Կարծիք

06.09.2016 12:48


Մինչև ե՞րբ ենք այս ամենը հանդուրժելու

Մինչև ե՞րբ ենք այս ամենը հանդուրժելու

Երբ հերթական աղաղակող ընտրակեղծիքներից հետո հարյուր հազարավոր մարդիկ դուրս չեն գալիս փողոց եւ չեն պահանջում վերականգնել արդարությունը եւ պատժել մեղավորներին, ասում են, թե շատերը վախենում են բռնություններից, ուժի կիրառումից, հետապնդումներից եւ այլն:

Երբ հերթական աղաղակող անարդարությունից եւ ձախողումից հետո գտնվում են մարդիկ, որոնք արդարացնում են ձախողված իշխանություններին եւ անգամ պնդում, թե մեր երկրում խնդիրներ չկան, ասում են, թե մարդիկ են, տուն են պահում կամ էլ թե վախենում են հարկային մարմինների ստուգումներից:

Երբ, այսպես կոչված, մտավորականները կարդում են իրենց անունից գրված տեքստը կամ ստորագրում դրա տակ, ասում են, թե մարդ են, չեն ուզում զրկվեն պետական աջակցությունից:

Անընդունելի եւ դատապարտելի են ընտրակեղծիքները, ապօրինությունները, անարդարությունները, հարկային ահաբեկչությունը: Էլ ավելի անընդունելի է, երբ դրանք արդարացվում են: Այսուհանդերձ, շատ լավ գիտենք ենք, թե ինչու են ընտրակեղծիքի գնում, եւ ինչու են գտնվում մարդիկ, որոնք պնդում են, թե մեր երկրում ընտրակեղծիք չկա, եւ որ ամեն ինչ մոտ է իդեալականին: Դժվար է, անհնար է հասկանալ ֆուտբոլային երիտասարդ մեկնաբաններին, որոնք Հանրային հեռուստաալիքի եթերում մեկը մյուսին հերթ չտալով փորձում են արդարացնել կամ չտեսնելու տալ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խայտառակ խաղը, ճիշտ այնպես, ինչպես իրենց ավագ գործընկերները:


Այն ինչ տեղի ունեցավ Դանիայում ամոթ եւ խայտառակություն էր: Խնդիրը պարտությունը չէ: Պարտվում են եւ հզոր թիմերը, անգամ պարտվում են խոշոր հաշվով: Խնդիրն այն է, որ մեր թիմը ֆուտբոլ չէր խաղում: Իրար ետեւից ճիշտ երեք փոխանցում մենք այդպես էլ չտեսանք, իսկ խաղի մեկնաբանները ֆուտբոլի ղեկավարությանը քծնելու փորձեր էին անում:

Ավելին, խաղից հետո մատների վրա կարելի է հաշվել այն ֆուտբոլային մեկնաբաններին, լրագրողներին, որոնք քննադատեցին հավաքականին: Այս հարցում մենք նույնիսկ արդեն Ադրբեջանին ենք զիջում: Սան Մարինոյի հետ խաղից հետո Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարեց, թե հավաքականը խայտառակ ֆուտբոլ ցուցադրեց: Մեզ մոտ նման հայտարարություն անգամ մարզական լրագրողները չեն անում: Եւ ո՞ւր ենք մենք գնում այս կեցվածքով:

Ի դեպ, դիտել եմ ընտրական փուլի առաջին տուրի շատ հանդիպումներ: Բացի Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներից, բոլորը ֆուտբոլ են խաղում: Անգամ Լիխտենշտեյնն է ֆուտբոլ խաղում՝ պարտվելով 8:0 Իսպանիայի հավաքականից: Եւ այս պարագայում մենք լռում ենք:

Քանի՞ ֆուտբոլասեր դուրս եկավ փողոց վանկարկելով Յուրա-Յուրա, երբ որոշեցին, որ Յուրա Մովսիսյանը չպետք է խաղա հավաքականում: Իսկ Յուրան մեր ֆուտբոլասերների կուռքն է: Մենք նրան սիրում էինք, նրա հետ հույսեր կապում: Իսկ նա ՄԼՍ-ի անցած ամսվա լավագույն ֆուտբոլիստն է: Նա գոլային փոխանցումների եւ գոլերի հեղինակ է: Մի՞թե մենք այնքան լայն ընտրության հնարավորություն ունենք, որ հրաժարվում ենք Յուրայի նման ֆուտբոլիստից: Ինչից կամ ումից էին վախենում ֆուտբոլասերները, որոնք վախեցան իրենց բողոքը բարձրաձայն արտահայտել:

Մենք հանդուրժեցինք այս աղաղակող անարդարությունը: Ի՞նչ է կատարվում մեզ հետ: Այս երբ այսքան անտարբեր կամ զգուշավոր դարձանք: Քանի՞ ֆուտբոլասեր դուրս եկավ փողոց կամ քանի մարզական լրագրող գրեց, թե ինչու հավաքական չի հրավիրվում Էդգար Մանուչարյանը, ինչու մենք հրաժարվեցինք այլ տաղանդավոր ֆուտբոլիստներից: Ինչու չենք ասում, թե շռայլություն է Սարկիսովի նման ֆուտբոլիստին դաշտ դուրս չբերել: Ինչու աղմուկ չբարձրացրինք, երբ հայտարարեցին, թե Արզումնյանն այլեւս հավաքական չի հրավիրվի: Մեր աչքի առաջ փլուզվեց մի հավաքական, որն այսօր ի զորու կլիներ լավ արդյունքների հասնել: Լռեցին հավաքականի մյուս անդամները, լռեցին ֆուտբոլասերները, լռեցին բոլորը, թեեւ մի պահ ինչ որ բողոքի նամակ էր ծնվել:

Թուրքիայի հավաքականի յոթ ֆուտբոլիստներ հրաժարվեցին դուրս գալ խաղադաշտ սեպտեմբերի 5-ին Խորվաթիայի դեմ խաղում, պահանջելով պարգեւավճար Եվրոպայի առաջնության համար, այն առաջնության, որը մեծ հաշվով, նրանք տապալեցին: Թուրք ֆուտբոլիստները կարողանում են խաղադաշտ դուրս չգալ հանուն իրենց փողի, իսկ մեր հավաքականի ֆուտբոլիստները հանուն իրենց ընկերների անգամ չհրաժարվեցին մասնակցել մարզումներից: Թուրքիայում ֆուտբոլը զարգանում է, եւ ոչ միայն ֆուտբոլը, իսկ մեզ մոտ, բնականաբար՝ ոչ:

Մենք հրաժարվում ենք անգամ հրապարակայնորեն խոսել առկա խնդիրների մասին: Մենք չենք խոսում, չենք քննարկում, որ Հայաստանի առաջնությանը մասնակցում է ընդամենը վեց թիմ: Մենք չենք խոսում, թե ինչ է կատարվում մանկապատանեկան ֆուտբոլում: Մենք ընդհանրապես չենք խոսում: Մենք ոչ միայն չենք խոսում, այլ հանդուրժում ենք այս խայտառակությունը, իսկ երբ հանդուրժում ենք, պատկերը հենց այսպիսին է լինում:

Ինչո՞ւ փողոց դուրս չեկան ֆուտբոլասերները եւ բարձրաձայն չասացին այն, ինչ ասում են սրճարաններում, իրենց տանը կամ աշխատասենյակներում: Ինչո՞ւ չաղաղակեցին, որ չի կարելի հավաքականի ղեկը վստահել մի մարդու, որը վերջին տարիներին թաղման բյուրոն է ղեկավարել:

Հայաստանում ֆուտբոլը սիրում են: Կարելի է ասել՝ ֆուտբոլը թիվ մեկ մարզաձեւն է, թեեւ 1970-ականներից հետո շոշափելի հաջողությունների չենք հասել: Այսուհանդերձ, ֆուտբոլով մարդիկ ապրում են, տխրում պարտությունից, ուրախանում հավաքականի հաղթանակներից: Եւ ժամանակն է, որ ֆուտբոլը, ավելի ճիշտ՝ ֆուտբոլի զարգացումը, պետական խնդիր դառնա: Իսկ նման խնդիր կարող են դնել միայն առաղջ եւ իրենց առջեւ խնդիրներ դնող իշխանությունները:

Գեղամ Նազարյան

Քաղաքագետ
«Համախմբում» կուսակցության վարչության անդամ

Այս խորագրի վերջին նյութերը