Քաղաքական

01.09.2016 21:53


«Համախմբումը» Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է պայքարի լուրջ մտադրությամբ. Ստեփան Մարգարյան

«Համախմբումը» Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է պայքարի լուրջ մտադրությամբ. Ստեփան Մարգարյան

Գյումրու ՏԻՄ ընտրություններին 33 հոգանոց սեփական ցուցակով կմասնակցի նաև «Համախմբում» կուսակցությունը: Ավագանու համամասնական ցուցակը կգլխավորի կուսակցության Գյումրու տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Ասոյանը, ով նախկինում Գյումրու ավագանու անդամ է եղել:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում խոսեց Գյումրիում իրենց հաղթանակի հնարավորություններից, տեսլականից, ոչ համախմբված ընդդիմությունից:

Պատասխանելով հարցին, թե նման մեծ մրցակցության պայմաններում ինչպես են գնահատում իրենց հաղթելու հնարավորությունները, Ստեփան Մարգարյանն ասաց, թե չեն ուզում գնահատել հաղթանակի հնարավորությունը: «Ես գնահատում եմ մեր ձգտումները, մենք գնում ենք լուրջ պայքարի մեջ մտնելու»,-ասաց նա:

Իսկ թե ընդդիմությունը նման ոչ համախմբված ձևով հանդես գալով արդյոք չի փոքրացնում ընդդիմադիրների հաղթելու հնարավորությունը, Ստեփան Մարգարյանը պատասխանեց՝ ասելով, որ «մի քիչ հարաբերական է ընդդիմություն ասվածը երկրում դարձել, ցավոք սրտի, բայց այդ իրավիճակը մենք չենք ստեղծել, մենք փորձել ենք անել այնպես, որ հնարավոր լինի որոշակի միավորումներ ձևավորվել, և այստեղ մեր խիղճը հանգիստ է, հիմա ստացվել է այն, ինչ ստացվել է»:

«Իհարկե լավ կլիներ բավական խոշոր միավորումներով գնային, որ ժողովուրդը կարողանար հասկանալ, բայց լծակ ունեցողների տակտիկան է, մանրել դաշտն այնքան, որ ժողովուրդը չկարողանա թացը չորից տարբերել: Բայց կարծում եմ՝ Գյումրին այն քաղաքն է, որ ցանկացած ուժի անցյալն ու ներկան համադրելով՝ կկողմնորոշվի։ Չեմ կարծում, որ Գյումրիից մեծ էֆեկտ են ունենալու»,-ասաց նա:

Ստեփան Մարգարյանը նաև ներկայացրեց իրենց կուսակցության տեսլականը Գյումրիում՝ բաղկացած երեք հիմնական բաժիններից: Ըստ նրա, առաջինն այն է, որ լինի ընտրված իշխանություն։

«Գյումրին ՀՀ-ի երկրորդ խոշոր քաղաքան է, և այստեղ պետք է լիներ իշխանություն, որը դաբրոյով ընտրված չէ, որը պարտադրած չէ, որը խախտումներով չի ձևավորվել: Մենք գտնում ենք՝ դա շատ կարևոր է Գյումրիի համար, դա առաջին անհրաժեշտ պայմանն է, որ Գյումրին կարող է հույս ունենալ զարգացման համար»,– ասաց նա:

Ըստ Ստեփան Մարգարյանի՝ երկրորդն այն է, որ Գյումրիում այնքան կուտակված խնդիրներ կան, որ արդեն նույնիսկ ՀՀ-ի հնարավորություներն էլ բավարար չեն և դա համազգային խնդիր է դարձվել։

«Եվ մենք պատրաստվում ենք այնտեղ հաղթելու պարագայում այդ խնդիրները դարձնել համազգային, որ ամբողջ հայ ժողովուրդը, սփյուռքը ներգրավենք Գյումրիի նախկին փառքը վերականգնելու համար, Գյումրին որպես և՛ արդյունաբերական, և՛ մշակութային քաղաք վերականգնումի հնարավորություն կա, եթե այն դարձնում ենք համահայկական ծրագիր»,– ավելացրեց նա։

Երրորդ բաժինը, ըստ նրա, այն է, որ պետք են արմատական փոփոխություններ: «Եթե երկրում ընդհանրապես իշխանություն չփոխվի և լինի այն, ինչ այսօր ունենք, ապա որևէ բան չի աշխատի»,-ասաց նա:

Մանրամասները՝ Tert.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը