Կարծիք

07.09.2016 12:29


Ի՞նչ ներդրումների մասին է խոսքը, քանի կա Սաշիկ Սարգսյան

Ի՞նչ ներդրումների մասին է խոսքը, քանի կա Սաշիկ Սարգսյան

Չեմ հասկանում, Սերժ Սարգսյանն է կտրվա՞ծ իրականությունից, թե ես: Գնում է Նյու Յորք՝ իբր, ներդրում բերելու: Մեկը հարցնող լինի, էլի, ո՞նց է դա անելու: Ներդրում բերելն էլ հո ընտրությո՞ւն չի, որ «ինչքան ուզի՝ էդքան խփի»: Տիգրան Մուկուչյանն էլ չի կարա թիվ նկարելով իրավիճակ փոխի: Նա, իհարկե, հմուտ աճպարար է, բայց հրաշագործ չէ:

Իսկ իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանն ու գործող իշխանություններն այնքան վարկաբեկված են, որ որևէ գիտակից գործարար Հայաստանում չի կարող լուրջ ներդրում կատարել շահույթի ակնկալիքով: Դա բնական է, քանզի շահույթ ստանալուց առաջ գործարարը պետք է համոզված լինի, որ իր գումարը գոնե չի կորցնի: Իսկ Հայաստանում չկան նման երաշխիքներ, չկան հաստատված խաղի կանոններ, համապատասխան օրենսդրություն: Հարկային օրենսգիրքն էլ վերածել են չգիտես՝ ինչի. տարին մի քանի անգամ հարկերի դրույքաչափ են փոխում, նոր հարկեր ավելացնում, գործարարների համար լրացուցիչ խոչընդոտներ ստեղծում:

Ո՞ր մի գիտակից գործարարը կհավատա Սերժ Սարգսյանի խոսքին, և այդ՝ ոչինչ չարժեցող խոսքը որպես երաշխիք ընդունելով՝ ներդրում կանի Հայաստանում: Հիշում եմ՝ դեռ 2008 թվականին, երբ Սարգսյանը նոր էր իշխանություն վերցրել, մեզ ոսկե սարեր էր խոստանում, նույնիսկ ինչ-որ գործարարների անուն տալիս...բայց մարդիկ ժամանակին հասկացան, թե ինչ արժե Սերժ Սարգսյանի խոսքը, ու ոչ մի ներդրում էլ չեկավ: Նախընտրական լոզունգներով ներդրում չեն բերում:

Ի՞նչ ներդրումների մասին է խոսքը, քանի կա Սաշիկ Սարգսյան: Այս երկրում միայն Սերժ Սարգսյանի ընտանիքն ու մերձակա շրջապատն են կարողանում փող աշխատել: Դե, աշխատել ո՞րն է, բոլորս էլ գիտենք, թե ինչպես են Սարգսյանները հարստություն կուտակում՝ հարկեր–բյուջե–գրպան սխեմայով: Դա էլ մի կողմ թողնենք, Հայաստանում պարզապես հնարավոր չէ օրինական բիզնես անել, իսկ այդ արտասահմանցի և սփյուռքահայ ներդրողները սովոր չեն նրան, որ հարկերի չափը կախված է ոչ թե օրենքում գրված դրույքաչափից, այլ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հարաբերություններից, որոնք էլ իրենց հերթին կախված են Սարգսյանների «փայի» հետ կոնկրետ բիզնեսում:

Ի՞նչ ներդրումների մասին է խոսքը, երբ տնտեսական պարզագույն ցուցանիշները թաքցվում և պահպանվում են ավելի խիստ, քան պետական գաղտնիքը:

Լավ, ինչքա՞ն կարելի է հայրենասիրությունը չարաշահելով՝ փող մուրալ՝ ժողովրդի բարեկեցության հաշվին սեփական շռայլ կյանքն ապահովելու համար:

Իրականությունն այն է, որ ներդրումներ գրավելու համար պետք չէ, որ Սերժ Սարգսյանը գնա հասնի Ամերիկա: Ընդամենն անհրաժեշտ են քաղաքական կամք և համապատասխան գործողություններ հենց Հայաստանում: Դրանք պարզունակ քայլեր են, որոնք շատ ավելի արդյունավետ են, քան մի երկրի ղեկավարի խոսք, ով ոչ մի խոստում այսքան ժամանակ չի կատարել: Սկսե՛ք հարկային բեռի թեթևացումից, օրենքով արգելե՛ք հարկերի ավելացումը մի քանի տարով, որ գործարարը վստահ լինի վաղվա օրվա վրա, որ բանկերն էլ վստահ լինեն և կարողանան բիզնեսը ֆինանսավորել: Այլ ոչ թե ինչպես հիմա, երբ ունենք վերաֆինանսավորման բավականին ցածր դրույքաչափ և ԱՊՀ-ում ամենաբարձր վարկային տոկոսադրույքներ:

Այսպես երկար կարելի է շարունակել, սակայն դա ոչինչ չի փոխի: Իհարկե, շատերը գիտեն՝ ինչպես անել, որ լավ լինի: Բայց ինչ էլ անես՝ լավ չի լինի, քանի դեռ իշխանության ղեկին Սերժ Սարգսյանն է: Նա էլ պարզունակ գոյատևման խնդիր է լուծում՝ մինչև ընտրություն մի տեղից փող բերի, կարողանան յոլա գնան, մինչև որ կկարողանան հարկերը նորից ավելացնել:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը