Կարծիք

24.08.2016 12:21


ՏԻՄ ընտրություններն ուժը ցույց տալու շատ լավ հնարավորություն են

ՏԻՄ ընտրություններն ուժը ցույց տալու շատ լավ հնարավորություն են

Մեր իրականության մեջ ՏԻՄ ընտրություններին մշտապես քիչ ուշադրություն է դարձվում. մարդիկ կարծում են, որ դրանք շատ ավելի քիչ նշանակություն ունեն քաղաքական կյանքում, քան համապետական ընտրությունները: Սակայն դա այդպես չէ. նախ՝ առօրյա կյանքում մենք ավելի շատ ենք առնչվում տեղական իշխանությունների հետ, և հաճախ նրանց է հանձնված կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծումը, մանավանդ մարզերում: Եվ հետո, ՏԻՄ ընտրություններում տարած «հաղթանակներն» են հետագայում իշխանություններին հնարավորություն տալիս հայտնի մեխանիզմների շնորհիվ «տոկոս խփել» համապետական ընտրություններին:

Եվ ուրեմն, հասարակությունն իր հերթին, ընդդիմադիր ուժերն էլ իրենց հերթին պետք է օգտագործեն այս հնարավորութունը մի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններում իշխանությունը վերցնելու և ժողովրդին նորովի ներկայանալու, համապետական ընտրություններից առաջ համբավը բարելավելու, ժողովրդին ոչ միայն խոսքով, այլև գործով ներկայանալու համար, մյուս կողմից էլ դրանով ընդդիմությունը կարող է բարելավել սեփական մեկնարկային դիրքը և սահմանափակել ընտրությունները կեղծելու՝ գործող իշխանության լծակները:

Ուրախալի է նաև, որ այս ընտրություններին մասնակցելու է նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունը: Թեև այն նոր է, սակայն թիմը բոլորիս հրաշալի ծանոթ է, այնտեղ միավորվել են վստահության արժանի մարդիկ, որոնք իսկապես կարող են իրավիճակ փոխել: ՏԻՄ ընտրություններն էլ ուժը ցույց տալու (ոչ հանրապետական իմաստով, իհարկե) շատ լավ հնարավորություն են: Սա կարող է և պետք է դառնա հասարակության լայն համախմբման մեկնարկը: Այն մեզ, իրոք, պետք է, քանզի հակառակորդն ուժեղ է, և ինչպես ցույց տվեց Էրեբունիում և Սարի թաղում տեղի ունեցածը, նա պատրաստ չէ գնալ զիջումների: Ուստի հաղթանակը պետք է նվաճենք բոլորս միասին, ամենքս մեր ուժերի չափով:

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը