Քաղաքական

26.08.2016 19:10


Անդրանիկ Թևանյան. «Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցում ենք «Համախմբում հանուն Գյումրիի» կարգախոսով»

Անդրանիկ Թևանյան. «Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցում ենք «Համախմբում հանուն Գյումրիի» կարգախոսով»

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանի ելույթը Գյումրիի տարածքային կառույցի ժողովում։

. . .

Հարգելի՛ հայրենակիցներ,

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցում է «Համախմբում հանուն Գյումրիի» կարգախոսով։ Ավագանու մեր ցուցակը կգլխավորի Հովհաննես Ասոյանը։

Հարգելի՛ գյումրեցիներ,

Իշխանությունները որոշել են, այսպես ասած, «շուստրիություն» անել և պահմտոցի խաղալ ձեր հետ։ Իրենք հանդես են գալիս մի քանի կուսակցություններով,

-որպեսզի լղոզեն քաղաքական դաշտը,

-որպեսզի ապաքաղաքականացնեն ընտրությունները և դրանք վերածեն ցեղախմբային «ռազբորկաների»,

-որպեսզի դրածոների հետևում թաքցնեն ոմանց ականջները,

–որպեսզի փորձեն մոլորեցնել իրենց քվեին տեր կանգնող մարդկանց և խփեն իրենց ուզած տոկոսը։

Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա նրանց չհաջողվի։

Մենք պետք է «ո՛չ» ասենք դրածոներին, «ո՛չ» ասենք գյումրեցիների կամքին հակառակ շարժվելու ցանկություն ունեցողներին, «ո՛չ» ասենք կեղծիքին ու պնակալեզությանը։

Գյումրեցին պետք է «այո՛» ասի սեփական դիմագիծն ունեցող քաղաքապետին ու ավագանուն, պետք է «այո՛» ասի ինքնուրույն մարդկանց, պետք է «այո՛» ասի արժանապատվությանը։

Գյումրին ռազմավարական նշանակության քաղաք է և պետք է ռազմավարական ուշադրության արժանանա պետության ու աշխարհասփյուռ հայության կողմից։ Հայրենասիրությունը միայն խոսքերով չէ։ Անհրաժեշտ են կոնկրետ քայլեր և քրտնաջան աշխատանք։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Գյումրիի ավագանու ցուցակը փորձի ու երիտասարդության համադրություն է։ Մենք համոզված ենք, որ այս քաղաքում ու ընդհանրապես մեր երկրում սերնդափոխություն է պետք։ Վարվող կուրսի ու դեմքերի փոփոխություն։ Գյումրին պետք է երիտասարդի էներգիայով ժպտա և ուղղի իր մեջքը՝ իր այդ ժպիտով ու հպարտ կեցվածքով օրինակ դառնալով ողջ Հայաստանի համար։ Հայրաքաղաքն իր հայրությունը պետք է անի ու փոփոխությունների ոգին տարածի ամբողջ երկրով՝ նպաստելով Հայաստանում ամբողջական իշխանափոխությանը։

Կամքի, վճռականության, աշխատասիրության, նվիրվածության, սկզբունքայնության և թասիբի շնորհիվ կարելի է հասնել լուրջ արդյունքների։ Մենք պետք է այդ որակները ցույց տանք։

Մենք պետք է ապացուցենք, որ գյումրեցուն հնարավոր չէ խաբել, կաշառել, վախեցնել կամ դարձնել անտարբեր։

Գյումրին աշխարհին չեմպիոններ է տվել ու տալիս։ Պետք է քաղաքականության մեջ էլ նույնն անի ու դառնա Հայաստանի չեմպիոնը և փոփոխությունների դրոշակակիրը։

Առջևում եզրափակիչն է՝ խորհրդարանական ընտրությունը։ Գյումրիի ընտրությունները լավ առիթ են սեփական ուժերը փորձարկելու և վերջնական հաղթանակի հասնելու համար։

Դե ուրեմն, եկեք համախմբվենք, որ հաղթենք։

Այս խորագրի վերջին նյութերը