Կարծիք

05.09.2016 13:31


Սերժ Սարգսյանը՝ պարտվողական քաղաքականության կնքահայր

Սերժ Սարգսյանը՝ պարտվողական քաղաքականության կնքահայր

Առավոտյան մտնում եմ «Ֆեյսբուք» և լրահոսով տեսնում սովորական դարձած մի նյութ՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման և «միայն խիստ անհրաժեշտության դեպքում» հայկական կողմից իրականացվող պատասխան գործողությունների մասին: Նախ՝ սկսենք նրանից, որ մեզ համար հակառակորդի ցանկացած ագրեսիվ գործողություն պետք է առաջացնի պատասխան գործողությունների խիստ անհրաժեշտություն: Լավ է, որ դեռ զոհ չենք ունեցել հանգստյան օրերին: Ինձ համար անհասկանալի է նաև, թե երբ է այդ «խիստ անհրաժեշտության» պահը գալիս: Երբ որ հրետանիո՞վ են սկսում կրակել: Հրետանու կիրառումը մշտապես դիտվում է որպես պատերազմի հայտարարություն: Սակայն ոչ մեզ մոտ, քանի որ հակառակորդը հրաշալի գիտի այդ «խիստ անհրաժեշտության» մասին:

Սակայն սա միայն հետևանք է այն պարտվողական քաղաքականության, որի կնքահայրը Սերժ Սարգսյանն է: Հենց նա՛ է իր անհեռատես հայտարարություններով և անգրագետ քայլերով առաջացրել այս իրավիճակը: Անհամաչափ զիջումների գնալու պատրաստակամությունը և դա պատեհ ու անպատեհ առիթով տարբեր մակարդակներով բարձրաձայնելու հետևանք է, որ Ադրբեջանն այսքան լկտիացել է և նման սանձարձակություն է իրեն թույլ տալիս: Բայց ինչո՞ւ չէ, որ: Ավտոմատով կրակում են, մերոնք սպասում են «խիստ անհրաժեշտության», զենիթային համկարգերով են կրակում, էլի սպասում ենք «խիստ անհրաժեշտության», դրանք էլ տանկ, ականանետ ու հրետանի են գործի դնում, տեսնեն՝ ինչքան ենք իրենց թույլ տալու:

Թող ոչ ոք չմտածի, որ սա քննադատություն է կամ, առավել ևս, կշտամբանք մեր բանակի հասցեին: Ամենևին ոչ, և ցավալին էլ հենց այն է, որ ունենք այնպիսի բանակ, որ անհրաժեշտության դեպքում այնպես կլռեցնի թշնամուն, որ մյուս անգամ երկար կմտածեն որևէ բան նախաձեռնելուց առաջ: Սակայն այս առյուծների բանակին ղեկավարում է...դե հիշում եք այդ հայտնի ասացվածքը: Սերժ Սարգսյանը վախենում է երևի զայրացնել Ալիևին. հանկարծ մի երկու ադրբեջանցի զինվոր կմեռնի առանց «խիստ անհրաժեշտության»: Դրա համար էլ հասել ենք այն օրին, որ իշխանությունները պատրաստ են տարածքներ զիջել՝ ավելի քիչ կրակելու խոստման դիմաց: Եթե, իհարկե, գոնե դա կարողանան Ալիևից կորզել:

Իսկ ավելի իրատեսական է, որ բանակցությունները գնան ավելի շատ չկրակելու շուրջ: Դա՛ է, երևի, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, Ալիևի «փոխզիջումը»: Համենայնդեպս, ես՝ Սերժ Սարգսյանի՝ ամեն ինչ հանձնելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին Ալիևի կողմից որևէ փոխզիջումների մասին հայտարարություն չեմ լսել: Նույնիսկ մերոնք չեն ասում, թե իրենք ինչ «փոխզիջում» են ակնկալում: Չկրակեն՝ լավ է էլի:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը