Քաղաքական

27.10.2010 15:16


Սերժ Սարգսյանը խնդրել է հետաձգե՞լ Հայոց ցեղասպանության ընդունման հարցը

Սերժ Սարգսյանը խնդրել է հետաձգե՞լ Հայոց ցեղասպանության ընդունման հարցը

«YouTube»-ում տեղադրվել է մի տեսանյութ,  որտեղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայ երիտասարդի հետ զրուցելիս ասում է, թե հայ-թուրքական գործընթացի ժամանակ Սերժ Սարգսյանը զանգահարել է՝   իրեն՝ խնդրելով հետաձգել Ցեղասպանության բանաձևի ընդունումը։

Բայդենի և ամերիկահայ երիտասարդի միջև ամբողջ երկխոսությունը հետևյալն է (ոչ պաշտոնական թարգմանություն).

Հարց. «Ես ազգությամբ հայ եմ և ուզում եմ շնորհակալություն հայտնել Սենատում Ձեր կատարած աշխատանքի համար։ Մեկ հարց ունեմ։ Ես գործուն մասնակցություն ունեմ Ամերիկայի հայկական կյանքին, և գիտեք՝ մենք...»։

Բայդեն. «Այո՛, գիտեմ»։

Հարց. «...մենք շատ վրդովված էինք։ Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ պետք է մենք փոխանցենք մեր համայնքին»։

Բայդեն. «Դուք պետք է ձեր համայնքին փոխանցեք, որ մենք ետ չենք կանգնել. թուրքերը պետք է ընդունեն գոյություն ունեցող իրականությունը։ Իսկ այն, ինչ մենք պետք է անենք, փոխհամաձայնությունն է, որի ուղղությամբ աշխատել ենք ու դեռ երկար պետք է աշխատենք։ Ասեք նրանց, որ այդ ՀՀ նախագահն է զանգել ինձ և ասել. «Մի թեժացրեք այս խնդիրը, քանի դեռ մենք բանակցում ենք»: Մենք ետ կանգնեցինք։ Դա հիմա անցյալում է։ Ամեն դեպքում՝ իրականությունը կարող է փոխվել»։

Արձագանքելով այսօր առավոտվանից անանուն աղբյուրի կողմից  youtube.com կայքում տեղադրված  նյութին' ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտնել է. «Հայաստանի Հանրապետության նախագահը երբևէ չի զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Վերջինիս նախաձեռնությամբ 2009թ-ին կայացել է երկու հեռախոսազրույց, որոնց ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի: Հակառակը' բոլոր հանրային ելույթներում և պաշտոնական հանդիպումների ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը և կոչ է արել չարդարացնել ճանաչման ձգձգումը Թուրքիայի հետ ընթացող բանակցություններով: Վստահ լինելով, որ Սպիտակ տունն իր տրամադրության տակ ունի ԱՄՆ-ի փոխնախագահի բոլոր պաշտոնական հեռախոսազրույցների սղագրություններն ու ձայնագրությունները' ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնապես տալիս է իր համաձայնությունը' հրապարակելու նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը