտրում է տրոլեյբուսի հետին ապակին և սառը ջրից մեկ առ մեկ դուրս բերում ուղևորներին։ Կարապետյանը փրկում է 20 հոգու։ Իրականում նա ավելի շատ ուղևորների է հանել, սակայն ոչ բոլորին է հաջողվել փրկել։ Վերջին ուղևորին հանելիս նա կորցնում է գիտակցությունը։ 92 ուղևորից փրկվեց 46–ը։

Դրանից հետո Շավարշ Կարապետյանի մոտ արյան վարակում ու թոքաբորբ ախտորոշեցին։ Հիվանդանոցում նա 45 օր անցկացրեց։ Դուրս գրվելուց հետո նա սրտխառնոց էր ունենում ջրից։ Սպորտ վերադառնալն իրատեսական չէր թվում, սակայն Շավարշը վերադարձավ՝ 1977–ին գեղեցիկ հեռանալու համար. Կարապետյանը սահմանեց իր եզրափակիչ՝ 11–րդ ռեկորդը։

Ներկայումս 63–ամյա Շավարշն ապրում է Մոսկվայում, ՌԴ քաղաքացի է, 2 դուստր և մեկ որդի ունի։ Իր հերոսական քայլի համար բազմաթիվ մրցանակների է արժանացել, բայց ոչ ԽՍՀՄ–ի կողմից։

Կարապետյանը ստորջրյա լողի աշխարհի 11-ակի ռեկորդակիր է, աշխարհի 17–ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ 7–ակի չեմպիոն։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը