Կարծիք

15.09.2016 11:46


Մահամերձ տնտեսության ռեանիմացիան

Մահամերձ տնտեսության ռեանիմացիան

Վերջապե՛ս: Անցավ ընդամենը 8 տարի, և Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը բարձրաձայնեց երկրի տնտեսության ծանր վիճակի մասին: Տեղ հասավ. ինչպես ասում են, լավ է ուշ, քան ավելի ուշ: Ի՞նչ ասես… իրենց շուրջը տիրող աղետալի վիճակը տեսնելու համար նրանցից պահանջվեց ընդամենը 8 տարի և արտերկրում աշխատող մասնագետ, որ ուշադրություն դարձնի այն ծանրագույն խնդիրներին, որոնց հետ բոլորս ամեն օր ենք բախվում, և որոնց քաջատեղյակ ենք:

Դա մենք: Իսկ Սերժ Սարգսյանը երևի այլ իրականություն էր տեսնում: Իրականություն, որտեղ աղքատ ժողովուրդը կարողանում էր ինչ-որ տեղից գումար հայթայթել ոչ միայն սեփական չքավոր գոյությունը պահպանելու համար, այլև այդ միջոցներից մի բան էլ կտրում էր Սերժ Սարգսյանի ու նրա մտերիմների շքեղ և անհոգ կյանքն ապահովելու համար: Շատ էլ որ բողոքում են, ասում են՝ փող չկա, Սերժ Սարգսյանն այդ բողոքներին չի հավատում ու տարեցտարի ավելացնում է հարկային բեռը՝ կյանքն է՛լ ավելի անտանելի դարձնելով:

Հիմա վերջապես հասկացել են, որ այլևս թալանելու բան չկա և շուտով իրենք էլ են ստիպված լինելու զսպել իրենց անսահման ագահությունը: Ու դրա համար էլ երևի Կարեն Կարապետյանին են հրավիրել, որ նա մահամերձ տնտեսությունը ռեանիմացնի: Վերջապես հասկացել են, որ այդ փողը, որ ժողովրդից քերթում էին, օդից չի գալիս, որ գումար հնարավոր չէ ստանալ միայն հարկեր հավաքելով, այդ հարկերը պետք է վճարող լինի, վճարողն էլ ինչ-որ կերպով պետք է կարողանա բարիք ստեղծել, որի դիմաց գումար կստանա, դրա մի մասն էլ կտա ձեզ, որ գնաք Մոնակոյում ու Մակաոյում զվարճանաք, պետբյուջեի հաշվին «լավ ախպերների» կնունք-ծնունդ-հարսանիքներին մասնակցեք, բյուջեի հաշվին նախագահի ինքնաթիռով քեֆերի գնաք Մոսկվա ու եսիմ՝ ուր:

Սերժ Սարգսյանին ընդամենը 8 տարի պահանջվեց՝ հասկանալու համար, որ չաշխատած փող չի լինում, և եթե նա նույնիսկ այդ փողը գողանում է ժողովրդից, ժողովուրդը այդ փողը նախ պետք է աշխատի: Հայաստանի քաղաքացիներից ամեն մեկն իր բակում փոքրիկ Հայաստան չունեն, որ իրենք էլ անվերջ հարկեր բարձրացնեն, իրենց ժողովրդից փող քերեն, բերեն տան Սերժ Սարգսյանին:

Կարծում եմ՝ Կարեն Կարապետյանի կախարդական փայտիկի մասին խոսքն ուղղված էր ավելի շատ հենց Սերժ Սարգսյանին. իսկապես, 8 տարի երկիրը թալանեցին, կործանեցին տնտեսությունը, հիմա էլ ընտրություններից 6 ամիս առաջ Կարեն Կարապետյանին կանչել են, թե բա՝ մի բան արա:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը