Մեկնաբանություն

30.08.2016 09:00


Հոգնած մտքեր

Հոգնած մտքեր

Կարծես արձակուրդ չէր մեկնել: Վերադարձել է ավելի հոգնած տեսքով և առավել հոգնած մտքերով:

Ժամանակին Սերժ Սարգսյանը սեփական անգործությունը, երկիրը կառավարելու անկարողությունը փորձեց բարդել լրատվամիջոցների վրա, որոնք, ըստ նրա, «գաղջ մթնոլորտ են ստեղծում»: Ա՛յ, եթե լրատվական դաշտը «գաղջոտ» չլիներ, ինքը հնարավորություն կունենար երկիրը զարգացնել:

Մի կողմ թողնենք այն, որ լրատվական դաշտի մեծ մասի տարածած «գաղջի» պատվիրատուն հենց ինքն է: Սակայն այդ «գաղջը» նա ներկայացնում էր այնպես, թե, իբր, այդ պատճառով է, որ հանրությունը լրջորեն ու խորությամբ չի ընկալում իր վարած ներքին ու արտաքին «նախաձեռնողական» քաղաքականությունը: Գաղջ մթնոլորտում մարդիկ չեն գնահատում իր «նախաձեռնողականության» բարեբեր «պտուղները»:

Հավանաբար, նաև այդ «գաղջը» վերացնելու համար որոշեց Սահմանադրությունը փոխել: Սահմանադրական «բարեփոխումների» անհրաժեշտությունը հիմնավորելու համար թե ինչպիսի մտքեր էր արտահայտում, դա էլ ենք հիշում: Քաղաքական համակարգի և քաղաքական մշակույթի ձևավորում, կուսակցությունների դերի բարձրացում, մարդու իրավունքներ, ֆլան-ֆստան: Որ այս ամենը բլեֆ էր, և որ նշված խնդիրների վերաբերյալ նրա մոտեցումները մնալու էին նույնը (ավելին՝ քաղաքական մենաշնորհը պահպանելու և ամրապնդելու հարցում ցինիզմը կրկնապատկվեց), դրա ցայտուն դրսևորումը Բաղրամյան 26-ում կազմակերպված ֆոտոսեսիան էր:

Ապրիլյան պատերազմում մարդկային և տարածքային կորուստների առնչությամբ ՀՀԿ ղեկավարի բացատրություններն էլ հոգնած մարդու հոգնած մտքի «արգասիք» կարելի է համարել. կռվում ենք 80-ականների զենքով, իսկ կորցրած 800 հեկտարը ռազմավարական նշանակություն չունեցող տարածք է:

«Սասնա ծռերի» գործողության հետ կապված նրա գնահատականներն էլ հայտնի են. ոչ ոք չի կարող այս երկրում զենքի միջոցով հարցեր լուծել: Ինչից կարելի է եզրակացնել, որ այդ իրավունքը տրված է միայն իրեն ու իշխանությանը: Բնական է, որ պատճառների մասին պետք է լռեր, ինչը նշանակում է, որ ինչ օրի էլ հասցնի երկիրն ու ժողովրդին, բոլորը պետք է սսկվեն ու գլուխները կախ գոյություն քարշ տան: Հիմա էլ դարձյալ անդրադառնալով «Սասնա ծռերին»՝ ասում է, թե այդ մարդիկ իրավիճակը պղտորում են, և հայտնի չէ՝ ում են նրանք ծառայում:

2008-ից մինչ օրս երկրում իրավիճակը պղտորված է այն աստիճան, որ ժողովուրդն արդեն չի կարողանում լողալ «նապոռով» բաց թողած կեղտաջրերի մեջ (ինչի հեղինակը Սերժ Սարգսյանն է). մի մասը խեղդվում է, մի մասը արտագաղթի փրկարար ափ է դուրս գալիս, մի մասն էլ պղտորված իրավիճակից դուրս պրծնելու ելքեր է փնտրում: Ավաղ, տենդագին փնտրտուքներն արդյունք չեն տալիս: Դրա համար էլ ողջունեց ու պաշտպանեց «Սասնա ծռերի» զինված ապստամբությունը: Ուրեմն, եթե լուրջ ընդունենք Սարգսյանի ասածը, կստացվի, որ ժողովրդի մեծամասնությունը ևս անհայտ ուժերի է «ծառայում»:

Ինչևէ: Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետն է լրանում, և այդ ողջ ժամանակահատվածում եթե նա հոգնած չի եղել, ապա դա վերաբերել է նրա անձնական շահերին առնչվող հարցերին: Այդ հարցերում նա մի՛շտ ժիր ու կայտառ է եղել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը