Կարծիք

09.09.2016 11:51


Քանի դեռ Սերժ Սարգսյանը նախագահ է, Աշոտյանը շոկոլադ է ուտելու, իսկ Լիսկան՝ գլուխ

Քանի դեռ Սերժ Սարգսյանը նախագահ է, Աշոտյանը շոկոլադ է ուտելու, իսկ Լիսկան՝ գլուխ

Երեկ մեր ազգի համար «դարակազմիկ» իրադարձություն տեղի ունեցավ՝ վարչապետ փոխվեց: Համենայնդեպս, ֆեյսբուքյան արձագանքները վկայում են, որ այս իրադարձությունը, որ Հայաստանում տեղի է ունենում միջինը երկու տարին մեկ, հասարակության կողմից ընկալվեց որպես դարակազմիկ: Սակայն ես չեմ հասկանում՝ Հովիկ Աբրահամյանին Կարեն Կարապետյանով փոխարինելու լավը կամ վատը որն է:

Վարչապետը Հայաստանում քիչ բան է որոշում՝ չնայած հին ու նոր Սահմանադրություններին: Վերջին տարիներին նրանք պարզապես Սերժ Սարգսյանի պատվեր կատարողներն են: Մեկը՝ մի քիչ լավ, մյուսը՝ ոչ այնքան: Առավել ևս՝ անիմաստ է փոփոխություններ իրականացնելու տեսանկյունից վարչապետ փոխել հիմա: Մենք կանգնած ենք նախըտրական արշավի շեմին, որից հետո, եթե Սերժ Սարգսյանը հաղթի ժողովրդին, նա էլ կդառնա վարչապետ: Իսկ հեռացող կառավարությանը մնացել էր ընդամենը մեկ անելիք՝ պատրաստել և Ազգային ժողովին ներկայացնել 2017 թվականի բյուջեի նախագիծը: Եվ հաշվի առնելով, թե տեխնիկական տեսանկյունից դա ինչ բարդ գործընթաց է՝ կարող ենք պնդել, որ նախագծի պատրաստումը մոտենում է ավարտին: Եվ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում Կարեն Կարապետյանը չի կարող որևէ էական փոփոխություն մտցնել դրա մեջ և «նոր շունչ հաղորդել» տնտեսությանը:

Սա հերթական ֆարսն է, որի միջոցով Սերժ Սարգսյանը փորձում է թոզ փչել հասարակության աչքերին: «Վստահության մթնոլորտ» են ստեղծում: Կառավարությունը միշտ էլ անում է այն, ինչ ուզում է Սերժ Սարգսյանը, և կապ չունի, թե ով է որոշումների տակ դնում իր ստորագրությունը: Եվ քանի դեռ Սերժ Սարգսյանը նախագահ է, Աշոտյանը շոկոլադ է ուտելու, իսկ Լիսկան՝ գլուխ: Թե իրո՞ք մտածում եք, որ հեսա Կարեն Կարապետյանը սպիտակ ձիով գալու էր մտներ Կառավարություն և «աջ ու ձախ» անելով կոռումպացված չինովնիկներին ու մարդասպաններին՝ երկիրը ոտքի կանգնեցներ: Այլ պայմաններում գուցե նա այդպես էլ աներ, բայց կա Սերժ Սարգսյան, և նա նույնպես անելու է այն, ինչ ասի Սերժ Սարգսյանը: Իսկ Սերժ Սարգսյանը ոչ մեկիս լավը չի ուզում, միայն թե իր փայը չպակասի:

Այնպես որ, կարող ենք շնորհավորել Կարեն Կարապետյանին և նրա հարազատներին նոր՝ պրեստիժ պաշտոն ստանալու կապակցությամբ: Իսկ մեզ համար ոչինչ չի փոխվել, և մեկ-երկու ամիս անց մեզ են հրամցնելու նույն՝ «յոլա գնալու» բյուջեն:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը