Մեկնաբանություն

09.09.2016 12:45


Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին

Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին

Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, ավելի ճիշտ՝ հեռացվեց վարչապետի պաշտոնից ոչ թե երեկ, այլ շատ ավելի շուտ՝ իր նշանակման օրը (Աբրահամյանին հեռացրին նաև այն ժամանակ, երբ ՀՀԿ-ի «պադվալում» հակասահմանադրական «սխոդկա» էր հավաքվել. դա 2015-ի փետրվարյան հայտնի օրերին էր):

Երբ Աբրահամյանին արգելվեց գնահատական տալ իր նախորդին՝ տխրահռչակ Տիգրան Սարգսյանին, երբ նույն Տիգրան Սարգսյանին «շատ ու շատ շնորհակալություն» հայտնվեց, երբ գծագրվեցին Աբրահամյանի գործունեության «ռամկաները», և երբ Աբրահամյանն այս ամենին համաձայնեց ու վերցրեց պաշտոնը, արդեն իսկ պարզ էր, որ Տիգրան Սարգսյանի փոխարեն նշանակվել է մեկը, ում առաջին իսկ հարմար պահին ու հարմար առիթով հանելու են: Այդպես էլ եղավ:

Հովիկ Աբրահամյանը վարչապետ դարձավ քաղաքական գործընթացների արդյունքում և հանգամանքների բերումով, սակայն խորությամբ չգնահատեց այդ քաղաքական գործընթացների էությունը և ամբողջությամբ չընկալեց հանգամանքների դասավորությունը:

Սերժ Սարգսյանն Աբրահամյանին նշանակելու առաջին իսկ օրվանից նրա դեմ քարոզչական լայնածավալ արշավ սկսեց՝ ցույց տալով, թե իրականում ինչ է մտածում նրա մասին: Աբրահամյանն այդ ամենը տեսնում էր, բայց չտեսնելու էր տալիս:

Աբրահամյանի հիմնական քաղաքական սխալն այն էր, որ նա համաձայնեց լուռ մնալ ստացած ժառանգության պահով ու չփորձեց դառնալ ինքնուրույն ֆիգուր: Նա նաև չկարողացավ Սերժ Սարգսյանին ասել «ոչ» այն հարցերում, որտեղ կար սրություն, և որտեղ կար հանրային պահանջ: Իսկ եթե Սարգսյանին չես ասում «ոչ», ապա նշանակում է, որ հանրությանն ես ասում «ոչ»: Դա էլ իր հերթին նշանակում է, որ զրկված ես բոլոր տիպի հենարաններից:

Հիմա նշանակվել է նոր վարչապետ: Հայաստանի խնդիրները, սակայն, վարչապետի փոփոխությամբ չեն լուծվելու: Խնդիրները համակարգային են: Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում այդ խնդիրները, բնականաբար, չեն լուծվելու և ավելի խորանալու են, քանի դեռ նա մնում է իր պաշտոնին ու վերարտադրվելու հայտ ներկայացնում:

Իշխող վերնախավը ու դրա պարագլուխը վաղուց սպառել են իրենց և կապ չունեն ոչ հանրության, ոչ էլ իրենց իսկ թիմի լայն հատվածի հետ:

Մենք գործ ունենք ինքնամեկուսացած, կոմերցիոն հետաքրքրություններ ունեցող և բացառապես մասնավոր շահեր հետապնդող մարդկանց նեղ խմբի հետ, որոնք տիրապետում են իշխանական լծակների: Նման իշխանությունը վտանգավոր շռայլություն է Հայաստանի ու Ղարաբաղի համար: Փոփոխությունները, հետևաբար, այլընտրանք չունեն:

Մեզ պետք է որակապես նոր իշխանություն՝ նոր արժեքներով, ժամանակակից մտածողությամբ թիմով ու նոր ծրագրերով: Այլապես Հայաստանը պարբերաբար կհայտնվի ցնցումների մեջ և չի կարողանա դիմանալ արտաքին ու ներքին մարտահրավերներին:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը