ՄԻՊ իրավական վերլուծությունը ՀՀ–ում իրականացվող համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է հասցեագրվել Տավուշի մարզի Կոթի, Ոսկեպար, Բարեկամավան գյուղերի 1255 բնակիչների ստորագրությամբ դիմում, որում ներկայացված է ՀՀ համայնքների խոշորացման գործընթացի, այդ թվում` «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարման վերաբերյալ մասնագիտական եզրահանգում տրամադրելու խնդրանք: Ըստ դիմումի՝ ՀՀ կառավարության կողմից նշված օրենքում փոփոխություններ նախաձեռնելու գործընթացը տեղի է ունեցել խախտումներով:
Դիմումի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում իրականացվել է իրավական համակողմանի վերլուծություն: Իբրև վերլուծության աղբյուր՝ հիմք են ընդունվել ինչպես այս ոլորտի օրենսդրական կարգավորումները, դրանց գործնական իրացման պրակտիկան, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների մասնագիտական հրապարակումներն ու քննարկումները, բնակիչների մտահոգությունները: Հաշվի են առնվել նաև ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պարզաբանումները: Վերլուծվել են միջազգային չափանիշներն ու արտասահմանյան երկրների համապատասխան փորձը:
Վերլուծության հիմնական եզրահանգումներն ու առաջարկություններն են`
· Միջազգային փորձը վկայում է, որ ընդհանրապես համայնքների խոշորացման գործընթացը կարող է նպաստել երկրում բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման, այդ թվում՝ այնպիսի խնդիրների լուծման, ինչպիսիք են՝ համայնքային բնակչությանը մատուցվող ծառայությունների ցածր որակը, թույլ զարգացած ենթակառուցվածքների և համայնքներին տրամադրվող ֆինանսական միջոցների սղությունը, կենտրոնական իշխանության կողմից տրամադրվող դոտացիաներից և սուբսիդիաներից համայնքների կախվածությունը և այլն:
· Համայնքների միավորման կամ բաժանման գործընթացի լեգիտիմության անհրաժեշտ նախադրյալներ են՝ այդ գործընթացի իրականացումը հանրային շահերից ելնելով և համայնքային բնակչության կարծիքի պարտադիր հաշվառմամբ:
· Անընդունելի է, որ Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացի ծավալների ընդլայնումն իրականացվել է դրա վերաբերյալ ոչ բավարար հանրային իրազեկվածության ու հանրային դրական ընկալման բացակայության պայմաններում: Այսպիսի չարդարացված շտապողականությունը գործնականում կարող է խաթարել գործընթացի հետևողական իրագործումը և առանցքային նշանակության հարցերում բացթողումների ու թերացումների պատճառ դառնալ` չապահովելով Կառավարության հավանությանն արժանացած հայեցակարգային դրույթների և ակնկալվող տեսլականի իրագործումը:
· Մտահոգիչ է, որ համայնքների խոշորացմանն առնչվող օրենսդրական վերջին փոփոխությունները նախաձեռնվեցին` գործընթացի փուլային, աստիճանական կենսագործմանն ուղղված պիլոտային ծրագրի արդյունքները չունենալու պայմաններում: Ամեն դեպքում, բացակայում են պիլոտային ծրագրի իրագործման վերաբերյալ հրապարակային և հանրամատչելի պաշտոնական համապարփակ պարզաբանումները կամ հրապարակումները: Սրանք են նաև պատճառն այն բանի, որ շահագրգիռ համայնքների բնակիչների մոտ բացակայում է վստահությունը գործընթացի նկատմամբ:
· Համայնքների խոշորացման գործընթացի բարեհաջող կենսագործումը հնարավոր է թվում գործընթացին հասարակության պատշաճ մասնակցության և տեղեկացված լինելու իրավունքների լիարժեք երաշխավորման միջոցով: Անհրաժեշտ է ապահովել գործընթացի հրապարակայնությունն ու թափանցիկությունը, ինչպես նաև դրանով պայմանավորված` որոշակիությունը և կանխատեսելիությունը: Համայնքի կարծիքը լսելու սահմանադրական պահանջի բովանդակությունը չի կարող սահմանափակվել համայնքների կարծիքի ինքնանպատակ լսումով՝ առանց որևէ իրավական հետևանքի:
· Վերը շարադրված պահանջներն ապահովելու նպատակով անհրաժեշտ է սահմանել հրապարակային ժամանակացույց և դրա հիման վրա իրականացնել քննարկումներ` հնարավոր բոլոր դեպքերում ներգրավելով նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Այդ քննարկումները պետք է արվեն առանձին փուլերով և հատկապես նախատեսված լինեն համայնքային բնակչության լայն շերտերի, գործընթացի ազդեցության հետևանքներն անմիջականորեն իրենց վրա կրող թիրախային խմբերի համար:
· Համայնքների խոշորացման գործընթացի վերը նշված պահանջները պետք է ապահովվեն այնպես, որ համայնքի բնակիչը կարողանա իր վրա անմիջականորեն զգալ խոշորացման սպառիչ և իրական արդյունքը:
Հայաստանի Հանրապետությունում իրականացվող համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական վերլուծությանը կարող եք ծանոթանալ այստեղ: