Մեկնաբանություն

24.08.2016 00:10


Տկլոր ջանին կատու շալակելու «արվեստը»

Տկլոր ջանին կատու շալակելու «արվեստը»

Որքան արագ, կազմակերպված, նպատակաուղղված զինվում է թշնամին, նույնքան արագ, կազմակերպված եւ նպատակաուղղված ՀՀ իշխանությունները ջանում են զվարճացնել հայ հանրությանը՝ ձեռնարկելով զանազան շոուներ ու գարեջրախորովածային փառատոններ: Կարճ ասած՝ «Տկլոր ջանին կատու շալակելու» պես մի բան են անում:

Անցյալ տարի Քիմ Քարդաշյանի հետ ընթրելու համար ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը խոշոր գումար ծախսեց: Հավանաբար, ընթրիքի ժամանակ պատգամավորը Քիմին բացատրում էր, թե որքան կարեւոր է ազատագրված տարածքների հանձնումը:

Ի դեպ, Քիմի հայաստանյան այցից հետո անցել է մեկուկես տարի, եւ հետաքրքիր է՝ նրա շնորհիվ քանի՞ երկիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը (այդ ծախսաշատ այցը նաեւ մոտիվացվում էր այնպես, որ իշխանությունները Քիմին համարյա սարքեցին Հայ դատի անխոնջ պաշտպան եւ քարոզիչ):

Հիմա էլ Մարտիրոսյանի եղբորը՝ շոումեն Գարիկ Մարտիրոսյանին են «Comedy Club»-ի տղաների հետ բերել Հայաստան՝ Մարզահամերգային համալիրում մեծ համերգով հանդես գալու համար։ Սա էլ ներկայացվում է որպես «պատմական իրադարձություն»՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող շոու-ծրագիր:

«Հայաստանը ծանր օրեր ապրեց այս տարի. ուզում ենք բարձրացնել բոլորի տրամադրությունը։ Ամեն տարի որոշում էինք գալ, բայց չէր ստացվում։ Այս անգամ գրեթե ողջ կազմով ենք եկել։ Հայերի մասին շատ ենք խոսելու այսօր։ Հետաքրքիր, ազատ, զվարթ շոու է սպասվում»,- ասում է Գարիկ Մարտիրոսյանը:

Այո՜, ՀՀ իշխանություններն, իսկապես, «դասեր են քաղում» ապրիլյան պատերազմից, «Սասնա ծռերի» զինված ապստամբությունից՝ «Comedy Club»-ի երևանյան գաստրոլներն ապահովելու միջոցով:

Ի՞նչ վատ է՝ ապրիլին 100 զոհ ենք տվել, հուլիսին՝ 3, ուրեմն, եկեք ծիծաղենք, ծափ տանք ու թռչկոտենք: Երբ «բոլորի տրամադրությունը բարձրանում է», ապա ինքնաբերաբար ՀՆԱ-ն էլ է աճում, տնտեսությունն էլ թափով զարգանում է, արտագաղթը կանգ է առնում, բանակում էլ բահերի թիվն է ավելանում, իսկ զինվորների «մարտական ոգին» թռնում է մինչեւ...

Մի խոսքով, լրիվ Շաշաստան:

Կիմա Եղիազարյան

Հ.Գ.: Ի դեպ, շատ կարեւոր է իմանալ, թե պետբյուջեից որքան գումար են հատկացրել սույն «տրամադրության բարձրացման» ակցիայի վրա: Դե, գումարի չափը կպարզվի «Քլաբի» հեռանալուց հետո, երբ բոլորս «բարձր տրամադրությամբ» կհաշվենք, կգումարենք-կհանենք ու կբացահայտենք, որ այդ գումարով հնարավոր կլիներ, օրինակ, մեր սահմաններում իքս թվով գիշերային տեսասարքեր տեղադրել:

Այս խորագրի վերջին նյութերը