Մեկնաբանություն

25.08.2016 08:45


Պետպատվերով ծափ-ծլնգոց

Պետպատվերով ծափ-ծլնգոց

Ծաղկաձորում մեկնարկել է ՀՀԿ-ի կոմսոմոլական հավաքը: Կարեն Ավագյանն ու Արմեն Աշոտյանը դարձյալ իրենց տարերքի մեջ են:

Ապրիլյան պատերազմի օրերին սրանք «իջել էին ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը»: Իսկ հիմա ծափ-ծլնգոցով «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի «զորակոչ» են հայտարարել: Ծաղկաձորում են հավաքել «կալբաս ուտելու եւ պիվա խմելու համար հայրենիքից փախած» (ԼՂՀ նախագահի մամլո խոսնակի բնութագրումն է) երիտասարդությանը (Սփյուռքից), ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի ջահելությանը եւ «համահայկական» լիցքաթափության մեկշաբաթյա խաղ ու պար են անցկացնում:

Հերթով Ծաղկաձոր են այցելում վարչապետը, նախարարները եւ բազեյական կարմիր-կապույտ-նարնջագույնների հետ են հանդիպում: Դե, շեֆն էլ անհայտ ուղղությամբ մեկնել է արձակուրդ՝ այս տարի զրկելով բազեական ջոկատներին իր հետ հանդիպելու եւ իր «իմաստուն» մտքերը լսելու հաճույքից:

Իշխող ուժը հերթական անգամ ջահելությանը «զոնդաժի» է ենթարկում. խոսում են ազգային ինքնագիտակցությունից, եռամիասնությունից, քաղաքական համակարգի մարտահրավերներից ու քաղաքացիական շարժումների կարեւորությունից:

Ապրիլյան պատերազմի զոհերի գերեզմանները դեռ թմբի տեսքով են՝ առանց հուշաքարերի, իսկ բազեականները մարզամշակութային «տրճիկ են տալիս»՝ միաժամանակ լսելով աշոտյանների եւ մյուսների «ռազմահայրենասիրական» ճառերը:

Ապրիլյան պատերազմի նահատակներից շատերն անգամ սեփական տանիք չունեին, ընտանիքներն էլ ապրում են թշվառության մեջ, իսկ հանրապետականներն իրենց կոմսոմոլական հավաքների վրա միլիոններ են վատնում: Բյուջեն էլ է իրենցը, լծակներն էլ են իրենցը, երկիրն էլ է իրենցը, որտեղ եւ երբ ուզենան, հավաք ու քեֆ կանեն՝ այդկերպ շարունակելով «իրականացնել բարեփոխումները»:

Շուտով ՀՀ հարկատուների հաշվին էլ իրենց պարտշկոլան կբացեն ու տարվա բոլոր եղանակներին «դասախոսություններ» կկարդան՝ հիմարացնելով երիտասարդությանը եւ վթարի ենթարկելով երկիրը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը