Կարծիք

08.09.2016 11:49


Սերժ Սարգսյանի Հայաստանում երիտասարդին մեղադրում են 46 ոստիկանի դաժան ծեծի ենթարկելու մեջ (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի Հայաստանում երիտասարդին մեղադրում են 46 ոստիկանի դաժան ծեծի ենթարկելու մեջ (տեսանյութ)
Եվ այս ամենը տեսնելով՝ ինչպե՞ս հավատաս Սերժ Սարգսյանի խոսքերին: Այն, որ այս մարդու խոսքը ոչինչ չարժե, գիտենք բոլորս, բայց սա ուղղակի խայտառակություն է: Իհարկե, այն ժամանակ էլ, երբ Սարգսյանը «Սասնա ծռերի» հանձնվելուց հետո վերադարձավ Հայաստան և իր հայտնի խայտառակ ելույթով հանդես եկավ, ես և շատերը չհավատացինք նրա պնդմանը, թե հուլիսին տեղի ունեցած դեպքերի հետևանքով ձերբակալված անձանց նկատմամբ քաղաքական հետապնդում չի լինելու, և քննությունն էլ անցնելու է օրենքի սահմաններում:

Սա, փաստորեն, բացահայտ սուտ էր՝ այն բազմաթիվ անամոթ ստերից, որ այս տարիներին «շռայլել է» Սերժ Սարգսյանը: Փաստորեն, մեր իրավական համակարգը գտնվում է դեռ 90-ականներում, երբ կար մի օրենք՝ շեֆի հրահանգ: Երկար-բարակ կարելի է խոսել իրավական պետության սկզբունքների, դրանք մեր Սահմանադրությունում ամրագրելու և քննչական ու դատական մարմինների անկախության կարևորության մասին, սակայն ի՞նչ օգուտ: Սերժ Սարգսյանի Հայաստանում երիտասարդին մեղադրում են 46 ոստիկանի դաժան ծեծի ենթարկելու մեջ: Այս աբսուրդն ու ֆարսը արձանագրելուց հետո էլ ինչի՞ մասին կարելի է լուրջ խոսել:

Դժգոհում էին, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ որոշումներ է կայացրել Հայաստանի դեմ՝ քաղաքացիների նկատմամբ քննչական ու դատական մարմինների կողմից կատարած ակնհայտ հանցագործությունների համար: Մի բան էլ մեղավոր էին փնտրում և այդպես էլ չգտան: Հեսա, մարդը այդ մեղավորներից մի քանիսի անունը տալիս է ու նշում նաև նրանց հանցանքը: Սա էլ պոտենցիալ ՄԻԵԴ-ի դատավճռի հիմք է Հայաստանի դեմ: Մեղավորների անուններն էլ հայտնի են: Դե, մի բան արե՛ք:

Սերժ Սարգսյանն ու նրա սպասավորները, տիրանալով մեր երկրին, ուղղակի ծաղրում են օրենքը, պետականությունը, մեզ բոլորիս: Հիմա էլ փորձում են ցույց տալ, թե իրենց ամեն ինչ կարելի է: Համոզված եմ, որ այս անպարտելիության զգացումն էլ դառնալու է նրանց կործանման պատճառը: Ամբողջ երկիրը «Նուբարաշենում» չես փակի ու նռնականետերով չես պայթեցնի: Այս իշխանությունները դեռևս չեն գիտակցում, որ ճնշող փոքրամասնություն լինելով՝ դուրս են եկել մի ամբողջ ժողովրդի դեմ: Դե, տեսնենք՝ ով կհաղթի:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը