Լրահոս

09.09.2016 10:11


Իշխանության և ընդդիմության տարբերակները

Իշխանության և ընդդիմության տարբերակները

Երեք շոկը, որին առնչվեց հասարակությունը և տնտեսության` օր օրի ավելի ակնհայտ զգացվող նախադեֆոլտային, հոգեվարքային վիճակն օբյեկտիվորեն ձևավորել են նոր քաղաքական օրակարգ` իր մեկ հստակ կետով:

Միայն հրաժարականի և նույնիսկ իշխանափոխության պահանջն արդեն համարժեք չէ իրականությանը: Որովհետև այն չի պատասխանում «իսկ ովքեր կձևավորեն հաջորդ իշխանությունը» չափազանց կարևոր հարցին: Ըստ իս՝ հիմա շատ ավելի խորքային փոփոխության խնդիր կա, և օրակարգային պահանջը պարզապես իշխանության ձևավորումն է:

Խոսքը պետության առաջ կանգնած մեծ մարտահրավերներին, ինչ-որ իմաստով պատմական զարգացումներին և վտանգներին համարժեք իշխանության մասին է:

Այդ երեք շոկը նոր իրականություն ձևավորեց: Ապրիլյան պատերազմից հետո հայ ժողովուրդն իր մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում անվտանգության խնդիր, ինչ է նշանակում թշնամու հարձակում, տարածքային կորուստ, և ինչ է նշանակում մեծաքանակ զոհեր:

Հուլիսյան շոկից հետո բոլորը հասկացան, որ դժգոհությունների ցուցանիշն աննախադեպ վտանգավոր է, և որ իրավիճակը ամեն վայրկյան կարող է դուրս գալ վերահսկողությունից: Սա շոկ էր թե՛ հասարակության համար, թե՛ պետական համակարգի, թե՛ օլիգարխիայի: Իշխանական էլիտան և օլիգարխիան, մեծ հաշվով, առաջին անգամ դադարեցին իրենց ֆիզիկապես ապահով զգալ:

Երրորդ շոկը, որը, անկախ սոցիալական և այլ տարբերություններից, բոլորի վրա միակերպ ազդեց, իշխանության ինքնամեկուսացման երևույթն էր ճգնաժամային պայմաններում: Թե՛ ապրիլին, թե՛ հուլիսին իշխանությունը ինքնամեկուսացավ: Չխոսեց ժողովրդի հետ: Սա Իսկական շոկ էր, որովհետև աշխարհի որևէ երկրում նման բան չի լինում: Հետադարձ հայացքով պարզվում է, որ վերջին տարիներին այդպես եղել է մշտապես. բոլոր՝ քիչ թե շատ ճգնաժամային իրավիճակներում իշխանությունը “փակվել” է: Իսկ երբ իշխանությունն ինքնամեկուսանում է, ժողովուրդը սկսում է իրեն միայնակ զգալ: Աշխարհի բոլոր ժողովուրդները ձգտում են խուսափել նման իրավիճակից: Սա ժողովուրդների կարևոր ինքնապաշտպանական հատկանիշներից մեկն է: Ժողովուրդները միշտ ձգտում են ունենալ իշխանություն, կառավարիչներ. սա ապահովության և անվտանգության կարևորագույն պայմանն է: Հայ ժողովուրդը տուն առ տուն զգաց, որ իրեն միայնակ են թողել: Եվ համատարած քննարկումների, խոսակցությունների, անհանգստությունների արդյունքում ձևավորվել է նոր իշխանություն ունենալու բնական պահանջ: Ահա այս պայմաններում իշխանությունները և ոչ իշխանական ուժերը ունեն գործելու ընդամենը մի քանի տարբերակ: Եվ Հայաստանում զարգացումները կախված են այդ տարբերակների ընտրությունից:

Ընդդիմության առաջին տարբերակը

Շարունակել քսանհինգ տարվա գործելաոճը: Սկսել հռետորաբանության արմատականացում՝ մոնղոլ-թաթարներից մինչև հանցագործներ և դավաճաններ: Կախելու, լավագույն դեպքում` բանտարկելու կոչեր: Կարճ ժամանակում մեծանալու է մրցակցությունը, և ոչ իշխանական ուժերը փորձելու են մեկը մյուսից ավելի ռադիկալ և հայհոյող երևալ: Ընդ որում, ի զարմանս իշխանության, մի պահի կպարզվի, որ իր պրոյեկտ-ընդդիմադիրներն էլ են ընգրկվել այս մրցակցության մեջ, որովհետև նրանց կենսագործունեության այլընտրանք ուղղակի չի մնա: Սոցիալական դժգոհությունների ֆոնին մենք ընտրությունների նախաշեմին կունենանք գերլարված հասարակություն` ատելության չափազանց մեծ պաշարով: Եվ միայն այդքանը: Զրոյական օրակարգ, զրոյական տեսլական:

Կլինեն հանրահավաքներ, երթեր, երբեմն` դեպի Բաղրամյան` փշալարեր, ընդհարումներ, բռնություններ, քաղբանտարկյալներ: Այդ ընթացքում նրանց և հարթակի մի մասը կանցնի իշխանության հետ գործարքի և այլն: Իշխանությունը կհայտարարի ընտրության իր արդյունքները և իր վերարտադրման բոթը: Դարձյալ՝ ընդհարումներ, ձերբակալություններ: Արդյունքում կունենանք չափազանց թույլ և զրոյական հեղինակությամբ իշխանություն, թույլ և անիմաստ ընդդիմություն, տնտեսության կոլապս, ադրբեջանական հարձակման իրական վտանգ: Սա մի սցենար է, որում հաղթող չկա, բայց պարտվելու են բոլորը: Չի բացառվում, որ այդ ընթացքում առաջանա նոր ֆորսմաժորային իրավիճակ, և ընդդիմության և իշխանության բախման արդյունքում մի պատահականություն հայտնվի իշխանության ղեկին:


Իշխանության առաջին տարբերակը

Չի բացառվում, որ գործող վերնախավն իսկապես կորցրել է իր ադեկվատությունը, համարում է, որ ամեն ինչ նախկինի պես կառավարելի է, և կփորձի առանց էական փոխությունների գնալ մեխանիկական վերարտադրության: Նույն դեմքերով, նույն կուսակցությամբ ու իրենց սատելիտ ընդդիմադիրներով: Իսկապես չի բացառվում, որ իշխանությունը մտածի գնալ այս ճանապարհով` ջարդելով, բռնելով, առնելով: Սա կբերի կարճ ժամանակում արմատական տրամադրությունների ծայրահեղ աճի, և արտաքին մարտահրավերների ու տնտեսական դժվարությունների ֆոնին ուղղակի կլինեն “Սասնա Ծռեր- 2”, Սասնա Ծռեր-3” և այլն: Ոչ մի իշխանավոր, ոչ մի մեծահարուստ իրեն այլևս անվտանգ չի զգա: Քաղաքական միտքն ու քաղաքական համակարգն ուղղակի անելիք չեն ունենա: Երկիրը կդառնա Սոմալի:

Ընդդիմության երկրորդ տարբերակը

Հիմնական մի քանի ուժերով և հասարակության համախմբմամբ ձևավորվում է լուրջ քաղաքական բևեռ, որը կկարողանա համոզել հասարակությանը, արտաքին աշխարհին, որ կարող է ընտրություններով վերցնել իշխանությունը և դառնալ քաղաքակիրթ իշխանություն: Իշխանություն, որը կունենա առաքելություն, իշխանություն, որը հավատում է երկրի ապագային ու պատրաստ է մեծ խնդիրներ դնել և լուծել:

Քաղաքական բևեռն էապես տարբերվում է անիմաստ արմատականացումից և պարզ առճակատումից: Սա անհամեմատ բարդ է ու ենթադրում է կազմակերպչական, կառուցվածքային, ծրագրային մեծ աշխատանք: Մարդկային և մտավոր ռեսուրս: Սա ենթադրում է նաև զսպվածություն և պատասխանատվություն: Սա նշանակում է ընտրությունների վերահսկման էֆեկտիվ թիմերի ձևավորում: Սա նշանակում է հանրային ճնշման գրագետ մեծացում` բազմահազարանոց ծրագրային հանրահավաքների միջոցով: Ի դեպ, հայհոյելու և ճվճվալու հանրահավաքն էապես տարբերվում է ծրագրային հանրահավաքից: Սա նշանակում է ծանր աշխատանք, բայց նաև սա երաշխավորում է հաջողությունը:

Իսկ հաջողությունը իշխանությունից դուրս և իշխանության մեջ գտնվող առողջ շրջանակների և անհատների միջոցով նոր իշխանության ձևավորումն է: Սա նաև ենթադրում է իշխանության մեջ և իշխանությունից դուրս գտնվող որոշ անձանց և շրջանակների վերջնական հեռացումը քաղաքական, պետական համակարգից: Այս տարբերակը չի ենթադրում խոշոր արյունոտ ցնցումներ և ատելության անպտուղ ակումուլյացիա: Սրանից շահում են բոլորը և պետությունը: Իսկապես կստեղծվի մի համակարգ, որտեղ իշխանության մեջ և նրանից դուրս գտնվող բոլոր կարող ուժերը կլինեն պահանջարկված ու կունենան իրենց տեղը: Լրջագույն մարտահրավերների առաջ կանգնած Հայաստանի համար սա միակ տարբերակն է` հաջողություններ ունենալու:

Իշխանության երկրորդ տարբերակը

Իշխանությունը շոկերից, ստեղծված մթնոլորտից և առաջիկա հանրային ճնշումներից անում է հետևություն: Ընտրական օրենսգիրքը կատարելագործվում է, նվազեցվում են կեղծիքների հնարավորությունները: Իշխանությունը հրաժարվում է “միևնույն է` ամեն ինչ անցնելու է Մելիք-Ադամյան փողոցով” բանաձևից:

Ստեղծվում են աշխատանքային խողովակներ` իշխանությունից դուրս գտնվող ուժերի հետ, ստեղծվում է բարենպաստ մթնոլորտ, որում անց են կացվում ընտրությունները, բնականաբար` այլևս չի լինում քաղաքական մենաշնորհ, և իշխանության ու իշխանությունից դուրս գտնվող շրջանակներով ձևավորվում է նոր իշխանություն: Սրանով իսկ նոր իրականություն է ստեղծվում երկրում: Սա նախ թույլ կտա խուսափել զանգվածային պոռթկման, փողոցային հեղափոխության տարբերակից, ինչն ավելի քան հավանական է կեղծիքների պարագայում, ինչպես նաև զինված միջադեպերի հնարավորությունից: Սա սցենար է, որում, մեծ հաշվով, պարտվողներ չեն լինելու, և պետությունը շահելու է: Ինչ վերաբերում է “միևնույն է` ամեն ինչ անցնելու է Մելիք Ադամյան փողոցով…” ձևակերպմանը, միևնույն է, այն չի լինելու: Այն արդեն չկա: Բայց սա շատ վտանգավոր ձևակերպում է: Այս ձևակերպումը Հայաստանում տրամադրությունների արմատականացման, զինված պայքարի մթնոլորտի ձևավորման գործում ունեցել է մեծ խթանիչ դերակատարություն:

Իշխանության և ընդդիմության որակները

Իշխանությունն իր մոնոպոլ հեռուստաեթերով, կայքերով, թերթերով, քաղաքագետներով անընդհատ մի միտք է տիրաժավորում, թե` ընդդիմությունը չի կարողանալու միավորվել, և իշխանությունն այդ պատճառով կհաղթի: Իսկ իրականությունն այնպիսին է, որ խնդիրն այսօր ավելին է, քան իշխանություն-ընդդիմություն պայքարը: Սա՛ չէ հայ ժողովրդի այսօրվա խնդիրը: Սա շատ պարզունակ պատկերացում է: Ի՞նչ է նշանակում ընդդիմության միավորում: Ընդդիմության մեջ կան տեսակներ, որոնց հետ ոչ թե քաղաքական, գաղափարական, այլև կենցաղային համագործակցությունն անիմաստ է: Ընդդիմության մեջ կան ուժեր, որոնք ուղղակի կառավարվում են իշխանության կողմից: Ինչի՞ մասին է խոսքը: Հասարակության և պետության համար շատ ավելի կարևոր է, որ ընդդիմություն կոչվող լավայից տարբերակվեն սոլիդ, գրագետ և ունակ անհատներն ու խմբերը: Ինչն անպայման լինելու է:

Սրան ի հակակշիռ` իշխանությունը արտաքուստ միավորվել է: Հետո՞ ինչ: Սա՞ չէ «միավորված» իշխանության արդյունքը: Երկրի համար շատ ավելի լավ կլիներ, եթե իշխանության մեջ լինեին նախագահի ստվերից դուրս գործիչներ: Իմ ասածն ամենևին այն չէ, որ վաղը ևեթ ընդդիմանան նրան, բայց ինքնուրույն մի միտք, մի տեսակետ, մի մտահոգություն, մի տարբերակ կարելի է, չէ՞ ասել: Իշխանության ներսում տարբեր հարցերի շուրջ կարող է գնալ հեռակա դիսկուրս, և սա շատ բնական է ու երկրի համար կարևոր: “Մենք բոլորս Սերժ Սարգսյան ենք” կարգախոսով իշխանությունը էֆեկտիվ չի կարող լինել: Դրանով ո՛չ Ս. Սարգսյանին եք օգնում, ո՛չ պետությանը: Հետխորհրդային այն երկրներում, որտեղ քաղաքական և քաղաքակրթական փոփոխություններ և զարգացումներ են գրանցվել, նոր իշխանություն են ձևավորել նրանք, ովքեր եղել են իշխանության մեջ: Եվ սա՛ է նորմալ ճանապարհը: Գործնականում անհնար է փողոցից գալ ու առանց փորձի ու գիտելիքի` գրագետ պետություն կառավարել: Դա կլինի ֆորս մաժոր: Բայց որպեսզի այդ հնարավորինս խաղաղ գործընթացը կայանա, պետք է, որ իշխանության մեջ ձևավորվեն առաքելություն կրող անհատներ, որոնք միտք կասեն, կամ այլընտրանքային տեսակետ կարտահայտեն, նույնիսկ հրաժարական կտան` տարաձայնություն ունենալու ձևեակերպումով: Սրան զուգահեռ` ընդդիմություն կոչվող հատվածում զտվեն փորձ, գիտելիք և պետական մտածողություն ունեցող հատվածները: Ի վերջո` իշխանության մի հատվածի մոտ պետք է բանականությունը հաղթի պետական էֆտանազիային , իսկ ընդդիմության մեջ` զսպվածությունն ու ինտելեկտը` ճվճվոցին ու անգրագիտությանը: Թե ո՛ր տարբերակով կընթանան զարգացումները, ո՛ր մոդելով կգնա երկիրը, կախված է մի քանի հանգամանքներից, այդ թվում` մարդկային գործոնից` կոնկրետ մարդկանց գործոնից: Այն, որ իշխանության մեխանիկական վերարտադրություն չի լինելու, վստահ եմ, հասկացել են շատերը, այդ թվում` իշխող էլիտայում: Եվ դա ոչ թե ցանկությունների արդյունք է, այլ` օբյեկտիվ իրականության, այն է` Հայաստանի առաջ կանգնած նոր չափազանց լուրջ մարտահրավերները, խնդիրների մեծությունը և դրանց լուծելու` այսօրվա իշխանության անկարողությունը և ժամանակի դեֆիցիտը:

Վահե Հովհաննիսյան

ԱԺ պատգամավոր
«Համախմբում» կուսակցություն


«Առավոտ» օրաթերթ

Հ.Գ. Նյութը հանձնված է եղել խմբագրությանը նախքան կառավարության հրաժարականը

Այս խորագրի վերջին նյութերը