Մեկնաբանություն

01.09.2016 00:30


Ալիևը չի ասում, Մելիքյա՛նն է ասում

Ալիևը չի ասում, Մելիքյա՛նն է ասում

«Ադրբեջանը պահանջում է ոչ միայն, այսպես կոչված, ազատագրված կամ իրենց կողմից օկուպացված տարածքները: Ադրբեջանը պահանջում է նաև Լեռնային Ղարաբաղի վերադարձ Ադրբեջանին։ Նա պահանջում է ամբողջը միանգամի՛ց և ուրիշ ոչինչ»: Սա ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի վստահ պնդումն է: Այն, ինչի մասին մի քանի տարի գրում էր մեր կայքը, ասում էին կոմպետենտ մարդիկ և ՀՀԿ-ն դա փորձում էր հերքել՝ անկապ ու անհեթեթ «հիմնավորումներ» նշելով, այսօր ստիպված է խոստովանել իր քարտուղարի միջոցով:

ՀՀԿ ղեկավարի ֆիգուրն ու մտածողությունն, ուղղակի, նվեր են Ալիևի համար: Ադրբեջանի նախագահը չէր կարող չիմանալ, որ Սերժ Սարգսյանն Աղդամն իր հայրենիքը չի համարում (2001 թվական):

Ալիևը, որ Սարգսյանի հետ մասնակցում էր Կազանյան բանակցություններին՝ իր ականջով է լսել վերջինիս կողմից տրված համաձայնությանը՝ ազատագրված շրջանների հանձնման, խաղաղապահների տեղակայման վերաբերյալ, իսկ ԼՂ կարգավիճակի հարցը 500 տարի հետո լուծելու բարիդրացիական մոտեցմանը՝ ավելի քան տեղյակ էր (2011 թվական):

Ալիևը նաև չէր կարող չհետևել հայ-թուրքական քիրվայական գործընթացին, որում Սարգսյանը հանդես էր գալիս նախաձեռնողական դիրքերից և համաձայն էր հակահայկական արձանագրությունների բոլոր կետերին:

Ալիևը չէր կարող չիմանալ, որ ԵՏՄ նիստի ժամանակ Նազարբաևի կողմից ընթերցված իր նամակին Սարգսյանը քար լռությամբ է «արձագանքել»:

Ալիևը չէր կարող չիմանալ, թե Սարգսյանը նշված նիստից հայրենիք վերադառնալուց հետո Ծաղկաձորում երիտբոլշևիկների («Բազե»-ի մասնակիցների) հետ հանդիպման ժամանակ ինչպիսի հայտարարություն է արել: «Ղարաբաղը ՀՀ օրենսդրությամբ և մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ»,- ասել է «Վերջի բոլշևիկը»:

Ալիևը նաև տեղյակ էր Վիեննայից վերադառնալիս օդանավում կազմակերպված ասուլիսի ժամանակ Սարգսյանի արած հայտարարությանը՝ ապրիլյան պատերազմում կորցրած 800 հեկտար տարածքի մասին: Ըստ ՀՀԿ ղեկավարի, այն ռազմավարական նշանակություն չունեցող տարածք էր:

Ալիևին ծանոթ են նաև ՀՀԿ-ական շատ պատգամավորների տեսակետները տարածքները հանձնելու վերաբերյալ: Նաղդալյան Հերմինեից մինչև Մարտիրոսյան Լևոն երկու ձեռքով կողմ են տարածքները հանձնելուն: Իսկ Ալիևը մինչ օրս բառ չի ասել, թե ՀՀ իշխող ուժի և նրա ղեկավարի հանձնողական մտայնությանը ինչպես է վերաբերվում:

Ալիևը չի ասում, Մելիքյա՛նն է ասում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը