Մեկնաբանություն

06.09.2016 08:35


Վճարում ես դու, ծախսում է Սերժ Սարգսյանը

Վճարում ես դու, ծախսում է Սերժ Սարգսյանը

Ապրիլյան չորսօրյա պատերազմից ընդամենը մեկ ամիս հետո Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում հարսանեկան արարողությանը մասնակցելու փաստը, մեղմ ասած, ապշեցրեց բոլորիս: Այն ժամանակ քննարկում էինք հարցի զուտ բարոյական կողմը. մեծ թվով զոհերի, տարածքային կորստի ողբերգական իրողության ֆոնին մոսկովյան ճոխ ու շքեղ հարսանիքին նրա ներկայությունն իսկապես արտառոց էր: Այն էլ՝ ադրբեջանական ռեստորանում:

Ավաղ, Բաղրամյան 26-ի դեպքում բարոյական արգելակներ չկան: Մանավանդ, երբ մեզանում ցանկացած խնդիր բարոյական հարթության մեջ դիտարկելը թիթեռի կյանք է ունենում: Տգեղ ու տհաճ երևույթի դեպքում որքան արագ զայրանում ու բացասաբար ենք արձագանքում, նույնքան արագ էլ մոռանում ու մի տեսակ հաշտվում ենք անընդունելի իրողության հետ:

Հիմա, սակայն, այլ բան է պարզվում: Սիվիլնեթը բացահայտել է ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին Սերժ Սարգսյանի մասնակցության գինը: Վերջինիս սպասարկող օդանավի համար պետբյուջեից ծախսվել է 15,378,000 դրամ կամ 32,400 դոլար: Ինչպես հայտնի է, Սարգսյանն ապրիլին խոսում էր այն մասին, որ մենք կռվում ենք 80-ականների զենքերով: Բայց օրեր անց, ահա՛, պետբյուջեի հաշվին մեկնում է Մոսկվա՝ հարսանիքի:

Թեպետ հարսանիքները, կնունք-ծնունդները և նմանատիպ խնջույք-խրախճանքները, անկախ հրավիրյալի կարգավիճակից, համարվում են անձի մասնավոր կյանքին վերաբերող միջոցառումներ, սակայն Սերժ Սարգսյանը, փաստորեն, այդ ամենին ներկա գտնվելու խնդիրն էլ է լուծում ՀՀ հարկատուների հաշվին:

Դե, ախր, խեղճին որտեղի՞ց այդքան գումար, երբ հազիվ ծայրը ծայրին է հասցնում: Դրա համար էլ ստիպված սահմանամերձ Այգեպար գյուղի տարեկան բյուջեի գումարի չափով պետբյուջեից փող է վերցնում ու թռնում է Մոսկվա՝ տաշի-տուշիի: Սա, իսկապես, ամոթալի փաստ է:

Ամեն տարի ինքն ու Կառավարությունը փարիսեցիաբար խոսում են «գոտիները ձգելու» մասին, բայց քեֆ-ուրախությունների վրա շռայլորեն բյուջեի փողերը քամուն են տալիս: ՀՀԿ ղեկավարը նույն կերպ է վարվում նաև կուսակցական այցերի դեպքում: ԵԺԿ-ի գագաթաժողովներին մասնակցելու նպատակով եվրոպական այս կամ այն մայրաքաղաք նրա յուրաքանչյուր այցը պետբյուջեի վրա 30-50 հազար դոլար է նստում: Իսկ ահա Գյումրիի «դոմիկներում» ապրողների համար բնակարաններ ձեռք բերելու, բանակին օգնելու, զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցելու նպատակով SOS են մեջտեղ գցում, բարեգործական համերգներ կազմակերպում կամ էլ Սփյուռքում դրամահավաքության ակցիաների գաղափարներ են հուշում:

Պետբյուջեն հարսանիքների, կուսակցական եվրոհանդիպումների և լիցքաթափող այլ միջոցառումների համար է, որոնք միաժամանակ փաթեթավորում են «պաշտոնական» ձևակերպմամբ՝ դրանք անվանելով «աշխատանքային այցեր»: Երկրին ու ժողովրդին միայն վնաս պատճառող «աշխատանքային այցեր»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը