Քաղաքական

01.09.2016 11:25


Անդրիաս Ղուկասյան. «Ազնավուրը կարող է գլխավորել մեր պետությունն արտահերթ ընտրությունների անցկացման փուլում»

Անդրիաս Ղուկասյան. «Ազնավուրը կարող է գլխավորել մեր պետությունն արտահերթ ընտրությունների անցկացման փուլում»

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Քրեաօլիգարխիկ ռեժիմից ազատվելու համար մեր հանրությունը պետք է ունենա հետևյալ չորս հարցերի հստակ պատասխանը:

Առաջին. Իսկապե՞ս հիմա անհրաժեշտ են արտահերթ նախագահական ընտրություններ: Բոլորին պարզ է, որ Ռուսաստանն Արցախի անվտանգությունն ապահովելու գործում ոչ միայն չի աջակցում Հայաստանին, այլև հակառակը` խախտելով մեր պետության հանդեպ ՀԱՊԿ կանոնադրության գլխավոր դրույթները և միջազգային հարաբերությունների տարրական կանոնները, աջակցում է Ադրբեջանին: Ակնհայտ է նաև, որ միջազգային ատյաններում սպասարկելով Ռուսաստանի շահերը` Հայաստանն աստիճանաբար զրկվում է քաղաքակիրթ պետությունների աջակցությունից և հայտնվում է մեկուսացման մեջ: Շարունակել նման արտաքին քաղաքականությունը` նշանակում է գիտակցաբար գնալ Ադրբեջանի առջև կապիտուլացիայի, Արցախի ինքնիշխանության կորստին ու հայաթափմանը: Արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելը վերջին հնարավորություն է շտկելու արտաքին քաղաքականությունը և դուրս գալու ստեղծված փակուղուց: Այդ ընտրությունները հանդիսանալով ժողովրդի ճշգրիտ քաղաքական արձագանքը քառօրյա պատերազմում բացահայտված անվտանգության համակարգի բացթողումներին, անկասկած, կապահովեն երկրի համար զարգացման նոր քաղաքակրթական ուղղություն:

Երկրորդ. Ինչո՞ւ է անհրաժեշտ ժողովրդի վստահության կառավարությունը: Արտահերթ ընտրությունները ոչնչով չեն տարբերվի հերթական շինծու ընտրություններից, եթե պետական վարչական ռեսուրսները շարունակեն մնալ ՀՀԿ-ի վերնախավի ձեռքում: Ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված եռամսյա ժամկետում ընտրական ողջ գործընթացը և վարչական ռեսուրսը դնել այնպիսի կառավարության հսկողության տակ, որի անաչառության նկատմամբ հանրությունը չունի կասկածներ: Սա կարևոր պայման է Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար: Այս եղանակով խնդիրը մեկ անգամ լուծելով` մենք կարող ենք մեր պետության առջև բացել իսկական ժողովրդավարության ճանապարհը:

Երրորդ. Ո՞վ կարող է գլխավորել այդ կառավարությունը: Մենք ունենք մի այնպիսի հանրահայտ անձնավորություն, ով անհերքելի հեղինակություն է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Նա Շարլ Ազնավուրն է, ով Հայաստանի համար ծանր օրերին եղել է մեր ժողովրդի կողքին և անշահախնդիր օգնություն ցուցաբերել: Ազնավուրը կարող է գլխավորել մեր պետությունն արտահերթ ընտրությունների անցկացման փուլում, որովհետև վեր է կանգնած հայաստանյան ներքին քաղաքական պայքարից, ունի մեծ միջազգային աջակցություն ազատ և արդար ընտրությունների խնդիրը լուծելու համար: Չեմ բացառում, որ կարող են լինել նաև այլ արժանի թեկնածուներ, բայց տվյալ դեպքում, գտնում եմ, որ Շարլ Ազնավուրի ներգրավումը լավագույն տարբերակն է Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու համար:

Չորորդ. Ինչպե՞ս հասնել այն բանին, որ Սերժ Սարգսյանը և վաչախումբն ընդունեն քաղաքացիական շարժման պահանջները: Դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ առկա կլինեն առնվազն երեք քաղաքական պայմաններ.

1) Բաղրամյան պողոտան պետք է հասանելի դառնա խաղաղ երթերի ու հավաքների համար, քաղաքացիական շարժումը պետք է վերացնի Ազգային ժողովի և Նախագահական նստավայրի մոտ երթեր ու հավաքներ անցկացնելու` գոյություն ունեցող արգելքը:

2) Ժողովրդի վստահության կառավարության ղեկավարի թեկնածուն պետք է արժանանա հանրության լայն աջակցությանը:

3) Հնարավորինս շատ կուսակցություններ պետք է միանան արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին:

Կարևոր եմ համարել հանրության հետ կիսվել այս մտքերով, որովհետև ժամանակն իրոք սուղ է, իսկ քաղաքացիական շարժման արդյունավետությունից, առանց չափազանցնելու, այսօր կախված է մեր հայրենիքի ճակատագիրը:

Միաժամանակ կոչ եմ անում քաղաքացիներին` ակտիվ մասնակցություն ունենալ սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին: Եկել է ժողովրդի ցասումը մատուցելու պահը»:

Այս խորագրի վերջին նյութերը