Կարծիք

01.09.2016 12:56


Վատ է, որ պարերը դասավանդվելու են ֆիզկուլտուրայի հաշվին

Վատ է, որ պարերը դասավանդվելու են ֆիզկուլտուրայի հաշվին

Քանի որ շատ եղան տեսակետներ Ազգային երգն ու պարը հանրակրթական առարկա դարձնելու թեմայի շուրջ, որպես հայ ավանդական պարի առաջին սիրողական խմբերից մեկի կազմակերպիչ և նրանց պոպուլիզատոր՝ կարող եմ ասել, որ այդ պարերը հեշտությամբ կարող են երեխաների կողմից ակտիվ հանգստի շատ լավ գործիք լինել պահանջվող առարկաների միջև: Այդ պարերում եսը միաձուլվում է մենքի հետ և դառնում ավելի ուժեղ: Ազգային խմբերգերի հանդիպումներ էլ եմ կազմակերպել, և գրեթե նույնն էլ կարող ես ասել դրանց մասին: Այստեղ գլխավոր հարցը որակյալ ուսուցիչների ապահովումն է, բայց այդ հարցը առկա է մյուս բոլոր առարկաների դեպքում, ինչից չի հետևում, որ պետք է ասենք ֆիզիկա չդասավանդել: Որպես նախկին երեխա՝ հիշում եմ, որ դասարանի ութսուն տոկոսը այս կամ այն չափով չէր սիրում այնպիսի հանրակրթական առարկաներ, ինչպիսիք են հայոց լեզուն, ֆիզիկան, քիմիան, կենսաբանություն, պատմությունը... բայց ութսուն-իննսուն տոկոսը սիրում էր ֆիզկուլտուրան, քանի որ երեխեքի համար շարժումը կյանք է: Նույն էլ կլինի պարերի դեպքում: Վատ է, որ պարերը դասավանդվելու են ֆիզկուլտուրայի հաշվին: Մարմնակրթության անտեսումը սխալ է, և հայ ավանդական պարը չի կարող այդ դերը խաղալ: Այս պարերը խմբային համագործակցային մշակույթ են զարգացնում, ինչը շատ կարևոր է ցանկացած հանրության համար: Եվ, ի վերջո, հայոց բազմահազարամյա մշակութային գործիքակազմը պետք է ինչ–ինչ ձևերով և չափաբաժնով առկա լինի հանրակրթության մեջ, և դա ճիշտ է: Սխալ է, որ այդ պարերի դասավանդման հիմավորումները, այն էլ՝ նախարարի շուրթերով, հնչում են ոչ գիտական եզրերով («մեր տեսակ, հայի տեսակ») և ազգային սնապարծության սոուսով համեմված: Եվ դա հատկապես վանում է շատ-շատերին, քանզի վերջին տասնամյակներում Հայաստանում շատ սրիկայություններ մատուցվել են հենց այդ սոուսով համեմված:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը