Կարծիք

29.08.2016 11:13


Լոգոյով տուրիստ Հայաստան չես բերի (տեսանյութ)

Լոգոյով տուրիստ Հայաստան չես բերի (տեսանյութ)

Հայաստանի լոգոյի իմաստը ո՞րն է: Վերջին շրջանում «Հայաստանի զբոսաշրջային տարբերանշանը» բուռն քննարկումների առարկա է դարձել: Քննարկումների, որոնց իմաստը ես, անկեղծ, չեմ հասկանում: Ինչպե՞ս այդ լոգոն պետք է գնահատել լավ կամ վատ լինելու տեսանկյունից: Մեզ ասում են, թե «Զբոսաշրջային տարբերանշանի գլխավոր նպատակը օտարերկրացիներին դեպի տվյալ երկիր գրավելն ու հետաքրքրություն առաջացնելն է երկրի պատմական կամ ներկա խորհրդանիշերի միջոցով»: Միգուցե, բայց լոգոյով տուրիստ Հայաստան չես բերի: Դա պարզապես աբսուրդ է, որի վրա ծախսել են 400 հազար եվրո:

Ի՞նչ եք զբոսաշրջիկին ցույց տալու: Գառնու տաճարի գեղեցիկ լուսավորությո՞ւնը, որը տեսնելու համար զբոսաշրջիկը պետք է կյանքը վտանգի՝ գիշերով խորդուբորդ ճանապարհը հաղթահարելով, մի բան էլ այդ լուսավորության համար վճարելով: Խայտառակ վիճակում գտնվող հասարակական տրանսպորտի վիճա՞կն եք փորձում աշխարհին ներկայացնել այդ լոգոյով, թե՞ դեպի Հայաստան տոմսերի աստղաբաշխական գները: Էլ չեմ խոսում Երևանից դուրս գտնվող տեսարժան վայրեր հասնելու բարդությունների և մարզերում համապատասխան ենթակառուցվածքների իսպառ բացակայության մասին:

Հայաստանն, անշուշտ, զբոսաշրջային ահռելի պոտենցիալ ունի: Պոտենցիալ, որն այս իշխանությունները փոշիացնում են՝ ոչ մի լումա չծախսելով զբոսաշրջային ենթակառուցվածքները ոչ թե զարգացնելու, այլ ստեղծելու համար...նստած, բառի բուն իմաստով, «թիթեռ են նկարում», մի բան էլ դա էլ ինքնուրույն չեն կարողանում անել և այդ «թիթեռի» օտարերկրացի մասնագետ են վարձում և ահռելի գումարներ վատնում դրա վրա:

Ինքներդ էլ կարող եք մտածել, թե այդ 400 հազար եվրոն ինչպես կարելի էր ծախսել զբոսաշրջիկ գրավելու համար: Լոգո ստեղծելն էլ այդ տարբերակներից ամենաանհաջողն էր: Չնայած, զարմանալու բան չկա. այս իշխանությունները միշտ էլ բոլոր հնարավոր տարբերակներից իրենք են մտածում վատագույնը, որն իր անարդյունավետությամբ գերազանցում է բոլոր հնարավոր վատ տարբերակները:

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը որոշել են վաճառքի հանել, հիմա էլ լոգո են մտածում, որ գին ավելացնեն:
Զբոսաշրջության զարգացումն, անշուշտ, անհրաժեշտ է. գրագետ մենեջմենթի շնորհիվ այս ոլորտը կարող է մեծ եկամուտներ բերել պետությանը և հասարակ քաղաքացիներին: Բայց այն, ինչ անում են այս իշխանություններն, ուղղակի խայտառակություն է...ծիծաղելի է նույնիսկ: Փորձում են դատարկ թուփի համար գեղեցիկ «ֆանտիկ» սարքեն ու ծախեն «հարիֆ» տուրիստների վրա:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը