Քաղաքական

26.08.2016 19:30


Վարդան Օսկանյան. «Գյումրին չի կարող ունենալ դրածո քաղաքապետ և ավագանի»

Վարդան Օսկանյան. «Գյումրին չի կարող ունենալ դրածո քաղաքապետ և ավագանի»

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի ելույթը ՏԻՄ ընտրություններին մասնակցելու կապակցությամբ Գյումրիում տեղի ունեցած ժողովի ժամանակ։

. . .

Չեմ թաքցնում՝ ՏԻՄ ընտրություններին ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մասնակցության մասին որոշումը երկար քննարկումների արդյունք է:

Գաղտնիք չէ, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը խնդիր է դրել հասարակության լայն համախմբման միջոցով առաջիկա խորհրդարանական ընտրություններում փոխելու երկրում վիճակը, վերջ տալու չդադարող անկումների, հուսալքության և բարոյալքման փուլին: Այո՛, ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ, հասարակության և իրական փոփոխությունների ձգտող քաղաքական այլ ուժերի հետ համատեղ, վճռական է նոր էջ բացելու մեր երկրում:

Նորաստեղծ կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններին և հատկապես Գյումրիի և Վանաձորի ընտրություններին մասնակցելու որոշման համար վճռական էր հետևյալ համոզումը՝ առանց էական փոփոխությունների, առանց նոր մոտեցումների, առանց նոր խիզախ քայլերի, առանց մեծ օժանդակության ու խոշոր ներդրումների՝ Գյումրիի և Վանաձորի խնդիրները չեն լուծվելու:

Գյումրիի և Վանաձորի այսօրվա վիճակը միայն Գյումրիի և Վանաձորի խնդիրը չէ: Դա մեր պետության, ողջ հայության խնդիրն է, եթե կուզեք՝ ողբերգությունը, և, միաժամանակ, խայտառակությունը:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ մտնում է ընտրապայքարի մեջ՝ բոլոր թեկնածուների հանդեպ ունենալով հարգանք։ Խնդիրն անձերը չեն: Խնդիրը մոտեցումներն են, հարցերի ամբողջական պատկերացումն ու դրանց ծավալուն և խիզախ լուծումների առկայությունը:

Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:

Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Մեկ շենք ավել կամ պակաս սարքելով, մեկ փողոց ավել կամ պակաս նորոգելով Գյումրիի և Վանաձորի խնդիրները չեն լուծվելու: Դրանք ուղղակի կձգվեն ևս քսան-երեսուն տարի: Մենք պարզապես իրավունք չունենք դա թույլ տալու:

Այս ընտրություններում մենք բոլորս պետք երեք բան լավ հասկանանք․

Առաջին՝ Գյումրին չի կարող ունենալ դրածո քաղաքապետ և ավագանի։ Իշխանություններն ուղղակիորեն կամ թաքուն փորձելու են ունենալ իրենց դրածոյին, որպեսզի պահեն և խորացնեն քաղաքական ու տնտեսական մենաշնորհը, հետևաբար՝ քաղաքացիների կեղեքումը։ Մենք տեսել ենք դրա հետևանքները՝ տնտեսական անկում, գործազրկություն, աղքատության խորացում, հուսալքություն և արտագաղթ։ Գյումրին այլևս չի կարող իրեն թույլ տալ նման բան։ Գյումրիին անրաժեշտ է իր ոգուն, խիզախությանը, արժանապատվությանը, ստեղծագործ մտքին համահունչ ղեկավարություն։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունն՝ ավագանու իր այս կազմով, տալիս է այդ հնարավուրությունը, հայտ է ներկայացնում գյումրեցիներին՝ ընտրելու նրանց։ Նրանք գյումրեցիների նկատմամբ կլինեն անկեղծ և ազնիվ, կնվիրվեն քաղաքի վերածննդին, կզբաղվեն միայն ու միայն գյումրեցիների խնդիրներով։

Երկրորդ՝ Գյումրիի խնդիրները հնարավոր կլինի լուծել միայն համահայկական ջանքերով, ինչպես նաև միջազգային հանրության ներգրավմամբ։ Այստեղ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը նույնպես տալիս է այդ հնարավորությունը։

Արտաքին գործերի նախարար եղած շրջանում Գյումրիի խնդիրները եղել են իմ ուշադրության կենտրոնում։ Ես անձնական ներդրում եմ ունեցել Գյումրիի համար երկու խոշոր ծրագրերի ներգրավման հարցում։ Մեկը Հանթսմանի, մյուսը Քըրքորյանի բնակարանաշինության և դպրոցաշինության խոշոր ծրագրերն էին, որոնք և երկրաշարժի հետևանքների վերացման հարցում էական դեր ունեցան, բայց, ցավոք, շարունակություն չստացան։

Ինչո՞ւ չանել նույնը հիմա: Ես պատրաստ եմ: Ես ձեզ կասեմ 21-րդ դարի հաջողության բանաձևերից մեկը՝ եթե կա լուրջ ծրագիր և վստահություն, գումարը միշտ ճարվում է:

Ես խոստանում եմ անձամբ շրջել ողջ աշխարհով, հանդիպել հայկական բոլոր ազդեցիկ շրջանակների հետ, ներգրավել նաև միջազգային հանրությանը: Ինչու չէ՝ քաղաքի զարգացման նպատակով հրավիրել դոնորների կոնֆերանս: Ներդրողներին առաջարկել արժանի և հետաքրքիր նախագծեր: Եթե մենք հավատանք մեր ուժերին և գնանք մեծ քայլերի ու մեծ փոփոխությունների ճանապարհով, ապա մենք անպայման հաջողություն կունենանք:

Երրորդ՝ ընդդիմության հաղթանակը Գյումրիում սկիզբ կդնի մի գործընթացի, որը 2017թ․ խորհրդարանական ընտրություններին կավարտվի իշխանափոխությամբ Հայաստանում։ Մյուս կողմից էլ, հասկանալի է, որ միայն համապետական մակարդակի փոփոխությունն է, որ հնարավորություն կտա Գյումրիին ու ոչ միայն Գյումրիին զարգանալ ու դուրս գալ այս վիճակից:

Իշխանափոխության հրամայականն ակնհայտ է։ Բոլորս քաջ գիտակցում ենք, որ իշխանությունները սպառել են իրենց, և երկրին անհրաժեշտ է լեգիտիմ ձևավորված իշխանություն՝ նոր գաղափարներով, ծրագրերով և երկրի ապագայի նկատմամբ հավատով։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ստեղծվել է հենց այդ նպատակով․ մենք ասել ենք և շարունակում ենք ասել, որ դառնալու ենք քաղաքական այլընտրանքային բևեռ և հայտ ենք ներկայացնում՝ հավակնելու հաջորդ իշխանությանը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանը մեծ հնարավորությունների երկիր է։ Հայ ժողովուրդն աշխարհով մեկ մեծ ներուժ ունի։ Մենք բոլորս միասին ունենք մեկ հայրենիք։ Պարզապես անհասկանալի և անընդունելի է, որ անկախությունից քսանհինգ տարի անց մեր երկիրն այս վիճակում է։

Գյումրին Իսահակյանի քաղաքն է, Շիրազի քաղաքն է, Մհեր Մկրտչյանի քաղաքն է, Մարիամ Ասլամազյանի քաղաքն է, Արմեն Տիգրանյանի քաղաքն է։ Մեր արհեստավոր վարպետների, արդյունաբերողների, գործարարների քաղաքն է։ Օլիմպիական չեմպիոնների քաղաքն է։ Պատմական Հայաստանի բաբախող սիրտն է։ Արևմտահայաստանի դարպասն է։ Պարզապես անհասկանալի և անընդունելի է, որ երկրաշարժից երեք տասնամյակ անց քաղաքն այս վիճակում է։

Ավագանու ընտրություններին մենք մասնակցում ենք «Համախմբում հանուն Գյումրիի» կարգախոսով:

Փոխենք Գյումրին, կփոխենք նաև Հայաստանը։

Այս խորագրի վերջին նյութերը